Ինչ երազանք ունի գերությունից վերադարձած Էրիկը․ նա այժմ բուժզննում է անցնում

Ինչ երազանք ունի գերությունից վերադարձած Էրիկը․ նա այժմ բուժզննում է անցնում

Ութ ամիս ձգված գերեվարությունից հետո օրեր առաջ Սարիբեկ Խաչատրյանը տեսել եւ գրկել է որդուն՝ Էրիկին․ նա ադրբեջանական գերությունից վերադարձած 15 զինվորներից մեկն է:

Սարիբեկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին այժմ «Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժում է ստանում․ «Բուժզննում են անում, սիրտ-թոքերն են նկարում։ Հոգեկան վիճակն էլ է լավ, մենք անընդհատ իր հետ ենք, շփվում ենք»։

Հոր խոսքով՝ Էրիկի հետ չեն խոսում Ադրբեջանում գտվելու օրերի մասին․ «Մենք էլ թույլ չենք տա, որ ինքը պատմի, չենք ուզում ծանրաբեռնվածություն լինի իրեն»։

Մեր զրուցակիցը նաեւ ասաց՝ ինքը չէր սպասում, որ որդին վերադարձող 15 հոգու մեջ կլինի, երեկոյան են միայն իմացել դրա մասին։

Նա նաեւ հայտնեց, որ տեղեկություն ունի, որ Էրիկի դուրս գրվելուց հետո որոշ պաշտոնյաներ կայցելեն որդուն, իսկ թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը, չմանրամասնեց։

Մասիսի Խաչպար համայնքում վարձով ապրող ընտանիքի համար Էրիկը մեկ երազանք ունի՝ գնել բնակարան․ «Իր ցանկությունն այդ էր»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանական թշնամին մերթընդմերթ հարվածներ էր հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն էր ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը 5000 զոհ ունի, 200 հայ ռազմագերի՝ Ադրբեջանում։