ԵՊՀ-ն չի հանդարտվում. Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին

ԵՊՀ-ն չի հանդարտվում. Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։ Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից: Այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել եւ հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ եւ ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը: Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից եւ գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից։

Մասնավորապես գնացել է Երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ եւ պնդել, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի եւ գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան․ «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», եւ կոպիտ ձեւով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով։ Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանի, կենսաբանականի դեկան Էմիլ Գեւորգյանի, միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ: Հեռանալու վտանգի առջեւ հայտնված դեկանները եւ ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովն իրականում ոչ թե ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխումներ անելու իմիտացիա ստեղծելու եւ Սիմոնյանի պաշտոնավարումը եւս մի քանի ամսով երկարաձգելու համար: 

Նրանք պնդում են, որ Սիմոնյանն իր մերձավորների եւ հանձնաժողովի ձեռքով ուզում է ազատվել այն դեկաններից, ովքեր հեղափոխության օրերին թույլ են տվել Նիկոլ Փաշինյանին մտնել իրենց ֆակուլտետներ, եւ, ինչպես ինքն էր փակել կենտրոնականի դռները, նրանք չեն փակել իրենց մասնաշենքերի մուտքի դռները եւ Փաշինյանին ու իր թիմակիցներին անարգել ներս են թողել ԵՊՀ մասնաշենքեր: 

ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանություն տալ։ Լսելով Վահե Հովհաննիսյանի անունը՝ Գրիգորյանը միանգամից նետեց․ «Դա ինձ չի վերաբերում»։ Իսկ հարցից հետո, թե իրեն առաջարկե՞լ են հեռանալ ԵՊՀ-ից, նա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին։ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ ասաց, որ նման բան առաջին անգամ է լսում։ 
Սակայն մեր տեղեկությունները, ըստ էության, հաստատեց հենց Վահե Հովհաննիսյանը՝ ասելով, որ նրանց հետ զրույց ունեցել է։ Նախ հարցրինք, թե ինչով է զբաղված հանձնաժողովը, ինչ են պլանավորել այդ 2 նիստերի ընթացքում։ «Առաջին նիստը՝ զուտ ծանոթություն, ճանապարհային քարտեզի մշակում, աշխատանքի պլանավորում, եւ երկրորդ նիստում՝ արդեն կոնկրետ որոշումներ»։

Հարցրինք, թե ինչ ճանապարհային քարտեզ են պլանավորել։ «Որոշել ենք մեր գործունեության հիմնական ուղղությունները։ Առաջին փուլում դա լինելու է առկա խնդիրների գույքագրում, թե ինչ խնդիրներ կան համալսարանում կամ դրա առանձին ստորաբաժանումներում։ Գույքագրումից հետո լինելու է կոնկրետ թերությունների վերացմանը եւ հեռանկարային զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի մշակում, կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ, եւ երրորդը՝ մենք որոշ առումով անդրադառնալու ենք կադրային քաղաքականությանը, թե ինչ չափանիշներով է հնարավոր այդ ծրագիրը կյանքի կոչել»։ Կադրային քաղաքականության շրջանակներում արդեն կա՞ն ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ, ամբիոնի վարիչներ կամ դեկաններ, որոնց Հովհաննիսյանը չի տեսնում բարեփոխումների տրամաբանության շրջանակներում։ «Չէ, դա մի քիչ կատեգորիկ է, մենք անձերով հարց չենք լուծում, մենք ընդամենը որոշել ենք չափորոշիչներ սահմանել՝ սկզբնական շրջանում վարչական պաշտոն զբաղեցնելու համար, այդ չափորոշիչների մեծ մասն արդեն իսկ կան, ուղղակի մենք ավելի մանրամասնելու ենք այդ չափորոշիչները։ Դրանից հետո արդեն այն անձինք, որոնք, կարճ ասած, բարեփոխումների տրամաբանությանը հակառակ կգործեն, պարզ է, որ փաստն արձանագրվելու է»։ Ավելի հստակեցրինք հարցը՝ կա՞ն ԵՊՀ-ում անձինք, որոնք բարեփոխումների տրամաբանությանը հակառակ են գործում։ «Հակառակ գործող անձանց մասին չեմ կարող ասել, մի քիչ էթիկապես ճիշտ չի լինի հիմա դրա մասին բարձրաձայնել, բայց նման խնդիր համալսարանում կա»։

Այնուհետեւ հարցն ուղիղ ձեւակերպեցինք․ Հովհաննիսյանը մտե՞լ է Արծրուն Ավագյանի եւ Մարատ Գրիգորյանի մոտ՝ նրանց հորդորելով հեռանալ համալսարանից։ «Գիտեք՝ մասնավոր զրույցները ես իրավունք չունեմ բացահայտելու։ Ես ունեցել եմ մասնավոր զրույց, որի կոնտենտը բացահայտելը կոռեկտ չէ»։