Ինչ է թաքնված այս երկակի ստանդարտի տակ

Ինչ է թաքնված այս երկակի ստանդարտի տակ

Մոտ մեկ շաբաթ հայ հանրությունը ցնծության մեջ էր՝ վերջապես Քաղավիացիայի պետին՝ Տաթեւիկ Ռեւազյանին հաջողվեց Հայաստան բերել առաջին լոուքոսթերը, ինչի մասին վաղուց էր խոսվում։ Իսկ նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքեց այն լուրերը, թե մեր պետական բյուջեից գումարներ են վճարվելու իռլանդական ավիաընկերությանը։ Բայց մասնագետները տարակուսած են՝ ինչո՞ւ է ԵՄ-ն Հայաստանում գումար տալիս Ryanair-ին, իսկ Ֆրանսիայում արգելում է ֆինանսավորում ստանալ. ի՞նչ է թաքնված այս ամենի ետեւում:

Հիշեցնենք․ Տիգրան Ավինյանն էր խոստովանել, որ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել որոշակի միջոցներ հատկացնել իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությանը, որոնք հիմնականում մարքեթինգային գումարներ են լինելու: Բանն այն է, որ մեկ տարվա քննության արդյունքում պարզվել էր, որ 2010-2017 թվականների ընթացքում Զբոսաշրջության եւ տնտեսական հոսքերի խթանման ասոցիացիան (APFTE) նշված ավիաընկերությանը 8,5 միլիոն եվրո էր տրամադրել` տվյալ տարածաշրջանի ճանաչելիության ավելացման եւ մարքեթինգային ծրագրեր իրականացնելու նպատակով: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ մարքեթինգային այդ ծառայությունն իրականում պայման է եղել Ryanair-ի գործունեությունը Montpellier օդանավակայանում պահպանելու համար: Այս բացահայտումից հետո Եվրահանձնաժողովը Ryanair ավիաընկերությանը պարտավորեցրել է Ֆրանսիային վերադարձնել 8,5 միլիոն եվրո ապօրինի օգնությունը։ Իսկ, չգիտես ինչու, Հայաստանում պատրաստակամություն է հայտնել ավիաընկերությանը գումարներ հատկացնել: Ինչպե՞ս է ստացվում, որ մի երկրում ԵՄ-ն անընդունելի է համարում նման քայլը, իսկ Հայաստանում անգամ պատրաստ է ինքն աջակցել դրան:

Եվ վերջապես՝ արդյոք նույն Եվրոպական միությունը պատրա՞ստ է գումար հատկացնել հայկական, ասենք, «Տարոն-Ավիա» ավիաընկերությանը, թե՞ ԵՄ-ն միայն եւ միայն պատրաստ է օգնել եվրոպական ավիաընկերություններին, այլն էլ՝ խտրական մոտեցմամբ: