Մեզ հավաստիացրեց, որ ոչ մի թատրոն չի կրճատվելու և չի փակվելու

 Մեզ հավաստիացրեց, որ ոչ մի թատրոն չի կրճատվելու և չի փակվելու

Թատերական ոլորտի ներկայացուցիչները, մի շարք թատրոնների տնօրեններ նախօրեին հանդիպել են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ եւ քննարկում ունեցել վերջին օրերին լայնորեն շրջանառվող հայտնի փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ մի շարք թատրոններ պետք է միավորվեն եւ լուծարվեն։ Իսկ ավելի վաղ Նազենի Ղարիբյանը վստահեցրել էր, որ իրենց ենթակայության տակ գործող մշակութային ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ որեւէ նախագիծ չկա, եւ խոսքն ընդամենը սեւագիր առաջին տեղեկանքի մասին է։    

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նույնպես հանդիպել է Ղարիբյանի հետ։ ՀԹԳՄ նախագահը հակված է մտածելու, որ սա մեծ թյուրիմացություն էր, բայց այն աստիճանի թյուրիմացություն, որ բոլորին անհանգստացրեց։ «Մեր առջեւ այն տպավորությունը փորձեցին ստեղծել, որ ընդամենը ուզում են անել այնպես, որ եղած թատրոններն ավելի լավ աշխատեն։ Երեւի տեղին էր, որ անհանգստացանք, որովհետեւ եթե նույնիսկ սեւագիր է, շատ վատ է, որ այդպես մտածող մարդիկ կան։ Մեզ ասվեց, որ դա նախարարության վարչությունների բաժինների եզրակացությունների, ուսումնասիրությունների հիման վրա ստեղծված սեւագրություն է»,- ասում է նա ու հույս հայտնում, որ հասկացվեց՝ այդ ձեւով որեւէ ռեֆորմ իրականացնելը սխալ է։  

«Կարծում եմ՝ հասկացանք իրար, որ մեծ, գլոբալ ռեֆորմներ իրականացնելու դեպքում պետք է մասնագիտական քննարկում, եւ նման հարցը միայն գրասենյակներում չի կարող լուծվել։ Մեզ բոլորիս հավաստիացվեց, որ ոչ մի թատրոն չի կրճատվելու եւ չի փակվելու։ Ընդամենը փորձ էր արվում ավելի արդյունավետ դարձնել կառավարման համակարգը, իսկ կառավարման համակարգը ես էլ եմ գտնում, որ իմաստ ունի այդ ուղղությամբ աշխատել։ Բայց այդ հարցի լուծման պատասխանը կտա միայն թատրոնի մասին օրենքը, որի վրա հիմա հանձնաժողովն աշխատում է։ Եթե ունենանք լավ օրենք, այդ օրենքը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Իհարկե, կան թատրոններ, որտեղ կան պրոբլեմներ, դա էլ չենք հերքում, բայց հարցի լուծման ձեւ կա, ո՛չ կացինը ձեռքին գլխատելով ու լիկվիդացնելով, այլ հազար ու մի միջոցներով։ Թատրոն փակելով հարց չի լուծվում»,- ասում է Ղազանչյանն ու ընդգծում, որ այսօր հանրապետությունում կա մոտ 24 թատրոն, ինչը մեծ քանակ չէ, ավելին, ըստ նրա՝ թատրոնները շատ չեն լինում։ Ինչքան շատ թատրոն, այնքան քաղաքակիրթ երկիր։ 

«Մենք հիմա ունենք շատ հետաքրքիր թատրոններ, բեմադրիչներ՝ թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ունենք շատ հետաքրքիր դերասաններ, լավ թատրոն։ Խոսքս հիմա ուղղում եմ առաջին հերթին այն «աբիժնիկներին»՝ կներեք նման արտահայտության համար, որ հեղափոխություններից հետո ակտիվանում են․ այդպես մի պատռեք ձեզ եւ կոչ արեք թատրոններ փակել, այլ հակառակը՝ դժվարին պահերին մտածեք՝ ինչպես օգնել, օժանդակել, որ թատրոնները լիարժեք աշխատեն»։

Փաստորեն, եթե այս աղմուկը չբարձրանար, նախարարությունը եւ նախարարի պաշտոնակատարը գուցե չարձագանքեին, որ խոսքը սեւագիր մի փաստաթղթի մասին է։ «Իհարկե, բայց արդեն միանշանակ է, որ դա նախագիծ չէր եւ օրենք դառնալու հավակնություն առայժմ չուներ, դա մտորումներ էին, որ լույս աշխարհ եկավ մեկի թեթեւ ձեռքով։ Կարծում եմ՝ այս աղմուկը պետք էր, որ մեր կարծիքը, այնուամենայնիվ, տեղ հասներ»,- ասում է Հակոբ Ղազանչյանն ու ծիծաղելի համարում նախարարի պաշտոնակատարի այն հիմնավորումը, թե, օրինակ, Համազգային թատրոնը կուսակցական պատկանելություն ունի․ «Նույնիսկ այն ժամանակ, երբ ստեղծվեց թատրոնը, չուներ դաշնակցական ուղղվածություն։ Այնպես որ՝ ճիշտ չէ այդպես ասել, առավել եւս՝ Թատերական ինստիտուտին փորձել միացնել։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարին ես հորդորեցի՝ մեզ դարձնել իրենց զինակիցը, եւ միասին պաշտպանենք եղած արժեքներն ու մշակույթը, ինչին նա համաձայնեց»։

Ղազանչյանը հանդիպել է նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով նույնպես այն կարծիքն է հայտնել, որ առանց քննարկման չէր կարելի այս փաստաթուղթը հրապարակ բերել։ «Կարծում եմ՝ երկխոսություն կլինի, դա միակ ելքն է, իսկ ավելի կարեւոր խնդիրներից պետք է դառնա թատրոնի մասին օրենքի ընդունումը, ուրիշ ճանապարհ չկա, հատկապես որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, եւ 3 նիստ արվել է»,- նկատեց ՀԹԳՄ նախագահը։