Օրենքի թերացո՞ւմ, թե՞ խախտում

Օրենքի թերացո՞ւմ, թե՞ խախտում

Մամուլում երկու օր առաջ գրվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անցել է այլ աշխատանքի՝ «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ում խորհրդատու է նշանակվել։ Իհարկե, դա նորություն չէր մեզ համար, մենք այս թեմայով նրա հետ դեռ հուլիս ամսին էինք զրուցել։ Բայց քանի որ մամուլում նորից արծարծվեց այս թեման, մեր ուշադրությունը գրավեց մի հանգամանք։ Փաստորեն, ՊԵԿ նախագահը, որը նոր է ազատվել պաշտոնից եւ հարկային ու մաքսային ոլորտին առնչվող հսկայական տեղեկատվության է տիրապետում, կարող է մեկ ամիս անց ազատ տեղափոխվել մասնավոր ոլորտ եւ արդեն հակառակ դիրքերից իրացնել իր գիտելիքներն ու ինֆորմացիոն հսկայական բազան։

Սակայն պարզվում է, որ «Հարկային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հարկային ծառայողն իրավունք չունի հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո 3 տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։ Իհարկե, գուցե Անանյանի պարագայում մեզ առարկեն, որ օրենքի այս սահմանափակումը չի վերաբերում Դավիթ Անանյանի ներկայիս գործունեությանը, քանզի նա աշխատանքի է տեղափոխվել իր իսկ հիմնած խորհրդատվական ըկերություն, բայց այստեղ մեկնաբանության խնդիր կա։ Այնուամենայնիվ, Անանյանը հարկայինից տեղափոխվել է մասնավոր ոլորտ, որտեղ պետք է աշխատի հարկայինի հետ, արդեն լրիվ այլ՝ տնտեսվարողների շահերի պաշտպանության դիրքերից։ Թերեւս պետք է օրենքն այնպես գրվեր, որ ՊԵԿ նախագահն աշխատանքից ազատվելուց հետո իրավունք չունենար իր ոլորտին առնչվող գործունեություն ծավալել մասնավոր սեկտորում՝ հաշվի առնելով այն, որ նա տիրապետում է հսկայական տեղեկատվության, գործիքակազմի, կապերի, պետական ապարատում եւ օրենքներում առկա սողանցքների, որոնք կարող է օգտագործել ոչ ի շահ պետության։ Ի դեպ, մենք ժամանակին գրել ենք, թե ինչպես են հարկայինի տարբեր աշխատակիցներ ՊԵԿ-ում աշխատանքից ազատվելուց հետո շատ արագ աշխատանքի անցել մասնավորում՝ այն ընկերություններում, որոնք ժամանակին իրենք էին ստուգում։

Բայց այս խնդիրը միայն ՊԵԿ-ով կամ ՊԵԿ նախագահով չի սահմանափակվում։ Էլ ավելի կարեւոր է ուժային կառույցների աշխատակիցների, առավել եւս՝ ղեկավարների կողմից պաշտոնից ազատվելուց հետո այլ գործունեությամբ զբաղվելու արգելքը, որը Հայաստանում, փաստորեն, չի գործում։ Օրինակ, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնից ազատվելուց հետո անմիջապես մեկնեց Մոսկվա եւ անցավ մասնավոր սեկտորում աշխատանքի՝ «Մոնարխ» ընկերության պահպանության ղեկավարի կարգավիճակում։ ԱԱԾ նախկին տնօրեններն ազատվեցին, մեկը քաղաքականությամբ է զբաղվում, մյուսն ատոմակայանի տնօրեն է նշանակվել։ Նրանք ազատ մեկնում են երկրից դուրս, տարբեր գործունեություն են ծավալում, եւ օրենքով սահմանափակումներ չկան։ Մինչդեռ Ռուսաստանում, օրինակ, ուժային կառույցների ղեկավարներին աշխատանքից ազատվելուց հետո 5 տարի, որքանով տեղյակ ենք, արգելված է մեկնել երկրից դուրս՝ թեկուզ հանգստանալու, կամ դա արվում է հատուկ թույլտվությամբ։ Իսկ Հայաստանում նման սահմանափակումներ չկան։