Արեւմուտքի ուղերձը`ռուս-թուրքական տանդեմին

Արեւմուտքի ուղերձը`ռուս-թուրքական տանդեմին

Այս շաբաթ մի տխրահռչակ ու դատապարտելի իրադարձության` 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյա տարելիցն է: Դժվար է ասել` ապրիլի քսանչո՞րսն է ավելի սարսափելի իրադարձության տարելից, թե՞ մարտի 16-ը: Ապրիլի 24-ն առաջին անգամ 1919 թվականին է նշվել, երբ Առաջին համաշխարհայինի ավարտից հետո Կ. Պոլսում մնացած եւ գաղթի ճանապարհներից վերադարձած հայ մտավորականները հավաքվեցին Պոլիսում՝ ոգեկոչելու Հայոց եղեռնի զոհ դարձած իրենց գրչակից ընկերների հիշատակը: Այդ ժամանակ Փարիզում ընթանում էր Վերսալյան վեհաժողովը, արեւմտահայության շրջանում համարյա ոչ ոք չէր կասկածում, որ Սեւրի դաշնագիրը կստորագրվի, Հայաստանի սահմանները կհաստատվեն, եւ տարագրված հայությունը, ցեղասպանությունից ողջ մնացածները կվերադառնան հայրենիք: 

Երվանդ Օտյանը, օրինակ, 1919-ի ամռանը գրում էր, որ Հայաստանի սահմանները Սեւրի դաշնագրով հաստատվելուց հետո ինքը թողնելու է Պոլիսը եւ Կիլիկիա, Տարսոն տեղափոխվի: Նման ծրագրերի ու պատրաստության մեջ երեւի բոլորն էին, որովհետեւ ո՛չ արեւմտահայության շրջանում, ո՛չ մնացյալ քաղաքակիրթ աշխարհում Սեւրի դաշնագրի կնքմանն ու գործադրմանը գրեթե ոչ ոք չէր կասկածում: Մարդիկ ինչ մտածեին, թե կգտնվի մի այնպիսի տականք պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, որը կլծվի իր արյունակից եղբայրների` թուրքերի փրկության գործին, կֆինանսավորի ու կզինի Աթաթուրքի բոզկուրտներին, որպեսզի  համատեղ արգելափակեն Հայաստանի սեւրյան սահմանների հաստատումը եւ Եվրոպայի ու քաղաքակրթության վերադարձը մարդկության օրրան` Հայաստան: Ռուսների եւ թուրքերի, ռուսական եւ թուրքական պետությունների միջեւ հնարավոր է եւ տարբերություններ լինեն, բայց, վստահաբար, շատ ավելի մեծաթիվ ու զորեղ են նրանց երկկողմ ընդհանրությունները` տափաստանային վայրագ էությունը, սպանդներ սարքելու դյուրությունը, հասարակական հետամնացությունը, Եվրոպայի, ասել է թե` քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված ու նվաստացված լինելու բարդույթը, տարածքային էքսպանսիայի գրեթե կենդանական հակումը:

Ահա, այդ ընդհանրությունների մարմնավորումն է 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, որի հարյուրամյա տարելիցի առթիվ այս շաբաթ համատեղ ռուս-թուրքական միջոցառում կազմակերպվեց Պոլիսում, Թուրքիայի խորհրդարանում: Այնտեղ էլ ռուս-թուրքական տանդեմին միավորող հոգեւոր եւ քաղաքական շահերի մասին գնահատականներ հնչել են, բայց առանձնակի ուշադրության եւ մեջբերման է արժանի մարտի 16-ին ՌԴ ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության եզրափակիչ պարբերությունը. «Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հետեւելը, որն անցած հարյուր տարվա ընթացքում չի կորցրել իր քաղաքական եւ պատմական հրատապությունը, Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների հետագա առաջընթացը զարգացման գրավականն է»:

Ի՜նչ ինքնախոստովանություն… անցած ճանապարհի, արձանագրած առաջընթացի (ի դեմս ռուս-թուրքական տանդեմի՝ Ղարաբաղում հաստատվելու) եւ քաղաքական ու պատմական հանցագործության արդյունքները պահպանելու մտադրությունը բարձրաձայնելու: Վերսալյան վեհաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, երբ փաստարկում էր, թե ինչու պետք է Սեւրի դաշնագրի սահմաններով Հայաստան ստեղծվի, չնայած հայերն այդ տարածքի բնակչության միայն 30 տոկոսն էին կազմում, նա անառարկելի մի փաստարկ էր բերում` հայերը միակ քաղաքակիրթ էթնոսն են Անատոլիայում: Լլոյդ Ջորջի բառերը բացարձակ ճշմարտություն էին ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հարյուր տարի հետո: 

Ռուս-թուրքական վայրագ տանդեմի խնդիրը հենց քաղաքակրթության հետ է: Դրականը միայն այն է, որ եթե հարյուր տարի առաջ Հայաստանի մանդատը վերցրած ԱՄՆ-ն միջազգային հարթակում նոր հաստատվող պետություն էր, ապա այսօր ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է, որի մոտ խիստ համեստ երկրներ են ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ առավել եւս՝ Թուրքիան: Ու փառք Աստծո, որ երկուսի հարաբերություններն էլ ԱՄՆ-ի հետ օր-օրի վատթարանում են: 

Այնպես որ, շատ էական էր, խորհրդանշական եւ խոսուն, որ 1921-ի մարտի 16-ի տխրահռչակ պայմանագրի կնքման հարյուրամյակի օրը Հայաստան էր ժամանել եւ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ էր ունենում Եվրոպայի հասկացությունն ու տարածքը խորհրդանշող կառույցի` ԵԱՀԿ-ի գործող նախագահը: 

Հասկանալի է, ԵԱՀԿ-ի գործող նախագահը` Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն, Հարավային Կովկաս էր ժամանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի վերսկսումն ազդարարելու համար: Սակայն ԵԱՀԿ-ի նախագահի խորհրդանշական եւ նույնիսկ օպտիկայի մակարդակում արդեն ամեն ինչ ասող ներկայությունը Հայաստանում ռուս-թուրքական տանդեմի ամենամեծ ձեռքբերման հարյուրամյակի օրը բացահայտ ազդակ է Անկարային եւ Մոսկվային, որ հարյուր տարի հետո աշխարհը միանգամայն այլ է: Եվրոպան կանգնած է Հայաստանում, եւ ռուս-թուրքական տանդեմը թող դրանից հետեւություններ անի: 

Թեեւ տիկին Լինդեի այցի արդյունքների մասին դեռ Վիեննայից, ԵԱՀԿ կենտրոնակայանից հաղորդագրություններ չեն տարածվել, թվիթերյան գրառումներից դատելով, որ Լինդեն կատարում էր Ադրբեջանից եւ Հայաստանից, բոլոր հանդիպումներում իր կողմից ասվել եւ կրկնվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվանում է, եւ ԼՂՀ խնդիրը կարգավորվելու է Մինսկի խմբում: Դա վատագույն իրականությունն է Իլհամ Ալիեւի համար, ինչով էլ բացատրվում են նրա ամենօրյա ռեժիմով դատարկախոսությունները ԼՂՀ խնդիրը լուծած լինելու մասին: Եթե ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները հայկական վերահսկողության տակ գտնվելիս խնդիրը լուծված չէր, ապա վերահսկողության փոփոխությունից այն ինչպե՞ս է լուծվում։ Պարզ է, որ ոչ մի կերպ: Եթե ԼՂՀ խնդիրը դույզն-ինչ լուծված լիներ, ոչ թե ավելի բարդացած, Ալիեւն ամենօրյա ռեժիմով դատարկախոսելու այդքան կարիք կունենա՞ր: