Մայրն ու հաշմանդամություն ունեցող աղջիկն անտուն են մնացել

Մայրն ու հաշմանդամություն ունեցող աղջիկն անտուն են մնացել

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վանաձորի   բնակիչ Անահիտ Ղազարյանը։ 

Քաղաքացին նշում է, որ ինքն ու հաշմանդամություն ունեցող իր աղջիկը հայտնվել են փողոցում․ «1995 թվականին՝ ամուսնալուծությունից հետո, վաճառեցի բնակարանս, որն ինձ հորիցս էր մնացել։ Ստացվել է այնպես, որ ես և առողջական լուրջ խնդիրներ ունեցող աղջիկս անտուն ենք մնացել։ Ազգային ժողով էլ եմ դիմել։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի ամիս մեզ օգնեց տան վարձի հարցով, սակայն հետո ասեցին, որ երկար չեն կարողանալու օգնել։ Աղջկաս թոշակով էինք ապրում, ընտանեկան նպաստով։ Բայց ընտանեկան նպաստը միայն տան վարձի հարցերը լուծելուն էր բավականացնում։ Երեխայի թոշակի քարտը տվեցի մի կնոջ, նա դրա դիմաց ինձ փող տվեց, մեկնեցինք Ռուսաստան։ Այնտեղ մարդիկ մեզ օգնում էին։ Տան վարձն էին տալիս, ուտելիք էին տալիս, կարողանում էինք ապրել»։

Անահիտ Ղազարյանը պատմում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ պայմանավորված՝ 2018 թվականին որոշեցին և վերադարձան Հայաստան։

«Մտածեցինք՝ նոր իշխանությունները մեզ կօգնեն, սակայն, ինչպես տեսնում ենք, փոփոխություն չկա։ Ես խնդրել եմ, որպեսզի գոնե մի կենտրոնում տեղավորեն, բայց դա էլ չեն անում։ «Իմ քայլը» հիմնադրամ ևս դիմել եմ։ Մի քանի ամսով մեզ տեղ հատկացրին, որտեղ ամենուր հոգեկան խանգարում ունեցող մարդիկ էին ապրում։ Աղջիկս չէր կարողանում նորմալ կյանքով ապրել, որովհետև նա նույնիսկ վախենում է տանը մենակ մնալուց։ Իսկ այնտեղ գիշերային ժամերին պատերին հարվածներ էին լինում այդ մարդկանց կողմից։ Մենք նորից դիմեցինք հիմնադրամին, բայց մեզ ասեցին՝ էդ է, ուրիշ տեղ չկա, չես ուզում, գնա փողոց։ Հետո մեզ մի խուլ գյուղում տեղ առաջարկեցին, բայց ես չուզեցի, քանի որ աղջիկս բժշկի գնալու խնդիր ունի, իսկ այդտեղից ամեն անգամ բժշկի հասնելը, պարզ է, այդքան էլ հեշտ չէ։ «Իմ քայլը» հիմնադրամից մեզ ասում են, թե մարզպետարանում մեզ աշխատանք են առաջարկել, բայց դա բացահայտ սուտ է, նման բան չի եղել»,- նշում է Անահիտ Ղազարյանը։

Ասում է՝ փորձել է դիմել նաև երգիչ Սերժ Թանկյանին․ «Նամակ էի գրել նրան, մտածեցինք՝ հարուստ հայ մարդ է, կարող է օգնի։ Բայց սա էլ չի ստացվում, մինչև հիմա պատասխան չկա։ Քանի որ նամակը մենք չէինք կարող ուղարկել երգչին, փորձեցինք դիմել «Օրրան» բարեգործական կազմակերպություն։ Սկզբում ասեցին, թե ամեն ինչ կանեն, որ նամակը հասնի Սերժ Թանկյանին, բայց արդեն երկար ժամանակ է անցել, ու պատասխան չկա։ Այս պահին վստահ չեմ՝ նամակը հասել է, թե ոչ»։

Ինչպես նշում է Անահիտ Ղազարյանը, դիմել է նաև Գագիկ Ծառուկյանին, Վարդանյանների ընտանիքին, Ռալֆ Յիրիկյանին, սակայն որևէ արձագանք չի եղել․ «Ռուսաստանում մարդիկ կային, որ հայ չէին, բայց օգնում էին, իսկ մեր երկրում անգամ բանի տեղ չեն դնում»։