Սադրանքը չաշխատեց

Սադրանքը չաշխատեց

Երեւում է, Իլհամ Ալիեւը stop է ասել «Արեւմտյան Ադրբեջանի (Երեւանի) հանրապետության վտարանդի կառավարության» ստեղծման գաղափարին, որ մի քանի օր առաջ հնչեցրել էր Թուրքիայի Կեյսարիի համալսարանի պրոֆեսոր Չախմախլին: Այդ թեմայով մի քանի հրապարակումներ էին հայտնվել նաեւ ռուսաստանյան մամուլում: Հայտնի էր դարձել, որ գաղափարի ջատագովներից մեկն էլ Սանկտ Պետերբուրգում բնակվող էթնիկ ադրբեջանցի իրավագիտության դոկտոր է: Ըստ երեւույթին, քարոզչական հարձակումը հետապնդում էր հայկական կողմի արձագանքն ստանալու եւ ըստ այդմ կողմնորոշվելու նպատակ: Եւ երբ պարզ դարձավ, որ պաշտոնական Երեւանը նման դիսկուրսի ներքաշվելու ցանկություն չունի, Բաքվում զգաստացան: Իրավիճակը մեկնաբանել է պատմաբան Քերեմ Մամեդովը:

 Նրա պարզբանմամբ՝ վտարանդի կառավարություն կարող է հռչակվել, եթե տվյալ տարածքում ապրում է տվյալ «պետության իրավազորությունը ճանաչող բնակչություն»: Քանի որ ներկայումս Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ չեն ապրում, ապա «նախ պետք է կենտրոնանալ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին գաղթականի կարգավիճակ տրամադրելու հարցի, այսինքն՝ նրան խնդիրը քաղաքականացնելու վրա»: Հետո, ինչպես Մամեդովն է կարծում, հարկ կլինի լուծել «նրանց հայրենիք վերադառնալու հարցը, որից հետո նրանք պետք է պահանջեն ինքնավարություն»: Սա ադրբեջանական կողմի վաղուց հայտնի մոտեցումն է, որ առաջադրվել էր դեռեւս 1988 թվականին: Որ «վտարանդի կառավարության» գաղափարը շրջանառվել է ԼՂ կարգավորման բանակցություններում լրացուցիչ տարր մտցնելու նպատակով՝ դրանում ոչ մի կասկած չկա: Բայց, ինչպես ասում են, իրականությունը երկսայրի է, եւ հայկական կողմն էլ կարող է բանակցությունների սեղանին դնել Բաքվի, Գանձակի եւ Հյուսիսային Արցախի հայության վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի հարցերը: Ամենայն հավանականությամբ, Բաքվում դա հասկանում են: Եւ իրավիճակից ելք գտնելու համար անցել են պատմական էքսկուրսների: Հայկական կողմը պետք է համարժեք տեղեկատվա-քարոզչական քայլեր ձեռնարկի: Մանավանդ որ Արցախը հանդես է գալիս որպես Արեւելյան Անդրկովկասի հայության իրավունքների պաշտպան: