Չէր եղել դեպք, որ միջուկային պետության մայրաքաղաքն ուղղակի հարվածների ենթարկվեր

Չէր եղել դեպք, որ միջուկային պետության մայրաքաղաքն ուղղակի հարվածների ենթարկվեր

Երեկ երկու անօդաչու հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շենքերի, բարեբախտաբար, զոհեր չկան։ Նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ տեղեկացրել է, որ հակաօդային ուժերի կողմից մի քանի ԱԹՍ է խոցվել: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ռուսաստանի օդը հասանելի է դառնում հակառակորդի ԱԹՍ-ների համար։ Այս մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի երկինքը հասանելի դարձավ ԱԹՍ-ների համար։

- Ես չեմ կարող մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմը, ուղղակի կարող եմ ասել, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այնպիսին են, եւ պատերազմն ընթանում է այնպիսի սահմանափակումներով, որ երկու կողմն էլ ոչ բոլոր զինատեսակներն են կարող կիրառել, որովհետեւ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։ Այսինքն՝ այդ զսպող գործոնները, ամեն դեպքում կարծում եմ՝ կան, եւ տպավորությունս այնպիսին է,որ կողմերից որեւէ մեկը չի էլ ցանկանում մեծացնել տրամաչափը, այսինքն՝ կատարել գործողություններ, որոնք կարող են վերածվել համաշխարհային պատերազմի։

- Ռուսաստանի՝ ուկրաինական ճակատում խրված լինելը բացասաբար է ազդում նաեւ մեզ վրա։ Որքանո՞վ են փոխկապակցված Ալիեւի ագրեսիվ սպառնալիքներն ու Ռուսաստանում տիրող այս իրավիճակը, եւ ի՞նչ զարգացումներ պետք է սկսել։

- Կարծում եմ, որ իսկապես այդ հարցերն անմիջականորեն փոխկապակցված են, եւ որքան Ռուսաստանի դիրքերը թուլանան, կամ որքան Ռուսաստանն ավելի խրվի այդ իրավիճակում, այնքան կմեծանա մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությունը, որովհետեւ հավաքական Արեւմուտքը կցանկանա օգտվել առիթից եւ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում՝ նպատակ ունենալով մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին՝ առաջին, եւ երկրորդ՝ ավելի հարմար պլացդարմ ստեղծել՝ Իրանին հարվածելու համար։

- Եվ այս իրավիճակում Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ամեն պահի կարող է դադարեցնել իր մասնակցությունը ՀԱՊԿ ֆորմատում։

- Դա գնահատում եմ որպես արկածախնդրություն, որովհետեւ չի կարելի դուրս գալ մի անվտանգային համակարգից, որովհետեւ այլընտրանքը չկա։ Ավելին, եթե այլընտրանքը երեւութական մեզ որեւէ երաշխիք չի տալիս։ Այլ պարագայում, ավելի խաղաղ, ավելի կայուն պարագայում գուցե իմաստ ունենար այդ հարցը քննարկել, բայց մեր իրավիճակում դա անգամ քննարկելի չէ, որովհետեւ դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել։

- Փաստորեն, մնացել ենք մենակ մեր թշնամիների դեմ՝ չունենք դաշնակիցներ, բարեկամ երկրներ։ Ինչպե՞ս ենք հաղթահարելու ստեղծված իրավիճակը։

- Ես համաձայն չեմ, որ մենք չունենք դաշնակիցներ եւ մնացել ենք մենակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով կոնկրետ այդպես է։ Բայց ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունները թույլ են տալիս ասել, որ Հայաստանը սկզբունքային հարցերում ունի դաշնակիցներ։ Օրինակ՝ իր տարածքային ամբողջականության հարցում, օրինակ, Արցախում հայկական բնակչության անվտանգության հարցում մենք ունենք դաշնակիցներ, նույնպես օբյեկտիվորեն ձեռնտւ է դա, այլ հարց է, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը տանում են այլ ուղղությամբ։ Այդ երկու առանցքային հարցերում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը դաշնակիցներ են, որովհետեւ շահերը համընկնում են։ Բայց եթե Հայաստանն անվտանգային այդ վեկտորն անտեսում է եւ փորձում է փոխել անվտանգային վեկտորը, ստացվում է, որ իսկապես էլ Հայաստանը տարածաշրջանում ընկալվում է որպես օտար տարր եւ որեւէ դաշնակից չունեցող։ Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ պետության արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում մենք կարող ենք ունենալ լուրջ դաշնակիցներ եւ անվտանգության երաշխիքներ։

- Հնարավո՞ր է, որ Արեւմուտքը շարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային, Ռուսաստանն այնքան թուլանա, որ առաջանա պառակտման, փլուզման վտանգ, ու ՌԴ իշխանությունները դիմեն միջուկային զենքի օգնությանը։

- Ցավոք սրտի, ես դա չեմ կարող բացառել, որովհետեւ ինչ-որ պահի, եթե Ռուսաստանը տեսնի, որ այլընտրանքը երկրի քայքայումն է, մասնատումն է, մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կգնա այդ քայլին։ Եկեք ամեն դեպքում հաշվի առնենք, որ սա իսկապես աննախադեպ վիճակ է, որովհետեւ մինչեւ հիմա՝ մարդկության պատմության ընթացքում չէր եղել դեպք, երբ միջուկային պետության մայրաքաղաքն ուղղակի հարվածների ենթարկվեր։ Եթե իրադարձությունները զարգանան այս տրամաբանությամբ, եթե Ռուսաստանը վտանգ զգա, որ երկիրը կարող է քայքայվել, մասնատվել եւ ի վերջո վերանալ, կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները, առանց աչք թարթելու, միջուկային զենք կկիրառեն, որովհետեւ դեռ մի քանի տարի առաջ էր Վլադիմիր Պուտինը հայտարարել բառացիորեն, որ եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի՝ աշխարհը կվերանա, բայց ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ «Ռուսաստան» անունով պետություն չլինի։ Սա լուրջ ազդակ պիտի լինի աշխարհի համար, որ, ամեն դեպքում, պետք է զսպել իրավիճակը եւ ոչ թե գնալ էսկալացիան խորացնելու ճանապարհով։

- Սակայն Արեւմուտքը կարծես թե հետքայլ անելու մտադրություններ չունի։

- Այո, հետ չի կանգնում, դրա համար էլ իրադարձությունները վտանգավոր զարգացումներով են առաջ գնում։ Կարող է լինել ինչ-որ պահ, երբ դա հանգեցնի աղետալի հետեւանքների, դրա համար պետք է գնալ էսկալացիայի թուլացման ճանապարհով։ Ես հասկանում եմ, որ Արեւմուտքն արդեն հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել այս պատերազմի վրա։ Ավելին, հազիվ գտել են երկիր, որը պատրաստ է պատերազմել Ռուսաստանի դեմ, եւ այդքան հեշտությամբ չեն հրաժարվի այդ հնարավորությունից։ Սա է պատճառը, որ չեմ կարծում, թե այս հակամարտությունն արագ լուծում ունի, այսպես թե այնպես՝ սա շատ տեւական հակամարտություն է լինելու, իսկ տեւական խաղաղության ակնկալիքներ առանձնապես չունեմ, ուղղակի հույս ունեմ, որ ամեն դեպքում ողջամտությունը կհաղթի, եւ ինչ-որ պահի կողմերը պարզապես կպայմանավորվեն՝ ձեռնպահ մնալ միջուկային զենքի կիրառումից։

- Արեւմուտքի նպատակը ո՞րն է՝ պառակտե՞լ Ռուսաստանը, թուլացնե՞լ, ոչնչացնե՞լ։

- Հավաքական Արեւմուտքը ձգտում է միաբեւեռ աշխարհի, եւ Արեւմուտքի այդ ձգտման ճանապարհին երկու հիմնական խոչընդոտ կա՝ Ռուսաստանը, եւ ավելի լուրջ թիրախ՝ Չինաստանը։ Կարծում եմ՝ Արեւմուտքի նպատակը սա է։ Նպատակը Ռուսաստանը թուլացնելն է, ռեսուրսներին տիրելն է եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ սա այն է, ինչ տարիներ շարունակ, տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ եղել է։ Այս առումով որեւէ նոր բան չկա, նորը զինատեսակներն ու տեխնոլոգիաներն են, որոնք ավելի վտանգավոր են դարձնում իրավիճակը հիմա։