Թոռնիկիս հետ «Քաջ Նազարն» եմ կարդում

Թոռնիկիս հետ «Քաջ Նազարն» եմ կարդում

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը, որն այսօր Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն էր եկել՝ հարգանքի տուրք մատուցելու վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։

-Մեկ տարի է, ինչ հեռացել եք իշխանությունից, ի՞նչ զգացողություններ ունեք։

-Այն ժամանակ էլ, հիմա էլ տարբերությունն ինձ համար մեծ չէ։ Իշխանազավթման պրոցեսն ինձ բերեց այն համոզման, որ ես պետք է Հովհաննես Թումանյան կարդամ։ Այդ հանճարեղ լոռեցու հեքիաթներն եմ կարդում, հատկապես՝ «Քաջ Նազարը»։ Ես իմ փոքր թոռների հետ կարդում, վերլուծում եմ, դրանից հետո թոռնիկս ասաց՝ բա պապի ասում ես, թե հեքիաթ է, բա լավ էլ իրականություն է։ Մենք մեր շրջապատում տեսնում ենք այդ բոլորը։

-Փորձե՞լ եք վերլուծել, հասկանալ, թե ինչու ժողովուրդը մերժեց ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին։

-Իհարկե, եղել են վրիպումներ, սխալներ, ՀՀԿ-ի շարքերն էին ներթափանցել մարդիկ, որոնք կապ չունեին ո՛չ այդ գաղափարախոսության հետ, ո՛չ հայրենիքի հետ։ Բայց ես կարծում եմ, որ այնտեղ առողջ մի կորիզ կար, որը պայքարում էր, հիմա էլ է պայքարում, անելու է ամեն ինչ, որ հայրենիքն անվտանգ ու հզոր լինի։ 

-Չե՞ք կարծում, որ մեր ժողովուրդը մերժում է երկար տարիներ իշխանության ղեկին նստած ղեկավարներին, ասիական մտածելակերպը՝ անկախ այն բանից, թե ով է նստած իշխանության ղեկին, մարդիկ կարծում են, որ նույն անձինք տասը տարուց ավելի չպետք է լինեն իշխանության ղեկին։

-Ես կարծում եմ, որ Դուք իրավացի եք։ Հայաստանյան իրականության մեջ իրոք դա այդպես է։ Եթե մենք այսօր կղզիացած, շրջափակված երկիր ենք, չունենք հնարավորություն՝ երկիրը դուրս բերելու ցնցումներից, ժողովուրդը փոփոխության կարիք ունի եւ մտածում է, որ նոր եկողն ավելի լավը պետք է լինի։ Ես դա թողնում եմ ժողովրդին, թող ինքը որոշի, թե Սերժ Սարգսյանին մերժելով, հիմա ինչ է ասում Նիկոլ Փաշինյանին։ 

-Ներկա իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ, քրեական գործեր կան հարուցված նախկին իշխանությունների մի շարք կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ։

-Ես կարծում եմ, վստահաբար ասում եմ՝ այն մարդիկ, որոնք մտել են ժողովրդի գրպանը եւ թալանել են նրան, պետք է պատասխան տան օրենքի ուժով։ Մենք այսօր պետք է մտածենք նաեւ արտաքին վտանգների մասին։ Երկիրը լցված է տարբեր տեսակի, ծայրահեղ, օտարերկրյա փողերով աշխատող մարդկանցով, որոնք մի նպատակ ունեն՝ քայքայել եւ՛ հոգեվիճակը, եւ՛ հզորությունը։ Մեկն ասում է՝ բանակ չենք գնում, մյուսը մեկ այլ բան է ասում։