«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է վիճակ փոխել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է վիճակ փոխել

Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն աչքի չի ընկնում բարձր ինտելեկտով, ու շատերը՝ բոլոր խմբակցություններից, իրենց մտավոր ունակություններով չեն տարբերվում Շմայսից, ուղղակի, ի տարբերություն նրան, փողոցային բառերով ու ժարգոնով չեն խոսում: Առայժմ:
Բայց դեռ ամեն ինչ կորած չէ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է վիճակ փոխել: Եթե կամենա: «Բարգավաճ Հայաստանը» չի կարող: Ոչ միայն այն պատճառով, որ չի ուզում, այլ նաեւ այն պատճառով, որ հենց սկսի մտածել ուզելու ուղղությամբ, իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կարող է անել այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը 2015 թվականի փետրվարին: 

Ուրեմն մնում է միայն «Լուսավոր Հայաստանը»: ԼՀԿ-ն Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահի աթոռին տեսնելուն կողմ էր: Քանի որ Արարատ Միրզոյանի տեղակալը ԲՀԿ-ական Վահե էնֆիաջյանն էր լինելու, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կողմ էր քվեարկելու Արարատ Միրզոյանի թեկնածությանը: Ստացվում է՝ Էդմոն Մարուքյանի թիմը վախեցավ միակ դեմը լինելուց: Հուսանք՝ սա կլինի «Լուսավոր Հայաստանի» առաջին ու վերջին վախը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ փոքրաթիվ ընդդիմադիրները հաջողել են տապալել մեծամասնության ծրագրերը կամ գոնե անհարմար վիճակի մեջ դրել նրանց:

Օրինակ՝ 2007 թվականին, երբ հանրապետական մեծամասնությունը փորձում էր փոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքները, որ «Ազատություն» ռադիոկայանը Հանրային ռադիոյի եթերով չհեռարձակվի: Լրագրողները նախագիծն անվանեցին «Ազատություն» ռադիոկայանը փակելու մասին օրենք, ընդդիմադիր 7 հոգանոց «Ժառանգություն» խմբակցությունն իր իրավունքներից տեղյակ էր, ամեն քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց, հանրապետականները հեռացան դահլիճից, ու նախագիծը չընդունվեց: «Ազատություն» ռադիոկայանը Հանրայինի եթերից հեռացվեց կոնկրետ պաշտոնյայի ստորագրությամբ:

Այս դեպքից առաջ ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Վիկտոր Դալլաքյանը քաղաքական հնարքներով, առանց օրենք խախտելու, հաջողեցին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվստահություն հայտնելու հարցը մտցնել ԱԺ նիստերի օրակարգ: Իհարկե, ԱԺ-ն անվստահություն չհայտնեց, բայց երեւացին հանրապետականների վախն ու սարսափը, մտավոր մակարդակի անհուսալի ցածր վիճակը:
131 պատգամավորով չորրորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգությունը» յոթ պատգամավոր ուներ: 132 պատգամավորով յոթերորդ գումարման ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանն» ունի 18 պատգամավոր՝ ավելի քան երկու անգամ շատ քաղաքական կապիտալ: Հենց սրա համար եմ ասում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է վիճակ փոխել: Եթե կամենա:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ