Սա ի՞նչ էր

Սա ի՞նչ էր

Այսօր Երեւանում ընթանում է «Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը, որը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է, մասնակցում են կառավարության ներկայացուցիչներ, հայտնի գործարարներ: 

Փորձենք պարզել, թե ինչ էր դա: Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի բենֆիսը: Չ՜է: Հայաստան-2020-ի ռեինկարնացիա՞. Հայաստան-2041 է երևում աջ կողմում: Բայց Հայաստանն այդքան «կձգի՞»: Վերադարձ դեպի Արարա՞տ: Կարծես տրա­մաբա­նական է: Արարատի լուսանկարը պատահական տեղադրված չէ: Բայց վերադառնանք օտար երկրում գտնվող սարի մոտ, որ ի՞նչ անենք:

Մի րոպե, կարծես, պարզ է: Ձախ կողմում գրված է. «Նախանշելով ճանա­պարհը դեպի ապագա հայկականը»:

Ռուբեն Վարդանյանն ասաց, թե նման հանդիպումներին կառավարությունից ոչ ոք չէր լինում, իսկ այժմ ներկա է էկոնոմիկայի նախարարը: Տրամաբանորեն, նկատի ունենալով այս նախարարի վեհ ձգտումները, խոսք էր գնալու տնտեսության ապագայի, թե՞ ապագայի տնտեսության մասին (դրանց տարբերության մասին ասել է Էլվին Թոֆլերը): Լարվեցի: Բա որ նախարարը խոսի ապագայի տնտեսությունից, ուրեմն բոլոր նրանք, ովքեր թյուր կարծիքի են եղել նրա մասին, պետք է հրապա­րակավ հայցեն նրա ներողամտությունը: Ավա՜ղ, հրաշք չեղավ:

Դրա փոխարեն Ռուբենը խոսեց եզակի պահի մասին, որը հիմա է, այլ ոչ մեկ տարի առաջ: Ահա, թե ինչու պետք է հպարտանալ պարտությամբ. եզակի շանս է առաջացել մեզ համար:
Մոդերատորի եզրահանգումն էր ուշագրավ. «Հայ ժողովուրդը հիվանդ է և չի ցանկանում ապաքինվել»: Իմաստ կա դրա մեջ: Հետո Նուբարը նշում է, թե քանի որ չհավատացինք 2020-ին, այդ պատճառով էլ այսպես ստացվեց: Հիմա, ըստ նրա, եթե չհավատանք 2041 –ին ավելի վատ է լինելու: Սրանի՞ց էլ:

«Հուսադրող» էր Ռուբենի ներկայացրած սոցիոլոգիական հարցման արդ­յունքը. ՀՀ բնակչության 70 տոկոսը բավարարված է, գոհ է այս վիճակով: Թեպետ «մի փոքր» տարբերություն կա 53 և 70-ի միջև, բայց «արժանահավատ» կարելի է համարել նրա ասածը: Այսինքն, սրանք Հայաստանի ապագային հավատացողներն են, իսկ 30 տոկոսը՝ «անհավատներն» են:
Փաստորեն, քննարկումն «Ապագա կա ապագա»-ի լույսի ներքո էր:

Բայց, ամենացնցողը Ռուբեն Վարդանյանի բացահայտումն էր. «Մենք ինքներս շփոթմունքի մեջ ենք, թե ինչ ասել է հայ, ինչ ասել է հայկական արժեհամակարգ: Մենք չգիտենք, թե ով ենք մենք»: Բայց նա ավելի կարևորեց այն հարցը, թե Հայաստանում ապրող եզդին հայ է, թե՞ ոչ: Նա համամիտ չէ, որ միայն հայերը պետք է ապրեն Հայաստանում: Բայց ով է համամի՞տ: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ մի 5 միլիոն, լավ կլինի 10 միլիոն թուրք ապրեր (երեկ Երևանի կենտրոնում հազիվ 3 թուրքի են տեսել, այնպես որ սա էլ իրատեսական չէ): Նա կողմնորոշված չէր, թե ինչի մասին է խոսքը, ազգայի՞ն, թե՞  պետական արժեհամակարգի:
Ընդհանուր տպավորությունն այն էր, որ այդ քննարկման մասնակիցների մեծ մասը կողմնորոշված չէր, թե ինչի մասին պետք է խոսել, կողմնորոշված չէր, թե նման քննար­կումների նպատակը, խնդիրները որոնք են:

Շարադրվածը, կարծես, խրթին ստացվեց: Իսկը քննարկման նման: 

Հ.Գ. Լավ կլիներ հատկապես «հայրենիքը հեռվեն» և վիրտուալ սիրողները գային Հայաստան՝ իրենց կապիտալով ու զարգացնեին, այլ ոչ թե լեզվի վարժանքով զբաղվեին: Տասնամյակներ առաջ դրա մասին է ասել մի թուրք նախարար. «Թող սփյուռքը չհրաժարվի պահանջատիրությունից, թող հայերը գնան իրենց հայրենիք ու զարգացնեն այն»:

Հ.Գ. Ընդհանուր տպավորությունն այն էր, որ սփյուռքահայ մեծահարուստներն ուղղակի ծաղրում են ողբերգություն ապրող և ամենօրյա ռեժիմով նվաստացվող Հայաստանի քաղաքացիներին:

Գագիկ Վարդանյան