«Առավոտ». Բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չէ

«Առավոտ». Բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չէ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համա­լիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետևյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը:

Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական և պետական ապարատի չինովնիկները (հատկապես առևտրի և իրավապահ ոլորտի), ինչպես նաև կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատա­վարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաև մինչև 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար: 

Այդպես էր նաև խորհրդային մյուս հանրապետու­թյուններում, և, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում և Ադրբեջանում:

Ինչ մնում է անկախության հարցին, ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայ­րենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմա­նը: 

Այնպես որ, կառավարությունը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ և իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը և քարոզչական մոտեցումները:

Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ և հանցագործություններ, և շատ ցան­կալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դա­տարանի առջև: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատ­մության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուց­վել և միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղե­տի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել և միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չի, ավելին՝ դա նաև խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետև մտա­վախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաև հաջորդ իշխանությունը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում