Արձակուրդային ռեժիմով

Արձակուրդային ռեժիմով

Մեր խմբագրակազմն այսօրվանից կարճատեւ արձակուրդ է մեկնում՝ 2 շաբաթ «Հրապարակը» չի տպագրվի, թեեւ կայքը կշարունակի աշխատել գրեթե նույն ռեժիմով, քանզի իրադարձությունների եւ լուրերի պակաս մեզանում չկա։ Բայց այս դադարը մեզ ավելի շատ հարկավոր է փոքր-ինչ շունչ առնելու, վերջին մեկ տարվա մեր աշխատանքն ամփոփելու եւ մտորելու համար։ Որքան էլ որ «Հրապարակը» երկար ու բարդ ուղի է անցել, հիմնավորվել լրատվական դաշտում եւ կայացել, մենք չենք դադարում կասկածելուց՝ արդյոք ճի՞շտ ուղու վրա ենք, արդյոք մեր հասարակությունն ազատ խոսքի եւ ազատ մամուլի կարիք ունի՞, իսկ ի՞նչ կփոխվի մեր եւ մեր երկրի կյանքում, եթե «Հրապարակը» դադարի լինելուց։

Շատ կուզենայինք, որ բոլորն իրենց տային այն հարցը, թե մեզ հարկավո՞ր է արդյոք մամուլ, ի՞նչ եմ արել ես ազատ մամուլ ունենալու համար, ի՞նչ կփոխվեր իմ կյանքում, եթե չլինեին լրատվամիջոցները։ Վստահ եմ, որ շատերն իրենց կյանքն այլեւս չեն պատկերացնում առանց ԶԼՄ-ների։ Ավելին՝ ԶԼՄ-ների գոյությունն ուղիղ համեմատական է երկրի ժողովրդավարության, հանրության բարեկեցության եւ առաջադիմության գաղափարներին։ Պարզապես մեր հասարակությունն այլեւս չի նկատում, թե ինչքան կարեւոր դեր ունեն լրագրողները մեր կյանքում, եւ ինչքան շատ բան կպակասեր, եթե հանկարծ, Աստված մի արասցե, նրանք մի օր դադարեին լինելուց։ Սա շատ նման է թթվածնին, որի գոյությունը մենք չենք զգում, քանի դեռ այն կա, բայց դադարում ենք ինքներս գոյություն ունենալուց, երբ այն չի լինում։ Ես անասելի չեմ սիրում մամուլին փնովողներին եւ կարծում եմ, որ փնովում են նրանք, ովքեր վախենում են մամուլից, ովքեր մամուլից վախենալու բան ունեն։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե մենք վերջին ճշմարտությունն ենք բարբառում եւ անսխալական ենք։