Հուսով ենք` Արթուր Պողոսյանն ու ՔԿ քննիչները իր նշած սկզբունքով են առաջնորդվելու

Հուսով ենք` Արթուր Պողոսյանն ու ՔԿ քննիչները իր նշած սկզբունքով են առաջնորդվելու

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, ՆԳՆ, ԱԱԾ մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները։

Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քանակին՝ նշելով, որ «խափանման այդ միջոցի ընտրությունը պետք է լինի ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային մյուս բոլոր խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ դատավարական վարքագիծը»:

Հուսով ենք, խորհրդակցության մասնակիցներն ուշադրություն են դարձրել այս մտքին եւ իրենց հետագա գործունեության ընթացքում կառաջնորդվեն Արթուր Պողոսյանի նշած սկզբունքով: Հույս ունենք, որ այդ նախադասությունը Պողոսյանը որպես հերթապահ միտք չի արտահայտել, այլ հետեւողական է լինելու եւ ՔԿ քննիչներն ամեն անհեթեթ առիթով կալանքի միջնորդություններ չեն ներկայացնելու դատարան: 

Արեգ Մարգարյան