Եթե դրա կարիքը լինի, կդիմեմ նաև այս կառավարությանը. օպերային երգչուհին՝ լիբանանահայերին օգնելու մասին

Եթե դրա կարիքը լինի, կդիմեմ նաև այս կառավարությանը. օպերային երգչուհին՝ լիբանանահայերին օգնելու մասին

Ծնունդով գյումրեցի, բազմաթիվ միջազգային տիտղոսների դափնեկիր, օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանը այս օրերին խորը ցավ է ապրում: Երգչուհու խոսքով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը  համամարդկայինից բացի, իր համար նաև ինչ-որ առումով անձնական է, քանի որ ամուսինը լիբանանահայ է, ինքն  ու երեխաները՝ Լիբանանի քաղաքացիներ: «Լիբանանը իմ 2րդ հայրենքն է, որտեղ չեմ ծնվել,  բայց այն ինձ հոգեհարազատ է , համոզված եմ՝ այնպես , ինչպես բոլոր հայերի համար, քանի որ գիտեք ՝ Լիբանանը հայության սիրտն է,  և այն թանկ գոհարը, որը ժամանակին  համարվում էր ջարդերից փրկված հայության տուն»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Այնտեղ գտնվող հարազատների, ընկերների, ուսանողների, բոլորի հետ կապ են հաստատել, որպեսզի ճշտեն՝ ինչպես են: Նրանք ողջ եւ առողջ են, բայց սաստիկ վախեցած են: Արևիկ Թանաշեանը վերջին անգամ Լիբանան էր մեկնել 2016 թ.-ին՝ մենահամերգով հանդես գալու: Բարեգործական համերգ տալու նպատակով կարանտինից հետո նույնպես պլանավորել էր մեկնել: Նա  մեկ անգամ չէ , որ հանդես է եկել բարեգործական համերգներով:

Դեռ նախորդ կառավարության օրոք նամակ-խնդրանքով դիմել էր Սփյուռքի նախարարությանը՝  ընդառաջել  իրեն  համերգի կազմակերպչական հարցերում, որի հասույթը  ուղարկվեց Սիրիա՝ տրամադրելու այնտեղի մեր հայրենակիցներին: Մեր հարցին, թե հնարավոր է այս անգամ էլ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես  գա՝ դիմելով ներկայիս կառավարությանը, որպեսզի օգնի  լիբանանահայերին, երգչուհին պատասխանեց, «Ես միշտ կանգնած եմ հայ զինվորի կողքին, ինչպես նաև սփյուռքահայերի կողքին , և յուրաքանչյուր աղետ, ինչը կխոցի հային, աշխարհի որ ծայրում էլ,  որ լինի, ես որպես արվեստագետ, հայ և ամենակարևորը քրիստոնյա, պատրաստ եմ իմ աջակցությունը և զորակցությունը հասցնել :Եթե դրա կարիքը լինի, կդիմեմ նաև այս կառավարությանը, իսկ Բեյութում կատարվածի հետ կապված՝ կուզեի իմ սրտի խոսքը ասել: Ամբողջ աշխարհն ուզում է ռեքվիեմ երգել՝  հրաշք Լիբանանի համար։ Ափսոս, ու հազար ափսոս իմ չքնաղ քաղաք, որքան ցավ ապրեցինք բոլորս, միայն կասեմ սիրելի հայրենակիցներ մենք Ձեր կողքին ենք, աղոթում ենք առ Աստված: Ձեր ցավն ու կորուստը նաև մերն է, քանզի Աստծո զավակն ենք մենք և հավասար ենք նրա աչքին՝ անկախ ազգության և դավանանքի , Ձեզ ծով համբերություն այս դժվարին օրերին»: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն էր որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։ Նախնական տվյալներով՝ զոհվել են  100-ից ավել քաղաքացիներ, վիրավորների թիվը 5000-ը անցնում է: