«Մի քանի մեքենայով եկել էին հետեւիցս»․ Բերման են ենթարկել Գեւորգ Գեւորգյանին
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն երեկ խուզարկել են ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանի տունը։ Սակայն նա տանը չի եղել: Իրավապահները մեկ այլ վայրից հայտնաբերել են Գեւորգյանին եւ բերման ենթարկել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում Գեւորգյանը հաստատեց։
«Մի քանի մեքենայով եկել էին հետեւիցս»,-ասաց նա։ Թե ի՞նչ գործի շրջանակում՝ Գեւորգյանն ասաց, առայժմ չի կարող ասել։ Մեր տեղեկություններով՝ Գեւորգյանը կանչվել է որպես վկա՝ իշխանության յուրացման ենթադրյալ փորձի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում, որով կա 3 կալանավորված անձ, այդ թվում «Սև հովազ» կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը:
Երեք օր առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, թե իշխանության յուրացման նախապատրաստության գործ է բացահայտել, որով մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված են, 4-ը՝ հետախուզման մեջ։ Խումբն, ըստ ՔԿ-ի, կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես հավաքագրել է մարդկանց՝ ռուսական ռուբլու դիմաց, այդ երկրի տարածքում անցկացրել եռամսյա հավաքների մասնակցելու համար։ Սակայն ինչ որ մարդիկ ռազմական պատրաստություն անցնողներին ասել են, որ հետո Հայաստանում իշխանափոխություն են իրականացնելու: Ապա հերքել են դա, սակայն ՀՀ ԱԱԾ- ն կարծում է, որ դա «կեղծ հերքում» է եղել:
Գեւորգյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք այս գործի շրջանակում են իրեն բերման ենթարկել, վերջինս չհերքեց, միայն նշեց, որ չի կարող այլ մանրամասներ հայտնել։
Կարծիքներ