Իրավական անհեթեթություն

Իրավական անհեթեթություն

Նախորդ հոդվածներիցս մեկում կարծիք էի հատնել, որ նախկինների օրոք Մարդու իրավունքների պաշտպան կարգված Կարեն Անդրեասյանը ժվար թե հարգեր Նիկոլի օրոք գործող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Փաստորեն գնահատականս ճիշտ էր, և այն հաստատվեց կորոնավիրուսի առումով օրերս ընդունված օրենսդրական ակտի բովանդակության վերաբերյալ արդարադատության նախարարության մեկնաբանությամբ: Ըստ այդ մեկնաբանության, որոշակի խմբի ընտրովի և նշանակովի պաշտոնյաններ չեն կարող ազատվել աշխատանքից հակավիրուսային սահմանափակումներ խախտելու դեպքում, քանի որ չունեն ձևական (ֆորմալ) գործատուներ: Դրանք, շարունակենք, պաշտոնի են նշանակվում սահմանադրական ինչ-ինչ մեխանիզմներով և նրանց հնարավոր չէ գործատուի հրամանով ազատել աշխատանքից այն պարզ պատճառով, որ իրեբք գործատու չունեն: Հիշեցնեմ՝ խոսքը բավական մեծ խումբ անձանց մասին էր՝ բարձր կարգի չինովնիկներ, պատգամավորներ, դատավորներ, ավագանիներ և այլն, որոնց դեպքում թեստ հանձնելուց կամ պատվաստվելուց հրաժարվելը չէր հանգեցնում աշխատանքից ազատվելուն:  

Բայց կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանի ենթակա կառույցը փոքրիկ խորամանկություն է բանեցրել: Որպեսզի կենցաղային մակարդակով համոզվենք, որ պաշտոնյաների այդ խումբն իսկապես գործատու ունի, թե ոչ՝ պետք է նայենք նրանց աշխատավարձերի ստացման բլանկներին: Ովքեր են ստորագրում այդ փաստաթղթերը. կառույցի հաշվապահը և … Հենց այդ «և»-ի ներքո թաքնված անձն էլ հենց հանդիսանում է ձևական գործատուն:

Սակայն եթե այդ պարզ մեխանիզմը չի բավարարում նախարար Անդրեասյանին, կառաջարկեմ ավելի բարդ տարբերակը: Ո՞վ է ասենք, ստորագրում Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության ձևաթուղթը: Ենթադրաբար ԱԺ նախագահը: Նրան էլ կարելի է ընդունել որպես ՀՀ նախագահի գործատու: Նույնը նաև ՀՀ վարչապետի ընտրության առումով: Իսկ ո՞վ է ստորագրում հենց ԱԺ նախագահի ընտրության ձևաթուղթը: Ենթադրաբար ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը: Թող նա էլ լինի ԱԺ նախագահի գործատուն: Կարծում եմ, որ խնդիրը կարելի է համարել լուծված: Իսկ ով է ստորագրում ԱԺ պատգամավորների մանդատը: Ժողովուրդը՝ կբացականչեք դուք: Իհարկե, ժողովուրդը մանդատ է շնորհում, սակայն այն ստորագրում է ենթադրաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահը: Իսկ վերջինիս նշանակման որոշումը՝ ԱԺ նախագահը: Ինչ մնում է ավագանու անդամներին, ապա «աշխատանքից» դրանց ազատման հրամանը կարող է ստորագրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ ԿԸՀ-ի նախագահի նմանությամբ: Մնացածների հարցն էլ կարելի է որոշել նույն տրամաբանությամբ: 

Այստեղ կարող է շփոթեցնող հանգամանք լինել միայն դատավորների խնդիրը: Դատավորների պաշտոնի նշանակման հրամանը ստորագրում է ՀՀ նախագահը, բայց նրանց լիազորությունների դադարեցման իրավունքը տրված է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ):  Կարծում եմ, որ այս հարցում իրենց ծանրակշիռ խոսքը պետք է ասեն իրավաբանները: Իսկ եթե, այնուամենայնիվ, չկարողանան՝ կարելի է օգտագործել հանրահայտ «գիր թե ղուշ» տարբերակը: «Գիր»-ը, բնականաբար, կառաջարկեի ԲԴԽ-ի համար՝ նա «սիրում» է թղթեր ստորագրել, իսկ «ղուշ»-ն, անկասկած, կվերապահեի ՀՀ նախագահին՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները՝ օդային անընդհատ ճամփորդությունները:

Բայց եթե արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չընդունի խնդրի լուծման ո՛չ թեթև, ո՛չ բարդ և ո՛չ էլ օդային առանձին տարբերակներից որևէ մեկը, ապա առաջարկում եմ խնդիրը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննությանը: Իհարկե, այնքան էլ հաճելի չէ, որ «ժողովրդի իշխանության» պայմաններում Հայաստանում ծագել է նման անհեթեթ իրավիճակ. ՀՀ Ազգային ժողովը մի հիմար օրենսդրական նորմ է ընդունել, ինչն արդարացնելու նպատակով մեկ այլ անհեթեթություն է հրապարակել արդարադատության նախարարությունը: Բայց գոնե կարող ենք հպարտանալ, որ հենց մեր երկրում է ծագել իրավական անհեթեթ պարադոքսներից մեկը: Մնում է, որ այն ներառվի մայրցամաքային և անգլոսաքսոնական իրավական համակարգերի ձեռնարկներում՝ ի գիտություն ապագա (չէ՞ որ «ապագա կա ապագա») իրավագիտության լուսատուների:

Բայց կա նաև հարցի լուծման հին հունական պոլիսներից Հայաստանի ժողովրդի ժառանգություն ստացած «ագորային» տարբերակը՝ ժամանակին թեստ չհանձնած կամ չպատվաստված անձինք, ովքեր ձևականորեն գործատու չունեն, համապատասխան քայլ են կատարում և ինքնուրույն հրաժարական ներկայացնում: Դա լավագույն օրինակը կլինի ողջ հասարակության համար և մարդկանց առանց պարտադրանքի կստիպի կա՛մ անընդհատ թեստ հանձնել և կա՛մ կրկնակի պատվաստվել: Դրանով կյանքի կկոչվի նաև բոլոր քաղաքացիների իրավահավասարություն սկզբունքը, որն անուղղակիորեն ձևակերպված է ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածում:

Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Բայց սպասեք: Եթե հրաժարական ներկայացնեն, ապա կդառնան գործազուրկ և կրկին խախտելու դեպքում ով և ինչպես է նրանց պատժելու: Չէ՞ որ աշխատանքից ազատելը հենց պատժամիջոց է: Իսկ եթե չի գործում այդ պատժամիջոցը, ապա վարակը կտարածվի ավելի արագորեն, քան դա տեղի է ունենում այս օրերին: Բայց կարող եմ առաջարկել նաև դրա լուծման տարբերակը, որը կիրառվել է միջնադարյան Եվրոպայի երկրներում: Մարդկանց առանձին խմբեր տանից դուրս էին գալիս մտրակով ու անընդհատ սեփական մարմինը ձաղկում էին դրանով: Կարծում եմ, որ դա կարող է լինել հարցի «պոլիսային» լուծման վերջնական տարբերակը: Բայց ենթադրում եմ, որ Հայաստանի քաղաքացիների առանձին խմբերը չեն գնա այդ քայլին: Ի վերջո, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ու բարեբախտաբար միջնադարում չենք ապրում: Հենց բարեբախտաբար, որովհետև իմ այդ խորհուրդը պետք է կիրառեի նաև ինքս իմ նկատմամբ: Որովհետև գործազուրկի կարգավիճակը (սոցապ մարմիններում պաշտոնապես չհաստատված) ես արդեն «վայելում» եմ ավելի քան մեկ տարի: