Կաշառք տալուն դրդելու մեջ մեղադրվող փաստաբանը նախկինում եւս օրինականության հետ խնդիր է ունեցել․ նա պահպանում է լռություն

Կաշառք տալուն դրդելու մեջ մեղադրվող փաստաբանը նախկինում եւս օրինականության հետ խնդիր է ունեցել․ նա պահպանում է լռություն

Ազգային անվտանգության ծառայությունը 2 փաստաբանի՝ Ալինա Ավետիսյանին եւ Նելլի Պապյանին, մեղադրանք է առաջադրել։ Նրանք մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝ իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ։ Խոսքը 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի մասին է, որից 6800 դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։ 

Ողջ օրվա ընթացքում փորձում էինք կապ հաստատել փաստաբանների հետ, սակայն հեռախոսազանգերին չէին պատասխանում, իսկ ԱԱԾ-ից էլ հարցերին պատասխան չէին տալիս։

Ավելի ուշ կարողացանք կապվել Նելլի Պապյանի հետ, որը չցանկացավ նշել, թե ինչ խափանման միջոց է կիրառվել իր նկատմամբ։ Նա հրաժարվեց անգամ խոսել մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։

«Ես կպահպանեմ նախաքննության գաղնտիքը, քանի որ նախաքննություն  է իրականանում, չեմ հրապարակի այնպիսի տվյալներ, որոնք կխախտեն նախաքննական գաղտնիքը։ Նախաքննության ավարտին ամեն ինչ պարզ կլինի, կտեսնենք՝ ինչ մեղադրանք է, էս պահին ես ձեզ ոչ մի ինֆորմացիա իրավասու չեմ տրամադրելու, եւ միեւնույն ժամանակ անմեղության կանխավարկածը պահպանելով կսպասենք հետագա գործողություններին»։

Դիտարկմանը, թե ընտրված խափանման միջոցի վերաբերյալ խոսելը նախաքննական գաղտնիք չէ, փաստաբանն արձագանքեց․ «Նախաքննական գաղտնիք է համարվում, իրավասու չեմ որեւէ տեղեկատվություն տրամադրելու։ Եվ ես չեմ պատրաստվում խախտել օրենքը»։

Մեր մյուս հարցին, թե նախկինում օրինականության հետ խնդիր ունեցե՞լ է, պատասխանեց, որ դա վերաբերում է իր անձնական կյանքին․ «Ես չեմ հրապարակի։ Իմ անձնական կյանքի վերաբերյալ ոչ ոք իրավասու չէ առանց իմ թույլտվության հրապարակելու»։

Նա նշեց, որ այս պահին դեռեւս շահերի պաշտպան չունի։

Հիշեցնենք, որ փաստաբաններին բերման էին ենթարկել, ձերբակալել եւ նրանք որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել էին կատարած հանցագործության: