Մնացական Մարտիրոսյանը չի մեկնաբանում Ծառուկյանի գործով հրահանգ ստանալու վերաբերյալ հարցը

Մնացական Մարտիրոսյանը չի մեկնաբանում Ծառուկյանի գործով հրահանգ ստանալու վերաբերյալ հարցը

Մենք այսօր հրապարակում էինք արել, որ իշխանությունն ամեն ինչ արել է, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը նախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա բոլոր իշխանությունների «սրտի դատավորն» է եւ մշտապես կատարել է վերեւից եկած հրահանգները։ Ըստ խոսակցությունների՝  դատավոր Մարտիրոսյանի հետ անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն է աշխատում։

Հրապարակումից հետո մենք կապ հաստատեցինք դատավորի հետ՝ հասկանալու՝ իրեն քաղաքական հրահանգ եղե՞լ է իշխանությունների կողմից այս գործով, ինչին ի պատասխան նա ասաց, որ հարցերին չի պատասխանում, բոլոր հարցերով պետք է դիմել դատական դեպարտամենտին։ Մինչդեռ անցյալում բազմիցս պատասխանել է մեր հարցերին եւ դատական դեպարտամենտի դուռը ցույց չի տվել։

Մենք գրել էինք նաեւ, որ նախաքննության մարմինը՝ ԱԱԾ-ն, հատուկ ձգել է միջնորդության քննությունը մինչեւ որ Մնացական Մարտիրոսյանի հերթապահության օրը լինի։ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկություններն, ասելով, որ իրենց տրամադրության տակ կան փաստական տվյալներ, որ ավելի շուտ էր հնարավոր գործն ուղարկել առաջին ատյանի դատարան․ «Կարող էր մակագրվել այլ դատավորի, այստեղ մենք միտում տեսնում ենք, որի մասին կխոսենք դատական նիստի ժամանակ»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ պաշտպանական թիմում քննարկվում է Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք նաեւ, որ երեկ մեզ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանի ծանուցագիրը նրան է հանձնվել անձամբ եւ ոչ թե փոստի կամ ոստիկանների միջոցով, ինչը սովորաբար արվում է, այլ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Առինջ եւ նրա տանը հանձնել իրեն։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։
Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։ Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։ Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Օրերս հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։
Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ ՄուլտիԳրուպ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը։