Պարոն Մարուքյան, գնո՞ւմ ենք մինչև վերջ

Պարոն Մարուքյան, գնո՞ւմ ենք մինչև վերջ

Ափսոս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հատկապես Տիգրան Մուկուչյանի մասին ես ավելի մեծ կարծիքի էի: Ինչպիսի առիթ բաց թողեց ԿԸՀ-ն հերոսանալու և սերունդների հիշողության մեջ անմահանալու համար: Պարոն Մուկուչյան, դուրս եկավ, որ եկեղեցուց Էդմոն Մարուքյանն է գալիս, իսկ ալելույան Դուք եք ասում: Ախր Մարուքյան Էդմոնն էդ Արման Բաբաջանյանի կաշին դաբաղխանից գիտի, գիտի թե ինչ երևույթ է նա, ինչպես է խցկվել «Լուսավոր Հայաստանի» ցուցակ, ինչպես է ընդամենը 370 ձայն հավաքելով՝ դարձել պատգամավոր: Էդմոնի «կոկորդին» էր հասցրել՝ դեմ էր գնում խմբակցությանը, քվեարկում էր խելքին փչածի պես: Այնքան զզվեցրեց, որ ասացին՝ մանդատդ դիր, գնա: Պարոն Մուկուչյան, ախր Դուք էլ գիտեիք այս ամենը:

Ի՞նչ ասեմ՝ չգիտեմ: Իբր «Իմ քայլը» քիչ մանդատ ուներ, մեկն էլ ավելացավ: Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, շնորհակալական նամակ կգրի ԿԸՀ-ին՝ իր խմբակցության թվաքանակն ու ինտելեկտուալ մակարդակը Արման Բաբաջանյանով ավելացնելու համար: Ես չեմ հասկանում՝ մեր մե՞ղքը որն է, որ ստիպված ենք լինելու հանդուրժել հանցավոր ճանապարհով հայրենիքին ծառայելուց խուսափած, սորոսական գրանտակեր-նպաստառու ևս մեկ պատգամավորի ներկայություն ԱԺ-ում: Ի՞նչ անենք, պարոն Մուկուչյան, Արման Բաբաջանյանի պատճառով ԱԺ նիստերին դիմակ դրա՞ծ հետևենք:

Մուկուչյանի թվանկարչական նուրբ արվեստի մասին առասպելներ էին պատմում: Մանավանդ Նիկոլ Փաշինյանն էր դրա վարպետը: Այդուհանդերձ՝ թիվ նկարելը մի բան է, օրենքի տառով շարժվելն այլ բան: Մուկուչյանը երբեք օրենք չի խախտել, և ես վստահ եմ, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկման ժամանակ էլ չի խախտել: Պարզապես բռնելու տեղ չի ունեցել, այլապես Արման Բաբաջանյանն իր կայքում այնքան լուտանքներ էր գրել նրա հասցեին, որ հենց վրեժխնդրությունից դրդված կբռներ Արմանի թևից ու դուրս կշպրտեր խորհրդարանից: Օրենքն է այդիպիսին, փաստորեն, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ մեկ անգամ խորհրդարան մտնելով՝ ախմախը, ով էլ դա լինի, մնում է իրեն խորհրդարան բերողի վրա: Դիցուք՝ Արման Բաբաջանյանը, ճիշտ է, դարձել է անկախ պատգամավոր, բայց, միևնույն է, մնացել է ընդդիմության հաշվեկշռում՝ բալանսում և ընդդիմությունն, այսօր, ԱԺ-ում ներկայացված է օրենքով նախատեսված չափով (կարծեմ՝ 30 տոկոս): Կարելի է ասել՝ Էդմոն Մարուքյանն է մեղավոր: Հենց այն օրը, երբ Արման Բաբաջանյանը հայտարարեց ԼՀ խմբակցությունը լքելու մասին, Մարուքյանը պարտավոր էր նրան հանձնել «Իմ քայլին»՝ բալանսից՝ բալանս տեղափոխել: Ու երբ դա կարվեր, Մուկուչյանն էլ չէր մերժի ԼՀԿ-ի դիմումը:

Իմ համոզմամբ, սակայն, կյանքում լինում են պահեր, երբ օրենքը պետք է խախտել: Հատկապես ԱԺ-ի և պատգամավորների պարագայում այդ պահերը շատ են, որովհետև ԱԺ-ն ձևավորվում և մարդիկ պատգամավոր են դառնում ընտրությունների միջոցով, իսկ ընտրությունների ժամանակ, բոլորս էլ գիտենք, ինչպես ընտրությունների ժամանակ… Ընտրակաշառք, լծակների գործադրում, ԽԾԲ, ցուցակ խցկվել և այլն: Արման Բաբաջանյանին 370 մարդ է ձայն տվել: Այս ցուցանիշով պատգամավոր դառնալ երեւի ոչ մեկին չի հաջողվել, բայց նույնիսկ այդ ցուցանիշն է Արման Բաբաջանյանի պարագայում խիստ կասկածելի: Ո՞վ է ձայն տվել, ինչո՞ւ է ձայն տվել, վերջապես՝ այդ ձայները տրվե՞լ են, թե՞ նկարվել… Այս հարցերի պատասխանը մենք գուցե երբեք էլ չստանանք, բայց, ինչպես Փաշինյանն է ասում՝ ո՞վ չգիտի, որ, օրինակ, ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Ախր Արման Բաբաջանյանին նույնիսկ իր թերթի ու կայքի աշխատողները ձայն չէին տա, էլ ուր մնաց կողքից՝ 370 հոգի: Ո՞վ չգիտի, որ այդ հարցում նրան կարող էին օգնել նաև Սորոսն ու օտարերկրյա գործակալությունները: Ինչքան ուզում եք՝ ասեք, որ 2018թ. Դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները մաքուր են եղել: Միևնույն է, Նիկոլից բացի ոչ ոք չի հավատում այդ ցնդաբանությանը: Համամիտ եմ, ընտրակաշառքը բաժանվել է այլ եղանակներով, ընդհուպ նաև այնպես, որ թեկնածուն հաճախ չի էլ իմացել այդ մասին: Եվ պատահական չէ, որ այսօր իմքայլական որ պատգամավորին բարձրացնում ես աթոռից, տակից իրենց «հովանավորի» ականջներն են երևում: Անուններ տալու և դատական քաշքշուկների մեջ ընկնելու հավես չունեմ, այլապես կարելի էր մի գեղեցիկ հրավառություն կազմակերպել այս թեմայով:
Խոսքն այսօր 370 ձայնանոց պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին է, որին ոչ մի կերպ Մուկուչյանը չի կարողանում դուրս շպրտել խորհրդարանից: Ինչո՞ւ, օրե՞նքն է պատճառը: Ոչ, սա հենց այն դեպքն է, որ պետք է խախտել (փոփոխել) օրենքն ու վերականգնել իշխանություն-ընդդիմություն համամասնությունն ԱԺ-ում: Բայց դա այսօր հնարավոր չեղավ իրականացնել, որովհետև Արման Բաբաջանյանն ունի հովանավոր ի դեմս Փաշինյանի: Հակառակ պարագայում նա վաղուց չէր լինի ԱԺ-ում: Փաշինյանին պետք էր մարդ, որ սուտ մատնություններ գրեր Հրայր Թովմասյանի և Արթուր Վանեցյանի վրա, հայտարարեր հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման, Նաիրի Հունանյանից իբր՝ նոր տեղեկություններ ստանալու մասին, խառներ հասարակությանը, հեղափոխության թշնամիների կերպարներ ստեղծեր, վախեցներ, թունավորեր մարդկանց կյանքը: Այդ ամենը Արման Բաբաջանյանն արել ու շարունակում է անել: Նա Նիկոլի համար իսկական «պապայի գանձ» է, և ոչ մի Մուկուչյան չէր հանդգնի նրա ձեռքից մանդատը վերցնել:

Խորհուրդս Էդմոն Մարուքյանին: Պարոն Մարուքյան, դիմեք դատարան, բայց մտքներովդ չանցնի դատի տալ Արման Բաբաջանյանին: Դուք Մուկուչյանին դատի տվեք: Էս գործում, ինչպես ասում են, Մուկուչյանի «պոչից» պետք է բռնել: Ու եթե որոշել եք մինչև վերջ գնալ, պետք է պատրաստ լինեք նաև դատարանին հայտնել, թե 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ԼՀ-ն այդ ի՞նչ միջոցներով էր այդպիսի թանկ քարոզարշավ իրականացնում: Արդյոք այդ քարոզարշավը չունե՞ր ստվերային հովանավոր կամ հովանավորներ, որոնք էլ երևի Արման Բաբաջանյանին խցկել էին ձեր ցուցակ:

Առայժմ այսքանը:
Առողջություն ամենեցուն: