Եկեք «սիրուն աղջիկ» բառը էլ չօգտագործենք․ Քաղավիացիայի սիրուն աղջիկ

Եկեք «սիրուն աղջիկ» բառը էլ չօգտագործենք․ Քաղավիացիայի սիրուն աղջիկ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ, մեկ տարում 11 երկրներում ճամփորդած Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փորձեց արդարացնել իր գործուղում-վոյաժներն ու ապացուցել, որ ինքը միայն սիրուն աղջիկ չէ, որը զբաղված է սոսկ բյուջեի հաշվին ճամփորդելով, ինչպես նկատել էր «կլասիկ պատգամավոր» Էդմոն Մարուքյանը, նա նաև արդյունք է ցույց տալիս։

«Մեր «կլասիկ» պատգամավորը, որը մտնում է լայվ, մինչև դա անելը, լավ կլիներ՝ մեկ անգամ զանգահարեր մեզ, որովհետև, երբ նա լայվ էր մտնում, այդ նույն պահին մենք հարց էինք լուծում և կարող էինք տեղեկացնել, թե ինչ քայլեր ենք անում»,-ասաց Ռևազյանը՝ ակնարկելով Մարուքյանին ու նրա լայվը «սիրուն աղջկա» թեմայով։ Հետո այս թեման նաև զարգացավ խորհրդարանում, և «Իմ քայլի» պատգամավորները սկսեցին կանգնել Տաթևիկի թասիբին։

«Ու էն, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ Սինգապուրի ավիացիան, օրինակ, անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան անվճար կրթություն է մեզ տրամադրում»,-ասաց նա՝ թվարկելով իր ճանապարհորդությունների արդյունքները։
Hrapark.am-ը նկատեց, որ իրենից իրականում ավելի շատ հեղափոխական արդյուքններ են սպասում, որ տեսնեն՝ Մարուքյանի ասած այդ սիրուն աղջիկը նաև կարողանում է կոնկրետ արդյունքներ ցույց տալ, որպեսզի ավելի շատ քննարկվի ոչ թե նրա՝ սիրուն աղջիկ լինելը, այլ կատարած աշխատանքը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, սակայն, դուր չեկավ, որ անընդհատ շեշտադրվում է «սիրուն աղջկա» վրա, դա նա համարեց ոչ պրոֆեսիոնալ։ «Եկեք «սիրուն աղջիկ» բառը էլ չօգտագործենք և հարգենք մարդկանց»,-ասաց նա։

Ասացին, որ «սիրուն աղջիկը» իրեն այդպես անվանողների խոսքերով ենք մեջբերում, սակայն Ռևազյանը համարեց, որ պետք չէ որևէ մեկի խոսքերով խոսել․ «էստեղ պրոֆեսիոնալիզմը պետք է բարձր մակարդակի վրա պահպանել»։

Առաջարկեցինք դա համարել որպես կոմպլիմենտ։ «Չէ, ես չեմ ուզում դա որպես կոմպլիմենտ ընդունել»,-ասաց նա

Հարցին՝ նեղսրտե՞լ դրանից, Ռևազյանն ասաց․ «Չէ, իրականում ուրախացել եմ, որ տենց բան եղել ա, որովհետև Ազգային ժողովում լուրջ քննարկում ա եղել, և հուսով եմ՝ դա մեծ փոփոխություններ կբերի Հայաստանում,որ ապագա կին պաշտոնյաները նույն խնդիրների առաջ չկանգնեն»։