Զանգ՝ Բադեն-Բադենից

Զանգ՝ Բադեն-Բադենից

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրանց, ովքեր նորմալ են ընդունում տեղի ունեցածը, հիշեցնեմ, որ ԲԴԽ-ն է իրականացնելու Փաշինյանի հայտարարած դատավորների վեթթինգը, իսկ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը, մեղմ ասած, իսկական «վեթթինգացու» են:
Տեղի ունեցածին կարելի է նաեւ այլ մեկնաբանություն տալ: Օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը չի փորձում միջամտել դատական իշխանության գործերին, եւ մարդիկ այնտեղ անում են այն, ինչ ուզում են: Այլապես Ռուբեն Վարդազարյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Կենտրոնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը, ինչպե՞ս կընտրվեր ԲԴԽ անդամ: Չէ՞ որ հենց այս դատարանում են տեղի ունեցել աղմկահարույց բազմաթիվ դատավարություններ, իսկ դրանց ընթացքում Վարդազարյանն է եղել քրեաօլիգարխիկ համակարգի կամ, այսպես ասած՝ «նախկինների» հենարանը:

Կարելի՞ է, արդյոք, ասել, որ Մեսրոպ Մակյանի եւ Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելով՝  վեթթինգն ավարտվեց, եւ մենք թեւակոխեցինք ՀՀ նոր իշխանությունների եւ դատական համակարգի մերձեցման փուլ: Կարծում եմ՝ կարելի է: Երբ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում «արժանավորների իշխանություն է հաստատվել», ես հասկացա, որ մենք մեկ տարում հաղթահարել ենք հետհեղափոխական բոլոր տեսակի փուլերն ու հասել մի տեղ, որտեղից այնկողմ այլեւս ոչինչ չկա: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս՝ մենք հաղթահարել ենք եւս երկու կարեւոր դժվարություն՝ անցումային արդարադատությունը եւ վեթթինգը: Չմոռանամ ասել նաեւ, որ այս ընտրությունից հետո թավշյա հեղափոխականներից իր օձիքն ազատեց նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ պարզվեց, որ տխրահռչակ փաստաբան Վահե Գրիգորյանի գրոհը ՍԴ-ի վրա դոնկիխոտյան ակցիա էր ընդամենը, որ տեղի էր ունեցել փաշինյանական վեթթինգի եւ անցումային արդարադատության մասին նրա ունեցած սխալ պատկերացումների պատճառով: 

Հայկական առանձին պարբերականներ գրում են, որ «նախկինների» ընտրվելը ԲԴԽ-ում նշանակում է, որ հերթական անգամ արժեզրկվել է վեթթինգի գաղափարը: Ընդհանուր առմամբ, վեթթինգի գաղափարը, այո, արժեզրկվում է նման բաներից, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանում ոչ թե վեթթինգ էր ընդհանրապես, այլ փաշինյանական վեթթինգ, որն իր ավարտին հասցվեց շատ արագ, ինչպես փաշինյանական մյուս նախաձեռնությունները՝ կոռուպցիայի դեմ պայքար, օլիգարխիայի, կաշառակերության վերացում, մենաշնորհների վերացում եւ այլն: Լսեցիք, չէ՞, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում հաստատվել է արժանավորների իշխանություն: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում, ինչպես Սինգապուրում, չի կարող ո՛չ վեթթինգ լինել, ո՛չ անցումային արդարադատություն, ո՛չ էլ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու դեպքեր: Վսյո, մենք այդ բոլորն անցել ենք, եւ մեզ համար սկսվում է «ապահով Հայաստանը»:
Ծանո՞թ արտահայտություն էր՝ «ապահով Հայաստան»: Շատ բարի: Ես ավելին կասեմ՝ Փաշինյանի հմուտ ղեկավարությամբ՝ «առաջ, Հայաստան»: Երեկ էլ մի գովազդ լսեցի ռադիոյով՝ բանկերը շարունակում են հարմար վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար: Սեւանի փրկության նպատակով առաջիկայում երիտքպականները, կարծում եմ, հավաք կանցկացնեն լճափին, իսկ Փաշինյանը հյուր կգնա ու դասախոսություն կկարդա նրանց համար… Ոչ, սրանք տեսիլքներ չեն եւ ոչ էլ, մանավանդ, մտասեւեռումներ այն ցնդաբանության վրա, թե, իբր, Սերժն է վերադառնում: Բայց Սերժն ո՞ւր էր գնացել, որ հիմա էլ վերադառնում է:

Իսկ հիմա ավելի ուշադիր լսեք: Դեռ սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց առաջ Սերժ Սարգսյանն իր մի հարցազրույցում արարատյան բարբառով ասաց, որ իր մտքում 5-6 մարդու անուն է պահում, որոնց կարելի է վստահել երկրի ղեկը: Նա այդ անունները չբարձրաձայնեց, իհարկե, բայց այդ շարքում, ամենայն հավանականությամբ, կար նաեւ Փաշինյանի անունը; Ասվածը շատերին կարող է նոնսենս թվալ, բայց չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունեինք մենք՝ մեր օրերի մեծագույն քաղաքական շախմատիստի, որի ղեկավարման սահմանադրական ժամկետը լրանում էր, բայց որը չէր ցանկանում հեռանալ իշխանությունից: Մինչ Սերժ Սարգսյանի մտքում եղած թեկնածուները վայելում էին իրենց ապագա փառքը, Սերժ Սարգսյանը հիասթափեցրեց նրանց ու ինքը դարձավ վարչապետ: Այստեղ էր, որ Սերժ Սարգսյանը սխալվեց: Յուրայինների հետ պայմանավորվածությունները միշտ պետք է հարգել…

Սերժ Սարգսյանի վրա ճնշումներն այս անգամ իշխանության ներսից սկսվեցին, բայց պալատական խարդավանքների մեծագույն վարպետի համար դրանք այլեւս ուշացած էին: Բ26-ի հատուկ հրահանգով Նիկոլն արդեն Գյումրիում էր ու ճանապարհվում էր Երեւան: Թե ինչ եղավ հետո, երբ Նիկոլը հասավ Երեւան, բոլորդ ինձնից ավելի լավ գիտեք: Այս գեղեցիկ «իշխանափոխության» վերջին ակորդն էլ Սերժ Սարգսյանը նվագեց՝ Ապրիլ 24-ի նախորդ օրը հայտարարելով․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Նույնիսկ օրն էր մտածված: Հաջորդ օրն արդեն Նիկոլ Փաշինյանի հետեւից ընկած ամբոխը պետք է խառնվեր Ծիծեռնակաբերդ գնացող ժողովրդին ու «ծովանար» Օրբելի, Կիեւյան, Հալաբյան փողոցներում…

Այո, Սերժ Սարգսյանն ամեն ինչ «տվեց» Փաշինյանին՝ Բաղրամյան 26-ը, Կառավարության տունը, ամառանոցները… ամեն ինչ, բացի ուժային կառույցներից եւ դատական համակարգից: Ավելին, դրանք մնացին նորընծա վարչապետի «իշխանության ներքո», որոնցից Նիկոլ Փաշինյանը, երջանիկ անգիտության մեջ, չի էլ ուզում հրաժարվել: Նիկոլին թվում է, թե Օսիպյանն ու Վանեցյանն իր հորեղբոր տղաներն են: Վայ, միամիտ…
Երկու խոսք էլ վերնագրի առնչությամբ ասեմ: Ուրեմն, հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երեւան դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Այդ օրը Սերժ Սարգսյանը, կարծես, Բադեն- Բադենում էր: Ըհը՛ը՛ը՛… Բա չեղա՞վ, որ Բադեն-Բադենից է զանգել Նիկոլին ու ասել, թե ովքեր պետք է ընտրվեն: Իսկ ինչ վերաբերում է վեթթինգին, ո՞վ չգիտի, որ ամեն ինչ մի օր սկսվում է եւ մի օր էլ ավարտվում: