Այս նախագծով գույքահարկը չի՞ բարձրանա

Այս նախագծով գույքահարկը չի՞ բարձրանա

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը։ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ներկայացված փոփոխությունը չի վերաբերում գյուղատնտեսական նշանակության շինություններին։ Նկատենք, որ արդեն իսկ տեսակետ կա, որ սրանով ենթադրվում է՝  անշարժ գույքի գույքահարկը կբարձրանա։ Մինչդեռ Սարհատ Պետրոսյանը կոչ արեց փորձագիտական շրջանակներին զերծ մնալ տեղեկատվություն տարածելուց, թե այս նախագծով անխտիր բոլոր գույքերի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը․ դա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի փաթեթի հետ։ Բայց նրա ներկայացրած նախագծից հստակ չերևաց, որ եթե ոչ շոշափելի, ապա ինչ չափով կբարձրանա և որ դեպքում։

«ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկը, ըստ որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում  հողամասերը և (կամ) դրանց բարելավումները, և ըստ էության, Հարկային օրենսգրքի կիրարկմամբ առաջնահերթություն է տրվում անշարժ գույքի «հող» բաղադրիչին: Միաժամանակ ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 228-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ շենքեր, շինությունների և հողամասերի գործող կադաստրային արժեքներն ու հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչև անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվելու անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը»,- ասաց Պետրոսյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններն այս փաթեթում չներառվեն, տարանջատվեն՝ բերելով դրա համար մասնագիտական փաստարկներ և նկատելով, որ դրանից ոչինչ չի փոխվի։ Որոշակի քննարկումներից հետո համաձայնեցին Ջանջուղազյանի առաջարկին։

Եվ այն պահին, երբ վարչապետը քվեարկության դրեց նախագիծը,  ձայնի իրավունք խնդրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ փորձելով ընդդիմանալ, թե այստեղ խնդիրներ կան։ Բայց նրան թույլ չտվեցին միտքը շարունակել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագիծը քննարկվել է նախարարական կոմիտեներում և դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Վերմիշյանն էլ ասաց, թե իրեն չի ուղարկվել կոմիտեի որոշումը։ Բայց այս հարցին էլ արագ հիմնավորում գտան, թե ինչու նրան չի ուղարկվել, և նախագիծն արագ հավանության արժանացրին, անցան առաջ։