Վերադասավորումների ժամանակը

Վերադասավորումների ժամանակը

Շարժո՞ւմ,  թե՞ կուսակցություն

Հարցադրումը բոլորովին էլ նոր չէ: Շուրջ 30 տարի առաջ ղարաբաղյան հզոր շարժումը վերածվեց քաղաքական կառույցի՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության: Հսկայածավալ շարժումը, բնականաբար, չէր կարող տեղավորվել կուսակցական շրջանակի մեջ: Տեղի ունեցան համախումբ ուժի ջլատում ու պառակտում: Մեր կյանքում մեկ անգամ տեղի ունեցած երեւույթը նորից բախում է մեր դուռը: Ապրիլյան համաժողովրդական շարժումը վերածվում է իշխանակիր կուսակցության: Դա շարժման համար տառապալից ու վտանգավոր գործընթաց է: Վերջիվերջո, ջինը դուրս չի եկել ընդամենը մեկ շշից: Այն նման է եռացող կաթսայի: Հասարակության տարբեր շերտեր ու խմբեր ունեն իրենց շահերն ու իղձերը: Հսկայական ջին-շարժումը կամ նրա գերակշիռ հորձանքը մեն-միակ ՔՊ «շշի» մեջ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել: Դա անխուսափելիորեն կնվազեցնի շարժման էներգիան: Կլինեն նեղացածներ ու հիասթափվածներ: Շարժման կորագիծն իր գագաթնակետից նկատելիորեն կթեքվի ցած: Միշտ այդպես է լինում, երբ շարժման հրթիռը փոխարինվում է կուսակցական մեքենայով: Իհարկե, դրանով էլ կարելի է հասնել ցանկալի հանգրվանի: Անցյալի սխալները չկրկնելու համար պարզապես պետք է բծախնդրորեն ճշգրտել՝ ովքե՞ր են ուղեւորները: Արդյոք մեքենայում տեղ չե՞ն գտնի դիլետանտներ, ճարպիկներ ու պատեհապաշտներ: Երդումներն ու հավաստիացումներն այստեղ ավելորդ են: Ամեն մարդ փորձվում է գործով: Ասել են՝ «տուր իշխանություն` փորձիր հավատ»: Բայց ամենամեծ փորձությունը սպասվում է մեքենավար-առաջնորդին: Նա մարդ է «ափի» մեջ: Վար չի՞ իջնի, արդյոք, իր իսկ հռչակած նշաձողից: Դրանից կախված կլինեն մեքենայի անցնելիք ճանապարհի տեւողությունն ու երկարությունը։ Եվ, իհա՛րկե,  ուղեւորների գերակշիռ մասի վարքագիծը: Ընտրությունները վերահաստատեցին, որ ՔՊ-ն հայկական քաղաքական այգեստանի ամենաբարձր ծառն է: Ամռան տապին ծառերը գնահատվում են ստվերի երկարությամբ, աշնանը՝ պտղաբերությամբ: Արդ, բարդենո՞ւ, թե՞ թավշե պատյանով անուշ պտուղներ ունեցող ու եզակի հանգամանքներում վեր խոյացած նշենու հետ գործ ունի հայ հանրությունը: Առայժմ ձմեռ է:

Չորացած գետի հո՞ւն

ՀՀԿ-ի մասին խոսվել է բավականաչափ շատ, բայց ոչ այնքան ու այնպես, որ ամբողջովին պարզ դառնային նրա ձախողումների իրական պատճառները: Կուսակցության ղեկավար մարմինը խուսափեց իր անցյալի հետ առերեսվելու՝ գուցե ցավագին, բայց առողջարար գործելակերպից: Հրաժարվեց ինքնաքննադատության բուժիչ հնարավորությունից: Մերժեց  գործընկերների կառուցողական քննադատությունն ու ժամանակին արված զգուշացումները:  Չկամեցավ կատարել  վերլուծություն, դատապարտել իր իսկ մեղքով ձեւավորված արատներն ու ներողություն խնդրել ժողովրդից: Կուսակցությունը գործնականորեն չփորձեց հանրությանը ներկայանալ ընկալելի նպատակներով ու նորացված ղեկավար կազմով: Միակ իրական ընդդիմություն «դառնալուն» ուղղված ամեն կերպ ու ամեն ինչում հակադրվելու պարզունակ քայլերը խռովկան ու նեղացած տղայի տպավորություն թողեցին: Անցյալից դասեր չքաղելը, սեփական սխալների մասին լռելը, դրա փոխարեն դիմացինի վեցամսյա սխալները երեսով տալու սպառնալից տոնն ու հոխորտալից կեցվածքը նախընտրական քարոզչությունը վերածեցին հակաքարոզչության՝ ավելի շատ վանելով, քան համախմբելով պոտենցիալ ընտրողին: Սա այն դեպքն էր, երբ ոչինչ չանելը գուցե  ավելի արդյունավետ կլիներ: Բայց եթե անգամ  ընտրություններում հաղթահարվեր նվազագույն շեմը, միեւնույն է, ՀՀԿ-ի մոտ վաղուց առկա են քաղաքական հիվանդության լուրջ ախտանիշներ: Կուսակցության ղեկը գտնվում է նրանց ձեռքին, ովքեր կորցրել են իրականության զգացումը: Խորհրդարանական ընտրությունների շրջանակում աննկատելիորեն տեղի ունեցավ  յուրօրինակ մի հանրաքվե. ՀՀԿ 150 հազար անդամներից 90 հազարն իր կուսակցությանն ասաց «ոչ»: Ծիծաղելի կլիներ պատճառաբանել, թե այդքան մարդ լքել է կուսակցությունը: Ու եթե հաշվի առնենք, որ «կողմ»  քվեարկած 60 հազարի մեջ կան  նաեւ անկուսակցականներ, ապա աներկբա է, որ ՀՀԿ այսօրվա ղեկավարները չունեն մանդատ՝ ողջ կուսակցության անունից հանդես գալու: Նրանք պարզապես չեն ուզում ընդունել, որ  կուսակից ընկերների ոչ-ը վերաբերում է կուսակցության թե՛ գործելաոճին եւ թե՛ ղեկավար կազմին: Կուսակցության անդամների գերակշիռ մասի կարծիքը հաշվի չառնելով՝ ՀՀԿ ղեկավարությունը փաստացիորեն արդեն ջլատել ու պառակտել է կուսակցությունը: ՀՀԿ գալիք համագումարում պետք է մի վերջին  փորձ անել՝ լսելու այդ մեծամասնության ձայնը, հակառակ դեպքում կուսակցությանը սպասվում է հասարակությունից մեկուսանալու, աստիճանաբար կաստայանալու անփառունակ ճակատագիրը: Այդպես ՀՀԿ-ից կմնա մի պատկեր, որը նման կլինի  չորացած գետի հունի՝ տեղ-տեղ գոյատեւման համար մաքառող գաճաճ մոլախոտերով:

Ինչ ցանես, այն կհնձես

Թե ինչու խորհրդարանում չհայտնվեց քաղաքական դաշտի մյուս հերոսը՝ ՀՅԴ-ն, դժվար չէ կռահել: Իշխանությանը մաս կազմելու գայթակղությունը տարիների ընթացքում մաշեց նրա  սկզբունքայնության ռեսուրսը: Բաղձալի ու անաչառ ընդդիմությունից նա վերածվեց հենակավոր իշխանության՝ աչք փակելով երկրում խորացող արատների դեմ: Ետին պլան մղվեց հարյուրամյա կուսակցության իմաստնությունը: Մշուշվեց երբեմնի խարիզմատիկ կերպարը: Խամրեց նրա լեգենդը: Իհարկե, չկա չարիք՝ առանց բարիքի. ժողովուրդն արժանի ապտակ հասցրեց մի կուսակցության, որը, չնայած իր պատկառելի տարիքին, փորձում էր ոչ հարիր պահվածքով ծամածռվել՝  իշխանության սանդուղքին մոտենալու համար: Բայց որքան էլ այս պահին անհավատալի լինի, լուսանցքում մնացած բոլոր կուսակցություններից ամենաշատը հենց ՀՅԴ-ն ունի խորհրդարան վերադառնալու հնարավորություն: 

Նրա մասին  պատմական հիշողությունն այն պարարտ հողն է, որում ճիշտ ախտորոշմամբ բուժվելու, «արմատները սնելու,  ջրելու», ինչպես նաեւ նոր ու թարմ ճյուղեր աճեցնելու պարագայում կրկին արենա կգա քաղաքական այգեստանի այս վաղահաս խնձորենին:

Լիլի՞թ, թե՞ Եվա

Ինչ խոսք, ազգանպաստ յուրաքանչյուր գաղափար հնչեցվելու եւ գոյատեւելու իրավունք ունի: Ու եթե որեւէ գաղափար հնարավոր չէ կյանքի կոչել, դա դեռ չի նշանակում, որ այն անհնարին է ընդհանրապես: Պատմական երեւույթներն ի հայտ են գալիս պատմական հանգամանքներում: Բայց դրանց հասունացման ու կենսագործման ժամանակը կռահելն է դժվար: «Մենք»-ի դիրքորոշումը հստակ էր. ուժը, առանց սեթեւեթանքի,  իրեն հռչակեց արեւմտամետ: Անշուշտ, երկարատեւ պատմության երթում մենք հաճախ ենք հայտնվել երկվության վիճակում: Մարմնապես լինելով Արեւելքում, հայացքներս միշտ հառել ենք դեպի Արեւմուտք, որը հմայիչ երազներ ու հեքիաթներ է ծնել մեր մեջ՝ սիրառատ,  խենթացնող ու կիսամերկ Լիլիթի պես: Ո՜նց ենք ուզեցել գրկել նրան, հագուրդ տալ մեր արիական ու արուական երազանքին, բայց ամեն անգամ ինչ-որ անբացատրելի հնարքով ամենակարեւոր պահին նա դուրս է թռել մեր անհրապույր խրճիթից: Ու երբ կոտրված ու հիասթափված շուռ ենք եկել, անկյունում տեսել ենք ոչ այնքան գրավիչ, բայց մեր վերադարձին սպասող ու դրանով իսկ իր արժեքն իմացող Եվային: Ողջ գիշեր քրթմնջացել ու շուռումուռ ենք եկել անկողնում, իսկ լուսաբացին գլխի ընկել, որ փոփոխամիտ կնոջից գերադասելի է զավակ երկնելուն պատրաստ այդ գեղջկուհին: Հասկացել ենք ու հաջորդ գիշեր Լիլիթի «մուռը» նրանից հանել: Թե սեր էլ չի եղել, եղել է ուրիշ մի բան: Ու խնդիրը Լիլիթի չբռնվող տեսակը չէ միայն: Եվայից պոկվելն է դժվար. մեջտեղը երեխա կա:

Մյուսները

Կուսակցությունների գոյությունն ինքնանպատակ չէ: Լինելով որեւէ խավի շահերի արտահայտիչը՝ նրանք միաժամանակ ծրագրերի մշակման դարբնոց են: Կախված երկրի զարգացման այս կամ այն փուլի առանձնահատկություններից՝ ժողովուրդը նախապատվությունը տալիս է արդեն մշակված, հղկված ու առավել հավատ ներշնչող ծրագրին: Ուստի երկրի հզորության կարեւոր հատկանիշներից մեկն էլ տարբեր սցենարներին համահունչ ծրագրեր ունեցող կուսակցությունների առկայությունն է: Ժողովրդավարական երկրներում պետությունը շահագրգռված է քաղաքական կուսակցությունների ձեւավորմամբ, կայացմամբ ու բնականոն գործունեությամբ: Ժողովրդի շահերով առաջնորդվող կուսակցությունը նույնպես ազգային հարստություն է: Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը, որոնց մասին դեռեւս առիթ կլինի խոսելու, խոստացել են Հայաստանը դարձնել բարգավաճ եւ լուսավոր: Իսկ արտախորհրդարանական առկա եւ ստեղծվելիք ուժերին սպասվում է մասնակցություն քաղաքական դաշտի հետագա բյուրեղացման գործընթացին, որն առժամանակ հետաձգվեց արագընթաց ընտրությունների պատճառով: Ի դեպ, հապճեպ ընտրությունների գործընթացը նման է խաղողի չհասունացած ճմռուկից օղի թորելուն, որի արդյունքում, ինչ ուզում ես արա, համի առումով ինչ-որ բան պակաս է լինելու: Իհարկե, կա մի այլ մտահոգություն էլ. արդյոք չկա՞ն մարդիկ, որոնք ավելի վաղ հագեցել են նույն ճմռուկի օշարակով՝ մաճառով: Հայտնի բան է, որ մաճառից անսպասելի գլխապտույտ է առաջանում՝ սկզբում հաճելի, հետո՝ անկառավարելի: Բայց ավելի լավ է գուշակություններով չգայթակղվենք: Ուղղակի լինենք համբերող ու լավատես: Հատկապես, որ ամանորյա սպասումները ներծծված են հույսերով, իսկ քաղաքական դաշտում դեռեւս թեւածում է վերադասավորումների ժամանակը:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ