Ինչ տպավորությամբ են Հայաստանից մեկնելու Հայաստանի հարցով զեկուցողները

Ինչ տպավորությամբ են Հայաստանից մեկնելու Հայաստանի հարցով զեկուցողները

Մի քանի օր է՝ Հայաստանում են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան, Անդրեյ Շիրցելը, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնը: Նրանք հանդիպումներ են ունենում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, պետական գերատեսչությունների ղեկավարների հետ՝ ՀՔԾ պետ, արդարադատության նախարար եւ այլք։ Հայաստանի քաղաքական շրջանակները դեռեւս անցած տարվա սեպտեմբերից էին սպասում համազեկուցողների այցին։

Հենց այդ ժամանակ էր, որ նոր իշխանության թեթեւ ձեռքով քաղաքական դաշտը բաժանվեց «սեւի»  ու «սպիտակի», «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների», խորացավ իշխանության եւ ընդդիմության միջեւ անջրպետը, ինչն էլ առիթ դարձավ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության այն ժամանակվա ղեկավար Արփինե Հովհաննիսյանը փաստեր ներկայացներ Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մշտադիտարկում իրականացնել «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»։ Ավելի ուշ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկման արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ:

Այժմ համազեկուցողները Հայաստանում են։
Մենք տեղեկացանք, որ հատկապես ուշագրավ է անցել արտախորհրդարանական ուժերի հետ նրանց հանդիպումը։ Համազեկուցողները հանդիպել են ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի՝ «Ազատ դեմոկրատներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Համազեկուցողները բոլոր ուժերին միասին են ընդունել։ ՀՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահներ Արմեն Աշոտյանն ու Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ազատ դեմոկրատները» ներկայացրել են կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը եւ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, իսկ «Հանրապետությունը»՝ Ռուբեն Ասատրյանը։

Արմեն Աշոտյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք փոխանցել են ներքաղաքական իրավիճակի հետ կապված իրենց կարծիքը, «փաստեր՝  ընտրությունների հետ կապված», ինչպես նաեւ՝ փաստեր «ատելության խոսքի, անհանդուրժողականության, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրական օրենսդրության  խախտման, ապօրինի քարոզչության եւ այլ խախտումների մասին, որոնք տեղ չեն գտել միջազգային դիտորդների զեկույցի մեջ»։ «Ներկայացրել ենք նաեւ հետընտրական իրավիճակը, մասնավորապես, որ երկրում ձեւավորված խորհրդարանը փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ֆասադն է, երկրում խախտվել է Սահմանադրությամբ նախատեսված փոխզսպումների մեխանիզմն իշխանության տարբեր ճյուղերի միջեւ։ Երկրում տեղի են ունենում ժողովրդավարական հետընթաց, քաղաքական մոտիվներով հետապնդումներ, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումներ, անհանդուրժողականություն, բաժանարար գծեր, ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ ոտնձգություններ»։

ՀՀԿ-ականներն ընդգծել են նաեւ, որ ԱԺ-ն չի կատարում խորհրդարանական վերահսկողության իր ֆունկցիան, մասնավորապես հիշատակվել է Սիրիա հայկական զորամիավորում ուղարկելու օրինակը․ «Հայաստանում քաղաքական համակարգը փոխարինվել է մեկ անձով, որը ցանկացած տիպի իշխանության տերն ու աղբյուրն է դարձել»։ 

Իսկ Արամ Սարգսյանի ոչ այնքան հայտնի կուսակից Ռուբեն Ասատրյանը համազեկուցողներին ասել է, որ իրենց կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը եւ որեւէ մտահոգություն չունի, իրենց համար ամեն ինչ «օքեյ» է։ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներն էլ ասել են, որ չնայած ողջունում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, սակայն չեն կարող չխոսել մի շարք ոլորտներում առկա թերությունների մասին։ Համազեկուցողներին առավելապես հետաքրքրել է ընտրություններից հետո ընտրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ ԱԴ-ականներն ասել են, որ չնայած ԸՕ-ն նախորդ իշխանություններն էին կազմել, սակայն այն ամբողջությամբ ծառայել է նաեւ հեղափոխականներին, որովհետեւ գործող ԸՕ-ի տրամաբանությունն է այդպիսին ու պետք է փոխվի։

Դժգոհել են նաեւ Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունից՝ ասելով, որ մեծ մասը դարձել է իշխանության պաշտպանը, բարձրաձայնել են նաեւ ԶԼՄ-ների մասին՝ նշելով, որ դրանք հիմնականում գտնվում են կա՛մ նախկին, կա՛մ ներկա իշխանությունների ազդեցության տակ, ու կարծիքի ազատության հետ կապված խնդիրներ կան։ 
Արտախորհրդարանական ուժերն ընդգծել են նաեւ, որ խորհրդարանում իրական ընդդիմություն, այսինքն՝ իշխանությանն այլընտրանք չկա։ Ձեզ հարց տվե՞լ են այդ մասին՝ հետաքրքրվեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից․ ԼՀԿ-ի հետ նույնպես համազեկուցողները երեկ հանդիպում էին ունեցել։

«Իհարկե, չեն տվել, որովհետեւ իրենք լավ գիտեն, որ խորհրդարանում կա ընդդիմություն, եւ դրա համար աբսուրդ կլիներ մեզ նման հարց տալը»,- ասաց Մարուքյանը։ Պարզվեց՝ իրենք էլ որեւէ մտահոգության մասին չեն բարձրաձայնել․ «Մենք այնպիսի մտահոգություն չունենք, որ Մոնիթորինգի հանձնաժողովի մոտ պիտի բարձրաձայնենք։ Այն, ինչ որ կա, ելույթներումս ասում եմ, եթե կարիք կլինի, իրենք կանդրադառնան դրան։ Իրենք ինչից հարցրել են, դրանց մասին էլ պատասխանել ենք՝ սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, հակակոռուպցիոն հանձնաժողով։ Իրենք հարցնում էին՝ ո՞րն է մեր տեսլականը՝ այդ հարցերում փոփոխություններ անելը»։ Հանդիպում է եղել նաեւ ԲՀԿ-ի հետ, սակայն երեկ չհաջողվեց խոսել ԲՀԿ պատգամավորներից որեւէ մեկի հետ։ Նշենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այս այցից հետո զեկույց են պատրաստելու, թե երբ՝ ժամկետը դեռ հայտնի չէ։