Մի անգույն լուսանկար, երկու գունեղ տապալում

Անցած շաբաթ Վաշինգտոն զբոսանքի մեկնած Նիկոլ Փաշինյանի միակ ձեռքբերումն ակնհայտորեն եղավ ԱՄՆ փոխնախագահ Ջի․ Դի․ Վենսի հետ լուսանկարվելը։ Լուսանկարվելուց բացի, նաեւ որեւէ հարցի քննարկում եղել է, թե ոչ՝ առաջիկայում կերեւա։ Սակայն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Փաշինյանը Սպիտակ տուն չի հրավիրվել եւ այնտեղ ընդունելության չի արժանացել։ Նույնիսկ նախկինում տարբեր ուղեգորգերի վրա Թրամփի կողքերը քայլած եւ Թրամփի ֆոնին լուսանկարներն իր պաշտոնական կայքում տեղադրած Փաշինյանն այս անգամ ձեռնածությունների մեջ այդքան հեռու չի գնացել, որ ասի, թե իրեն Սպիտակ տանն ընդունել են։ Ընդունելը ենթադրում է նախապես պայմանավորվածություն, ժամ եւ վայր, պետական խորհրդանիշներ, քննարկվող օրակարգ, հանդիպման մասին լրատվություն եւ այլ ատրիբուտներ։ Ոչ միայն Սպիտակ տան կայքում չկա որեւէ նշում Փաշինյանի՝ Վենսի հետ հանդիպման մասին, այլեւ փոխնախագահ Վենսը սոցիալական ցանցերի իր գրառումներում տառ անգամ չի գրել Նիկոլ Փաշինյանին ընդունելու, հանդիպելու մասին։
Այդ դեպքում ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հայտնվել Սպիտակ տանը եւ լուսանկարվել։ Առավել հավանական բացատրությունն այն է, որ Փաշինյանը, որպես White House Visit Tour-ի այցելու, 45 րոպեով մուտք է գործել Սպիտակ տուն եւ այդ 45 րոպեանոց շրջայցի ընթացքում էլ ծանոթացել, մի սենյակում մի քանի բառ է փոխանակել Ջի․ Դի․ Վենսի հետ։ Ի դեպ, հենց հանգամանքը, որ մի լուսանկար է տարածվել ոտքի վրա այդ շփումից եւ ոչ մի տեսանյութ, անուղղակի խոսում է Visit Tour-ի հավանականության մասին, որովհետեւ նման շրջայցերի ժամանակ արգելվում է տեսանկարահանել, կարելի է միայն լուսանկարվել, ինչն էլ արվել է։ Համեմատության համար` ընթացիկ շաբաթվա վերջին Վենսը ժամանում է Մյունխեն՝ մասնակցելու Մյուխենյան անվտանգության համաժողովին,եւ արդեն ողջ աշխարհը գիտի, որ այդտեղ կայանալու է Վենս-Զելենսկի հանդիպում։ Փաշինյանի հետ հանդիպման մասին որեւէ տառ ամերիկյան լրատվական դաշտում չի հաղորդվել։
Ինչեւէ, Սպիտակ տանը Փաշինյանի հանդիպման հանգամանքներն առաջիկայում կիմացվեն: Առայժմ տեսնենք, թե ինչ արդյունք եղավ այն երկու միջոցառումներում, որոնց մասին հականե-հանվանե նշվել էր, թե Փաշինյանը պատրաստվում է մասնակցել IRF գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին։
Capitol Hill-ո՞ւմ, թե՞ Hilton Hotel-ում
Ի՞նչ է Ազգային աղոթքի նախաճաշը, որին մասնակցելու համար մի ամբողջ շաբաթ Վաշինգտոնում ժամանակ սպանեց Նիկոլ Փաշինյանը։ Սա մի միջոցառում է, որն առաջին անգամ ԱՄՆ մայրաքաղաքում կազմակերպվել է 1953-ին։ Ամբողջ մի օր, երբեմն նույնիսկ երկու օր տեւող հանդիպումների, քննարկումների, ճաշկերույթների շարք է, որը սկսվում է աղոթքի նախաճաշով, որի ընթացքում ներկաներին դիմում է ԱՄՆ նախագահը։ Առաջին անգամ 1953-ին նախագահ Դուիթ Էյզենհաուերն է հանդես եկել Աղոթքի նախաճաշին, որն այն ժամանակ կոչվել է Նախագահական աղոթքի նախաճաշ։ Այդ տարվանից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները մասնակցում են ամենամյա այդ միջոցառմանը, որ 1970-ականներից վերանվանվել է Ազգային աղոթքի նախաճաշ։ Միջոցառումը տասնամյակներ շարունակ անցկացվում է Վաշինգտոնի Hilton Hotel-ի պարասրահում, որը հնարավորություն ունի մինչեւ 3-4 հազար հրավիրյալ հյուրընկալելու։ Տասնամյակների ընթացքում անխախտ է մնացել միայն Աղոթքի նախաճաշի անցկացման օրը՝ այն նախագահական կոչվի, թե ազգային, Hilton Hotel-ում անցկացվի, թե 2023-ից՝ նաեւ Capitol Hill-ում, ամեն տարի անխախտ կերպով միջոցառումն անցկացվում է փետրվար ամսվա առաջին հինգշաբթի օրը։
Ահա, այս տարի փետրվարի 6-ին անցկացվող Ազգային աղոթքի նախաճաշին ներկա գտնվելու համար էլ Փաշինյանը մեկնել էր ԱՄՆ, երեւի, Բրեժնեւի մասին խորհրդային անեկդոտի նմանությամբ՝ դահլիճում Թրամփին հանդիպելու հաշվարկով։ Սակայն այս անգամ կարծես չհաջողվեց` Թրամփի ֆոնին Փաշինյանի լուսանկար չտարածվեց, ինչպես 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղեգորգի վրա արված կադրը։ Առհասարակ, որեւէ լուսանկար Ազգային աղոթքի նախաճաշից, որին Փաշինյանն իբր մասնակցելու էր, չտարածվեց։ Մինչդեռ էական է հասկանալ` այդ նախաճաշին Փաշինյանն իրո՞ք մասնակցել է եւ որտե՞ղ՝ Capitol Hill-ո՞ւմ, թե՞ Hilton Hotel-ի պարասրահում։ Խնդիրն այն է, որ 2023-ից Ազգային աղոթքի նախաճաշի միջոցառումը կարծես երկու դրվագով է կազմակերպվում, նախ՝ Capitol Hill-ում, այսինքն` ԱՄՆ Կոնգրեսի շենքում, որին մասնակցում է ամերիկյան քաղաքական էսթաբլիշմենթը՝ կոնգրեսականներ, սենատորներ, վարչակազմ, զինվորականություն, հոգեւորականներ, բարձրաստիճան օտարերկրյա հյուրեր՝ մի քանի հարյուր անձ, այնուհետ տեղի է ունենում Ազգային աղոթքի նախաճաշի ավանդական միջոցառումը Hilton Hotel-ում՝ արդեն 3-4 հազար անձի մասնակցությամբ։ Եթե պարզվի, որ Փաշինյանին չեն հրավիրել Capitol Hill-ի միջոցառմանը, եւ մնացել է Hilton Hotel-ի 3 հազար հյուրերի շարքում, դա Փաշինյանի եւ իր այցի ֆիասկոն կլինի։
Թրամփի՝ գնահատման արժանի քայլերը
Թե Փաշինյանը որտեղ է մասնակցել Ազգային աղոթքի նախաճաշին, դեռ կտեսնենք, սակայն այդ նախաճաշի միջոցառումներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն առանձնակի ուշադրության է արժանացել մի դրվագով։ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրում ԱՄՆ գլխավոր դատախազի մակարդակով աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, որի խնդիրն է լինելու «anti-Christian bias»» «հակա-քրիստոնեական կողմնակալությունն» արմատախիլ անելն ԱՄՆ պետական համակարգից, քրիստոնյաների դեմ բռնություններն ու վանդալիզմը խստիվ հետապնդելը եւ քրիստոնյաների ու հավատացյալների իրավունքների պաշտպանության համար երկինքն ու երկիրը ցնցելը։ Սա երեւի երրորդ քայլն է, որի համար Թրամփին պետք է արժանին մատուցել՝ անկախ նրանից, թե ուրիշ ինչ հիմարություններ է ասում կամ անում։
Առաջինը․ Թրամփը վերջակետ դրեց ցնորամտությանը, թե տղամարդուց եւ կնոջից բացի այլ մարդկային սեռ կարող է գոյություն ունենալ։ ԱՄՆ-ում այլեւս միայն ծայրահեղ դեպքերում են թույլ տրվելու սեռափոխության վիրահատություններ, եւ այդ սեռափոխվածներին էլ արգելվեց կանանց սպորտին խառնվելը, բանտերի կանացի բաժանմունքներում լինելը եւ այլն։
Երկրորդ․ Թրամփն ԱՄՆ պետական համակարգից քրեական հետապնդման ապառնալիքով հեռացրեց DEI agent-ներին (բազմազանության, հավասարության, ներառականության հարցերով աշխատակիցներին), քանի որ նրանց գործը զգալի մասով ֆիզիկական, հոգեկան եւ մտավոր խեղվածներին հովանավորելն է, ինչի վերջնարդյունքը սպառնում է լինել ոչ այնքան հումանիզմը, որքան անհատի եւ հասարակության դեգրադացիան։
Երրորդ․ Թրամփը քրիստոնեության պաշտպանությունը դարձրեց պետական քաղաքականություն՝ քրիստոնեության դեմ ցանկացած ոտնձգություն հետապնդելու եւ արմատախիլ անելու ուղեգծով եւ հրահանգով։ Կատարելապես ճիշտ քայլ է, որովհետեւ քրիստոնեությունն է հոգեւոր, բարոյական եւ մտավոր առումով կերտել մարդուն եւ մարդկությանը։ Առանց քրիստոնեության աշխարհը կլիներ կենդանաբանական այգի, ինչպեսեւ կա բազմաթիվ վայրերում` նույնիսկ մեր օրերում։ Քրիստոնեության պաշտպանությունը ժամանակի մեջ սպասելի է, որ ներթափանցի նաեւ ԱՄՆ արտաքին քաղաքականություն։ Թեեւ ինձ թվում է՝ ISIS-ի առաջանալուց եւ ոչնչացվելուց հետո դա արդեն ԱՄՆ քաղաքականության ուղեգիծ էր դառնում։ Թրամփի հրամանագրից հետո ուղեգիծը պետք է որ շեշտակի ընդլայնվի։
Փաշինյանի անգետ եւ թույլ խոսքը IRF-ում
Ազգային աղոթքի նախաճաշից առաջ՝ փետրվարի 5-ին, Փաշինյանը մասնակցել էր IRF-ի (Միջազգային կրոնական ազատության) գագաթնաժողովին։ Արդեն գրել ենք, որ դա եռօրյա միջոցառում էր, փետրվարի 3-5-ը տեւող։ Փաշինյանի մասնակցությունն այդ` առանց այն էլ ՀԿ-ական մակարդակի միջոցառմանը եղել է վերջին օրը՝ փետրվարի 5-ին։ Ինչպես միշտ, Փաշինյանը նորից` «խայտառակել ռեսպուբլիկա»։ Երեւի վաղուց արդեն հնարավոր էլ չէ պատկերացնել մի իրադրություն, որտեղ Փաշինյանը խոսի, եւ խայտառակությունից տարբերվող արդյունք լինի։
IRF գագաթնաժողովում էլ նա տարրական դպրոցի աշակերտի մակարդակի խոսք է ասել Հայաստանի եւ քրիստոնեության մասին։ IRF-ի ելույթից դատելով՝ Փաշինյանը չգիտի, որ մեր եկեղեցու պաշտոնական եւ ճիշտ անվանումն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, եւ այդպես պետք է արտասանվի։ Երեւում է՝ նա լսել է, որ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում չարչարանքների է ենթարկվել, սակայն չգիտի (կամ չի համարձակվում բարձրաձայնել), որ Լուսավորիչը Վիրքում, Աղվանքում, հայոց Միջագետքում եւ այլուր քրիստոնեություն տարածելուց հետո կյանքի վերջին տարիներին առանձնացել եւ մենության մեջ ճգնել է Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, որն Արեւմտյան Հայաստանում է, Երզնկայի մոտ, այսօրվա Թուրքիայի տարածքում։
Ըստ մեկ այլ ավանդության, Լուսավորիչը մահկանացուն կնքել է, եւ նրա մասունքներն ամփոփվել են Մուշի Սուրբ Կարապետ վանքում, որը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու երկրորդ գլխավոր սրբավայրն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետո։
Հետեւաբար, երբ քրիստոնեության ակունքների, քրիստոնյա Հայաստանի, Գրիգոր Լուսավորչի կյանքի հետ կապված սրբավայրերին ծանոթանալու համար Փաշինյանը IRF-ի հյուրերին հրավիրում էր Հայաստան, պետք է բարեհաճեր տեղեկացնել մարդկանց, որ այդ ամենի հետ ծանոթանալու համար պետք է այցելել ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետություն, այլեւ ներկայիս Թուրքիա, որի սահմաններում է հայտնվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով սահմանագծված Արեւմտյան Հայաստանը՝ իր հայկական քրիստոնեական ժառանգությամբ։ Իհարկե, հարկ էր նաեւ լրացնել, որ հայկական ազգային եւ քրիստոնեական ժառանգությունը սփռված է Վերսալյան վեհաժողովում գծված սահմաններից շատ անդին՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի, Կիլիկիայի ողջ տարածքում՝ Հաթուշայից մինչեւ Այաս, Ադանա ու Մծբին, եւ այդ ամենը կարոտ է միջազգային մշակութային կրոնական կառույցների, այդ թվում՝ IRF-ի ներգրավման, հոգածության եւ պահպանության։
Կամ՝ IRF-ի ամբիոնից ասե՞լ է, որ 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել Ամարասը, Գանձասարը, Ծիծեռնավանքը, Դադիվանքը եւ այլն, որոնք 4-5-րդ դարերից եկող հայկական քրիստոնեական անգնահատելի սրբավայրեր են։ Շնորհակալություն հայտնե՞լ է IRF-ին՝ 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո ԱՄՆ կոնգրես եւ սենատ ներկայացված օրենսդրական նախագծի համար, որով դատապարտվում էր Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, եւ ԱՄՆ վարչակազմից քայլեր էին պահանջվում՝ կատարվածի հետեւանքները կանխելու, մեղմելու ուղղությամբ։ Ոչ, ոչինչ չի ասել։
Փոխարենը ասել է, թե ինքը մտածում է Հայաստանում հեծանվավազքի մրցաշար կազմակերպել, եւ IRF-ի հյուրերին հրավիրել է մասնակցելու։ Ի՜նչ ասես․․․ հերթական՝ «ռեսպուբլիկայի խայտառակումը»։
Կարծիքներ