Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդում է.
«Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես
նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր
հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է
ուղղված: Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող
կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում
ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն
կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:
Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու
ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները:
Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում
առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի
կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող
թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ
զարգացումը»:


