ՔՊ-ում համախոհների ինստիտուտ է ներդրվում․ նրանց փորձության կենթարկեն

ՔՊ-ում համախոհների ինստիտուտ է ներդրվում․ նրանց փորձության կենթարկեն

Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Կանոնադրական փոփոխությունների խմբի համակարգող պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր զրույցում ներկայացրեց առանցքային փոփոխությունները։

- Ի՞նչ լուծում է տրվելու ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների դիմումներին, եթե չեմ սխալվում՝ ապրիլյան իշխանափոխությունից հետո հայտարարում էիք, թե 8-10 հազար ցանկացողներ կան, բայց մեխանիկորեն չեք բավարարելու, որպեսզի արհեստականորեն թվակազմը չուռճացնեք․ ի՞նչ չափորոշիչներ եք ընտրել, որոնք պետք է ունենա ՔՊ-ական դառնալու ցանկություն ունեցող քաղաքացին։

- Կանոնադրական փոփոխություններով կներդրվի համակիրի ինստիտուտը, անձը, ով դիմում է տվել, կստանա որոշակի կարգավիճակ՝ համակիրի կարգավիճակ, մինչեւ որ կբավարարվի կամ կմերժվի իր դիմումը։ Վարչությանը հնարավորություն է տրվում ոչ թե միանգամից բավարարել դիմումը, այլ նշանակել փորձաշրջան, քանզի դիմումատու անձին դու չես ճանաչում եւ պետք է հնարավորություն տաս։

- Որքա՞ն ժամանակ է տեւելու փորձաշրջանը, եւ ի՞նչ փորձությունների միջով պետք է անցկացնեք դիմումատուներին։

- Վարչությունը պետք է որոշի՝ կարող է լինել երկու, կարող է լինել երեք, վեց ամիս, մեկ տարի, կարեւորն այն է, որ անձին ոչ թե միանգամից մերժում ենք, այլ հնարավորություն ենք տալիս դրսեւորվելու։ Ինչ վերաբերում է․․․ դա փորձություն չի լինելու, կուսակցությունը որոշակի գաղափարախոսություն, ծրագիր ունեցող կառույց է, մենք ունենք բանավեճերի հարթակ նաեւ տարածքային կառույցներում, դիմումատուները հնարավորություն կունենան կուսակցական գործընթացներին մասնակցելու, ըստ այդմ էլ իրենց դրսեւորումներից կերեւա՝ ով կանդամագրվի, ով՝ ոչ։

- Առանցքային փոփոխությունը սա՞ է միայն։

- Ինչպես նաեւ վարչության ընտրության ժամկետն ենք երկարացրել, եթե ներկայումս երկու տարի է, իսկ «Կուսակցությունների մասին» օրենքն առավելագույն շեմ է սահմանում չորսը, մենք ընտրել ենք երեքը։ Մյուս փոփոխությունները տեխնիկական են՝ պայմանավորված «Կուսակցությունների մասին» օրենքով։