«ՀԱՅՓՈՍՏ»-ի փոստերը

«ՀԱՅՓՈՍՏ»-ի փոստերը

Վերջնականապես համոզվելով, որ «Հայփոստ»-ի վրա հույս դնելով տանուլ եմ տալու բոլոր տեսակի դատական գործերս, որոշեցի այլեւս չօգտվել այդ ծառայությունից: Բայց միայն իմ օգտվելով չէ: Դատարանները, չգիտես ինչու,  դարձյալ շարունակում են ծանուցագրեր ուղարկել  «Հայփոստ»-ով: Հիմա ստիպված եմ ամեն օր մտնել դատարաններ, հիմնարկ-ձեռնարկություններ, մի խոսքով՝ որտեղից հնարավոր է, որ նամակներ կամ ծանուցագրեր ուղարկվեն իմ հասցեով,  հարցնել․ «Կարո՞ղ է ինձ ծանուցագիր եք ուղարկել»: Սա միակ միջոցն է, որն աշխատում է ամենայն ճշտությամբ:

 Այսպես, օրինակ, վերջերս Հրազդանի դատարանից տեղեկացա, որ ինձ ծանուցագիր են ուղարկել հունվարի 13-ին հունվարի 22-ին կայացվելիք դատական նիստին իմ մասնակցության վերաբերյալ, հանգիստ խղճով տուն եկա եւ սպասեցի դատին: Դատական նիստը կայացավ նշանակված օրը եւ ժամին: 4 օր անց՝ հունվարի 26-ին, Սպանդարյան 5-ում գտնվող մեր փոստային բաժանմունքից զանգահարեցին, որ նամակ ունեմ դատարանից, շտապ գնամ վերցնեմ: Վերցրի: Դատարանի ծանուցագիրն էր՝ հունվարի 22-ի դատական նիստի մասին, որին ես արդեն 4 օր առաջ մասնակցել էի: Անկեղծ ասած՝ ես բավականին ուրախացա. վերջապես առանց իմ ներկայության դատական նիստ տեղի չունեցավ, ուրեմն «Հայփոստ»-ի վրա հույս չդնելու իմ որոշումը ճիշտ դուրս եկավ:
 Այնուամենայնիվ, փոստային բաժանմունքից հետաքրքրվեցի, թե ինչու մեր թաղամասից ընդամենը 3-4 կիլոմետր հեռու գտնվող դատարանից նամակն այդքան ուշ (13 օր), ժամում մոտ 100 մետր արագությամբ է հասնում ինձ: Բաժանմունքի աշխատողները պատմեցին, որ սխալ եմ հաշվել:

Հրազդանի Միկրոշրջան թաղամասից մեր՝ հարավային թաղամաս ուղարկվող նամակները նախ գնում են Սեւան քաղաք, հետո նոր վերադառնում Հրազդան: Սա «Հայփոստ»-ի առաջին «փոստն» էր:

Փոստային բաժանմունքի դռան վրա կար աշխատաժամերի մասին ցուցանակ, ըստ որի՝ աշխատանքն սկսվում է ժամը 9-ին, ավարտվում ժամը 18-ին: Իրականում աշխատում են ժամը 10-17-ը: Իսկ շաբաթ օրերին՝ մինչեւ ժամը 15-ը:

• Ինչո՞ւ չեք պահպանում ցուցանակի վրա գրված աշխատաժամերը,- հարցնում եմ:

• Իսկ ո՞վ ասաց, թե չենք պահպանում, լավ էլ պահպանում ենք, ցուցանակի վրա գրվածը Երեւանի ժամանակով է:  

Սա էլ «Հայփոստի» երկրորդ «փոստը»: Այս խոսքերը լսելուց հետո ես կորցրի ոչ միայն խոսելու ընդունակությունս, այլեւ ժամային գոտիների մասին գիտելիքներիս ողջ պաշարը:
Երրորդ «փոստն» արդեն տեսա Երեւանում: Սովորաբար նամակները, ծանրոցները հասցեատերերին են հասնում՝ բնակիչների շենքերի մուտքի դռներին կպցրած թղթի կտորների վրա նշելով․ «Դուք ունեք առաքանի, կարող եք ստանալ փոստային այսինչ բաժանմունքից»: Այդ թղթի կտորը կհասնի հասցեատիրոջը, թե քամին կթռցի-կտանի, սարուձոր կգցի, «Հայփոստ»-ին չի հետաքրքրում, կարեւորն այն է, որ այն իր գործն ավարտված կհամարի եւ վերջ: Վերջը վերջ․ սակայն այսպես շարունակվելու դեպքում գուցե «Հայփոստ»-ի փոխարեն օգտվենք նոյյան ագռավի՞ ծառայություններից:

Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ