Սերժի Վաչոն մարտական է տրամադրված

Սերժի Վաչոն մարտական է տրամադրված

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ այժմ կալանավորված Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը եւ ընկերը քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ են մոտ 6 միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար:

Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության մարմինը չի արձագանքել հայտարարությանը, որեւէ տեղեկություն չունեն։

Նա նաեւ նշեց, որ պատրաստվում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ղազարյանի խափանման միջոցը գրավով չփոխելու վերաբերյալ, բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան։

Պաշտպանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ չունի, տրամադրված է մարտական։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։