ԱԺ-ում երիտասարդների ներկայությունն ինձ չի վախեցնում

ԱԺ-ում երիտասարդների ներկայությունն ինձ չի վախեցնում
Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո նախկին իշխանությունների օրոք որպես արմատական ընդդիմություն հանդես եկած «Ազատամարտիկների դաշինքը»։ «Թող նոր ԱԺ-ն, կառավարությունը ձեւավորվեն, գործունեություն ծավալեն, նոր կերեւա։ Մենք կողմ ենք եղել համակարգային փոփոխության, հիմա եղել է այդ փոփոխությունը, տա Աստված, որ մեր պատկերացրած իշխանությունը լինի, նորմալ կառավարություն լինի, եւ մեր պատկերացրած խնդիրներն էլ նա լուծի։

Ընթացքում, եթե տեսնենք, որ կան խնդիրներ, հանդես կգանք ընդդիմադիր դիրքորոշմամբ։ Իսկ եթե կլինի նորմալ իշխանություն, մենք էլ ամեն կերպ կաջակցենք նրան»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ Ազատամարտիկը կարեւորում է, թե ինչ ծրագրերով է ներկայանալու առաջիկա կառավարությունը, եւ, ըստ այդմ էլ՝ կորոշեն, թե ինչ տեսակետ են արտահայտում։ «Մեր՝ ընդդիմադիր լինելը չի եղել ինքնանպատակ։ Մենք ընդդիմադիր ենք եղել նախկին իշխանությունների իրականացրած քաղաքականությանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ ներկա խորհրդարանը հիմնականում կազմված է քաղաքական կենսագրություն չունեցող, անփորձ մարդկանցից, Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց․ «Ամեն դեպքում երիտասարդներ են, որոնք կներգրավվեն փորձառու խորհրդականների, նրանք էլ կարող են իրենց փորձով օգտակար լինել։ Կարծում եմ, որ կառավարությունում տեղ կգտնեն փորձառու կադրերը։ Խոսքը չի վերաբերում, իհարկե, այն «փորձառուների», որոնք քաղաքական մի դաշտից մյուսն են անցում կատարում, այլ նրանց, ովքեր իրենց փորձով, սկզբունքայնությամբ կայուն են եւ նվիրյալ։ Երիտասարդների ներկայությունն ինձ ոչնչով չի վախեցնում»։