Նախկինում նիկոլական, այժմ՝ քոչարյանական

Նախկինում նիկոլական, այժմ՝ քոչարյանական

Նախկինում «Իմ քայլը» դաշինքի համակիր, հեղափոխության օրերիին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած Սեւակ Մարտիրոսյանն այժմ անցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմը եւ սատարում է Քոչարյանին։ Մարտիրոսյանի մասնակցությամբ լուսանկարներ են շրջանառվում համացանցում, որտեղ նա Արարատ Միրզոյանի հետ է, Մանվել Գրիգորյանի կալանավորման համար պայքարող ակտիվիստների հետ, իսկ այժմ դատարանի բակում ակցիա է անում ի աջակցություն երկրորդ նախագահի։

Սեւակ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված նրա այս անցումը, պատասխանեց․ «Նախ ես աջակցել եմ ժողովրդին, ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Նիկոլ Փաշինյանին, համաժողովրդական շարժում են սկսել, գաղափարը դրել են նրա վրա, որ նման բաներ չպետք է լինեն,նախկին ռեժիմի սխալներն են մեջբերում արել, որ սա չպետք ա լինի բարեկամներ, աջակիցներ մի կողմի վրա պետք է դրվի, եւ շեշտը դրվի ճիշտ քաղաքականության վրա։ Բայց իշխանության գալուց հետո 360 աստիճանով հակառակն արեցին, նորից նույն ծանոթ-բարեկամները։ Ի՞նչ է նշանակում՝ դու տրանսգենդերին խրախուսում ես, մի բան էլ պաշտոների ես նշանակում։ Կուտակայինը պիտի հանվեր, կամերաները, կարմիր գծերը․․․»։

Նրա խոսքով՝  իշխանությունը Քոչարյանի դեմ վենդետա է իրականացնում․ «Սա փուչիկ գործ ա, որը տրաքելու ա։ Ինքը որպես քաղաքական լիդեր, պետական գործիչ ու ազգի հերոս հիմա հալածվում ա ներկայիս իշխանությունների կողմից։ Ես ի սկզբանե կոնֆլիկտներ եմ ունեցել ՔՊ շտաբի ղեկավարների հետ  Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Հենց կոնկրետ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Էսօրվա դրությամբ հասկացել ենք, որ ազգի փրկությունը գալիս է դեպի Ռոբերտ Քոչարյան։ Էդ մարդու շնորհիվ է, որ մենք էսօր կանք ու պետականություն ունենք։ Բոլորը միահամուռ կասեն՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք շատ լավ ենք ապրել»։