Կրթության տեսչական մարմին դիմողների թիվը նվազել է

Կրթության տեսչական մարմին դիմողների թիվը նվազել է

Անցյալ տարի, թավշյա հեղափոխությունից հետո, մեր թերթին տված հարցազրույցում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշում էր, որ դիմում-բողոքների թիվն էականորեն ավելացել է։
Քանի որ ՀՀ կրթության տեսչական մարմինը բարեխղճորեն իր կայքում զետեղում է տարվա բոլոր եռամսյակների տվյալները, թե որքան դիմում-բողոք են ստացել, ներկայացնենք դրանք համառոտ։

Այս տարվա երկրորդ եռամսյակում ուսումնական հաստատություններից ստացվել է 30 դիմում-բողոք, որոնցից 13-ը կրթության տեսչական մարմին վերահասցեագրվել է կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունից, 2-ը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից, 1-ը՝ պետական վերահսկողական ծառայությունից, իսկ կրթության տեսչական մարմնում ստացել են 14 դիմում-բողոք։ Դիմում-բողոքներից 6-ը Երեւան քաղաքից են, 5-ական՝ Կոտայքի եւ Շիրակի մարզերից, 3-ական՝ Սյունիքի, Լոռու եւ Արմավիրի մարզերից, 2-ը՝ Արագածոտնի մարզից, 1-ական՝ Տավուշի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերից։

Ինչպես 2018թ․ առաջին եռամսյակում, այնպես էլ 2019թ․ առաջին եռամսյակում, դիմում-բողոքների քանակով առաջին տեղում են Երեւանը, ապա՝ Արարատի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերը։ Դիմումների քանակը նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ՝ 99, 2019թ․՝ 30) նվազել է գրեթե 69 տոկոսով։

Ըստ ստացված դիմում-բողոքների` վերահսկողական գործառույթներ են իրականացվել 25-ի դեպքում. 18 ուսումնական հաստատություններում իրականացվել է ուսումնասիրություն, 7-ում` ստուգում: Ուսումնասիրության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերվել են 2 (Չարենցավանի հ. 3 հ/դ.,  Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Էօրնեկեան հանրակրթական դպրոց) ուսումնական հաստատությունում:

 Կոտայքի մարզի Չարենցավանի հ. 3 հ/դ-ի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Կոտայքի մարզպետին՝ քննարկելու, հայտնաբերված խախտումների հետեւանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, արդյունքների մասին տեսչական մարմին տեղեկացնելու առաջարկով: Արմավիրի մարզի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Ամենայն հայոց կաթողիկոսին: Առաջարկվել է քննարկել սովորողների հավասար հնարավորությունների ապահովման հարցը, ինչպես նաեւ վերջնական արդյունքների մասին տեղեկացնել ԿՏՄ: