ՌԴ-ում հասկանում են, որ էդ զանգվածը իշխանամետ թևին է հարում

ՌԴ-ում հասկանում են, որ էդ զանգվածը իշխանամետ թևին է հարում
Սմբատ Կարախանյան

  Խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, որ Երեւան մեկնելից օդանավակայանում իրենից հայերեն անձնագրի ռուսերեն թարգմանությունն են ուզել։ Առհասարակ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները սկսել են դժգոհել, որ հայերի նկատմամբ ՌԴ-ում վերջին շրջանում վերաբերմունք է փոխվել, ինչը ակներև է հատկապես օդանակավակայաններում, երբ հայաստանցիներին տրամադրվում են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար ամենաանհարմար միջանցքերը, հաճախ կոպտում ու չորում են։ Իսկ օդանավակայանում անձնագրի թարգմանությունն ուզելը բնորոշ էր հեռավոր 90-ականներին՝ երբ հազար ու չկարգավորված խնդիր կար երկու պետությունների միջեւ։ 

 ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց, թե ռուսական կողմից որևէ կարգ է փոխվել, համենայն դեպս իրենք տեղյակ չեն և խնդրեց, որ քաղաքացու տվյալները փոխանցենք ՀՀ ԱԳՆ-ին՝ իրենք կուսումնասիրեն այդ դեպքը։ 
«Արմենիա միջազգային օդանավակայանների» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն էլ ասաց, որ ո՛ չ մեզ մոտ, ո՛չ նրանց անձնագրի թարգմանության պահանջ չեն դնում։ Այլ բան է, որ, ըստ Գևորգի, հայերեն ու լատինատառ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագրի թարգմանություն ՌԴ-ում պետք կարող է գալ տարբեր նոտարական ու ոչ նոտարական գործարքներ կնքելու ժամանակ, ինչը միշտ պահանջվել է։

Նշենք, որ չնայած տարիներ շարունակ հայ խորհրդարանականները բարձրացնում են հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում մեքենա վարելու արգելքը չեղարկելու հարցը, այն տեղից չի շարժվում և հիմա էլ բարեհաջող կերպով 6-րդ գումարման ԱԺ-ից փոխանցվել է 7-րդ։

Այսօր էլ ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, թե Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպումների ժամանակ բանավոր պայմանավորվածություն է եղել, ասվել է, որ ռուսները պետք է իրավական ակտ ընդունեն, որ չեղյալ համարվի այդ արգելքը, Ինչևէ, ռուսական կողմը հայտնել է, թե  այս հարցի վերաբերյալ արդեն նախապատրաստվում է այդպիսի որոշում։ Նշենք, որ  այս պահին զբոսաշրջության նպատակով Ռուսաստան այցելած ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մեքենա վարել իրենց վարորդական վկայականով, բայց այլ բան է, եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ ընկերություններից մեկում և ունի ՀՀ-ի կողմից տրված վարորդական վկայական, այդ դեպքում նա չի կարող վարել ավտոմեքենա: 

Այն ֆոնին, որ Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ֆոնին  կշտամբանքներ է ստանում ամերիկյան Պետդեպից, անհասկանալի է, թե ինչու պետք է հայերը ռազմավարական դաշնակցի երկրում դժվարություններ ունենան, ռուսաստանյան մեդիադաշտը քննադատի ու ակնհայտ բացասական հրապարակումներ անի Հայաստանի մասին։

Միայն այդ հրապարակումների վերնագրերը բավական են․ «Հայաստանը դառնում է հեղափոխություն արտահանող կենտրոն» կամ «Հայաստանը հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխականների համար դարձել է ուխտատեղի» և այլն։ 

Այս թեմայի շուրջ զրուցեցինք Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, ով ասաց, թե Հայաստանում էլ են այս հարցով շահարկումներ արվում։
«Լրագրողները, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանն իր կարծիքն է արտահայտել, բայց դա չի նշանակում՝ հարձակումներ։ Ցանկացած երկրում էլ, եթե այլ երկրից խոսնակներ բերեն ու նրանք այլ՝ երրորդ երկրում, ենթադրենք, խոսեն ու օրինակներ բերեն, սովորացնեն՝ ոնց ստել, հեղափոխություն կազմակերպել, որտեղ լռել, որտեղ խոսել, այսինքն՝ սովորեցնեն  հեղափոխության տեխնոլոգիաներին, ապա կարող է, այո, նման կարծիք լինել, որ Հայաստանը որպես ՌԴ-ին դաշնակից երկիր, լինելով՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, իր տարածքում նման բան է թույլ տալիս։ Եվ ՌԴ-ում էլ շատ լավ հասկանում են, որ էդ էն զանգվածն է, որն իշխանամետ թևին է հարում։

Բայց պետական, պաշտոնական մակարդակով ոչ մի գնահատական անդրադարձ չի եղել, կա քաղաքական դաշտում անդրադարձ, մի քիչ չհասկացվածություն, ու առանձին կարծիքներ, որ սենց բաներ, իհարկե, չի կարելի անել։ Այսինքն՝ մեղմ ասած, հարթակ տրամադրել հակառուսական ագրեսիվ քարոզչության համար։ Կամ սովերեցնելու համար, ինչը շատ անդուր է»,-գնահատեց Սմբատ Կարախանյանը։

Հիշեցնենք, որ «168 ժամ»-ը երեկ հրապարակում էր արել, որ Մյունխենի  անվտանգության համաժողովի շրջանակում  ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ակտիվ քննարկվել է 2 թեմա, որից մեկը վերաբերում է այս խնդրին․ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երեւանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, իսկ  Զոհրաբ Մնացականյանն էլ ասել է, որ այլեւս ուշադիր կլինեն, եւ, իհարկե, թույլ չեն տա, որ նման բան կրկնվի։

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարված է ռուսական համապատասխան ծառայության, առհասարակ ուժային կառույցների հետ համագործակցել եւ տեղեկատվություն փոխանակել։

Սմբատ Կարախանյանը ենթադրում է, թե ինչ է ասվել ոչ պաշտոնական մակարդակում։
«Որ եթե Հայաստանը պետք է դառնա հարթակ էդ տեսակ կազմակերպությունների, ճամբարների, բազաների համար, որտեղ պետք է պատրաստեն հակառուսական կամ գունավոր հեղափոխությունների կազմակերպման ու զարգացման ուսուցողական կենտրոններ, որոնք ուղղված են ՌԴ ազդեցության հակազդեցությանը, ՌԴ քաղաքականության սանձմանը, իրենց բառերն եմ ասում, էս դեպքում Հայաստանը պետք է հասկանա՝ կամ ինքը ՌԴ դաշնակիցն է՝ միջպետական խորացված հարցերով՝ վարկեր, զենք և այլն, կամ Հայաստանը հստակ ասում է, թե ինչ է ուզում ինքը անել»,-ամփոփեց Կարախանյանը։