Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ

Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ

Իրավապաշտպան, ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ հեղափոխությունն ավարտված է, եւ դեկտեմբերի 9-ից սկսում ենք ապրել զրոյից, քաղաքական ուժերը նորովի են դիրքավորվելու, բայց նաեւ ակտիվանալու են հին մարտահրավերները։

«Ղարաբաղ չասեմ՝ մաքսային օրենսդրությունը, օրինակ, որը գրված է օլիգարխիկ շահերից ելնելով։ Եթե դու ուզում ես օրենքով աշխատել, սնանկանում ես։ Բայց դրանից կախված է, թե դու ներկրում ունենալո՞ւ ես, թե՞ չէ, մարդկանց ձեռք տալի՞ս է շաքարավազ բերելը, թե՞ դու գնալու ես էլի մոնոպոլիայի։ Պետք է ստեղծել մի միջավայր, որ ամենաապաշնորհ մարդն էլ բիզնես կարողանա անել։ 800 հազարից առնվազն 400 հազարը պետք է աշխատեն ու պահեն իրենք իրենց»։ Նրա հետ զրուցեցինք որպես մի ուժի ներկայացուցչի, որը մի անգամ հանձնել է իշխանությունն ու երկար տարիներ անց վերադարձել է քաղաքական դաշտ։

- Կուզեի որպես իրավաբան ու նաեւ քաղաքական գործընթացների մասնակից՝ գնահատեիք դեկտեմբերի 9-ի ընտրությունները ընտրական մշակույթի եւ իրավունքի տեսանկյունից։

- Դեկտեմբերի 9-ի քվեարկությունը ես համարում եմ ապրիլյան հեղափոխության ամենամեծ նվաճումը։ Ընտրողը դարձավ գործոն՝ անկախ նրանից, թե ում է ձայն տալիս։ Տեսեք, մենք անկախությունից անմիջապես հետո օրենք չունեինք, բայց ունեինք արդար ընտրություններ անցկացնելու կամք։ Առաջին նախագահի ընտրություններն անցկացրել ենք ոչ թե Ընտրական օրենսգրքով, այլ նախագահի՝ ընտրությունների մասին օրենքով, որն էլ հղում էր տալիս ընտրությունների մասին ԽՍՀՄ օրենքին կամ սովետական օրենսդրությանը, որն ընդամենը տեխնիկական հարցեր էր կարգավորում։ Ընտրակեղծիքներ եթե լինում էին, ապա լոկալ էին եւ պետության կողմից կազմակերպված բնույթ չէին կրում։ Մեծամասնական ընտրակարգ կար, որով առաջադրված թեկնածուները փորձում էի խախտումներ անել։ Հետո եղավ նոր օրենսգիրք, նոր Սահմանադրություն, խաղի կանոնները հստակեցվում էին, քիչ-քիչ անցում էր կատարվում մեծամասնականից համամասնական ընտրակարգի։ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, հաստատվեց քոչարյանական ռեժիմը, ու ամենամեծ հարվածը, որ Քոչարյանի կողմից հասցվեց մեր պետությանը, դա այն էր, որ ընտրական գործընթացները՝ քանի հոգուց պետք է կազմված լիներ պառլամենտը, քանիսն ընդդիմադիր լինի, թվերը փոխելը, այլեւս սկսեցին կառավարվել իշխանական բուրգի վերեւներից։ 98 թվականի ընտրություններին վստահված անձ էի մի տեղամասում, որտեղ բոլոր քվեաթերթիկները վերացվեցին, զրոյից նոր քվեաթերթիկներ գրեցին, դրեցին պարկերի մեջ ու տարան ԿԸՀ։ Սկիզբ դրվեց ընտրակեղծիքների մեխանիզմի, որը կատարելագործվել էր 2017 թվականին։

- 2017 թվականի ընտրությունից ի՞նչ ակնհայտ դեպք եք հիշում, որը բնութագրական է։

- «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հայտնաբերվեցին ցուցակներ, որտեղ գրված էր, թե ոստիկաններից ով որտեղ է քվեարկելու։ Գնդից հանել էին ցուցակները, թե ով որտեղ էր քվեարկելու, այդ ինֆորմացիան տվել էին տեղամասերի վերահսկողներին, որպեսզի նրանք հսկեն, թե ոստիկանները որտեղ ոնց պետք է քվեարկեն։

- Ձայնի մեծածախ առեւտուր էր…

- Բացի այն, որ ձայն էին առնում, նաեւ տեղամասում էին վերահսկում։ Ես միշտ ապրիլյան հեղափոխությունը կապում եմ 2017 թվի ընտրությունների հետ։ «4+4+4+4»-ի բանակցային գործընթացից հետո, երբ որ ըստ էության տեղամասում այլեւս հնարավոր չէր խախտումներ անել, ռեժիմն այդ բոլոր գործիքները՝ ձայն բերելու, հավաքելու, տարավ տեղամասից դուրս։ Դա արվում էր վարչական ռեսուրսները 100 տոկոսով տիրապետելու, կոռուպցիան իդեալական մակարդակի հասցնելու ու քրեաօլիգարխիկ ազդեցությունն ադամանդի պես փայլեցնելու ու օգտագործելու հաշվին։ Ստացվեց այնպես, որ, օրինակ, ամեն տեղամասի պատասխանատուն գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ ասում էր, թե քանի ձայն է բերելու իշխանությանը։ Հենց այդ ճնշումը ընտրություններից մեկ, երկու ամիս հետո բերեց հեղափոխական պայթյունի։

- Դեկտեմբերի 9-ի ընտրություններին ինչպե՞ս աշխատեց ՀՀԿ-ի գրած ընտրական օրենքը, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգը։

-  ԱԺ ընտրությունները նոր Սահմանադրությամբ ամենաքաղաքական միջոցառումն են։ Եթե մենք լինեինք դեմոկրատական պետություն, ռեյտինգային ընտրակարգը կարող է լավ աշխատեր։ Դա լավ բան է, եթե դու ձայն ես տալիս կուսակցությանը, նաեւ քվեարկում ես այնպիսի թեկնածուի օգտին, որն ինչ-որ կերպ կապված է տարածքի հետ, ծանոթ է դրա խնդիրներին։ Բայց դեմոկրատական ընտրական ավանդույթի բացակայությունը բերում է մի իրավիճակի, երբ որ երկրորդ պլան է մղվում քաղաքական կոմպոնենտը։ Առաջնային են դառնում թաղի տղեն, հարազատը, բարեկամը, բարերարը։

- Եվ թիկնապահները դառնում են օրենսդիր։ Այսօր լուրջ գործիչները, այդ թվում նաեւ ձեր կուսակցության անդամները, ընդդիմադիր ուժեր, դրսում են։ Այս ԱԺ-ն ինչպե՞ս է աշխատելու առանց պառլամենտական ընդդիմության։

- Դասականը կասեր՝ թողեք, թող աշխատեն։ Նախ, այսօր ինձ համար անհասկանալի է, թե ինչին պետք է ընդդիմություն լինեն։ Որովհետեւ կառավարության այն ծրագիրը, որը ներկայացվել է մայիսին՝ վարչապետի կողմից, մենք դիտարկել ենք որպես առաջիկա մի քանի ամիսների ծրագիր։ Փաստորեն, մի երկու բան կար այնտեղ գրված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, նոր արտահերթ ընտրություններ։ Համարենք, որ մեծ մասամբ այս ծրագիրն իրականացրել է։ Այ, հիմա, երբ որ կառավարությունը ծրագիր կբերի, թե՛ ներսում, թե՛ դրսում հնարավոր է ուժերի դասավորումն արդեն ուրվագծվի։

- Չե՞ք փոշմանել, որ չեք մասնակցել ընտրությանը։

- Համարում ենք, որ Կոնգրեսի որոշումը կայացվել է շատ երկար քննարկման արդյունքում։ Այս պահին հարցին չեմ պատասխանի։ Կանցնի ժամանակ, կխոսենք։

- Ձեւավորվել է առանց հակակշիռների խորհրդարան։ Ի՞նչ հետեւանք սա կունենա։ Կառուցողական ընդդիմությո՞ւն է լինելու։

- Առանց հակակշիռների ցանկացած իշխանություն ունի փչանալու հատկություն, մանավանդ, երբ որ այն ավելի քան սահմանադրական մեծամասնություն ունի։ Ֆրանսիայում այդ հակակշիռը մեքենա վառելով է, մի ուրիշ տեղ՝ կառուցողական ընդդիմություն ասվածով։ Ախր, մեզ մոտ այդ կառուցողական ասվածն այնքան լղոզված է եղել։ Եղել է հանցագործ իշխանություն։ Դրա հետ կառուցողական ընդդիմություն լինելն անհասկանալի էր։

- ՀՀԿ-ի հետ ի՞նչ է լինելու։ Փողի իշխանության վրա ստեղծված կուսակցությունը շանս ունի՞ լավը դառնալու։

- Չէի ասի՝ փողի։ Դա եղել է Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցությունը, մինչեւ իշխանություն դառնալն էլի իշխանության մաս է կազմել։ Եղել է համեստ, մի քանի ինտելեկտուալ ու հայրենանվեր մարդկանց կուսակցություն։ Հետո եկել է պահ, երբ որ ՀՀԿ-ն դարձել է հանցագործ իշխանություն։ Ես դեմ եմ քաղաքական ուժեր, կուսակցություններ փակելուն։ Հեղափոխության տրամաբանության մեջ էր, ու ես վստահ էի ինչ-որ պահի, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու այս ընտրություններին։

- Դուք դա ասում եք որպես իշխանափոխության արդյունքում հեռացած կուսակցության անդա՞մ։

- 1998-ի եւ 2018-ի իշխանափոխության միջեւ շատ մեծ տարբերություն կա։ Այն ժամանակ հեղափոխության հասարակական պահանջ չի եղել, փողոցում միտինգներ չեն եղել, գաղափարական պայքար է եղել, պատերազմի ու խաղաղության կուսակցության միջեւ բանավեճ է եղել, որի արդյունքում, Տեր-Պետրոսյանի խոսքով ասած, խաղաղության կուսակցությունը պարտվել է պատերազմի կուսակցությանը եւ հեռացել է իշխանությունից։ Դրանից հետո եկած ընտրություոններին ՀՀՇ-ն չմասնակցեց իր որոշմամբ, որպես հեռացած քաղաքական ուժ՝ ճանապարհ տվեց մյուսներին, բայց սա չի նշանակում, որ ՀՀՇ-ն փակվեց կամ վերացավ։ Փառք Աստծո, տեսնում ենք, որ ՀՀՇ-ն, իսկ հետագայում՝ ՀԱԿ-ը, մնացին որպես ակտիվ, ամենադեմոկրատական ուժ, իր որոշումներ կայացնելու կերպով, ինտելեկտուալ բազայով։ Ես շատ կուզեի, որ էս տեսակ 4-5 կուսակցություններ լինեին, ու պայքարը գնար նրանց մեջ։ ՀՀԿ-ն կարող էր դրանցից մեկը դառնալ։ Հիմա օբյեկտիվ ատելությունը, որ կա դրա նկատմամբ, չի թողնում, որ դառնա։

- Ի՞նչ է պետք, որ դառնա այդպիսին։

- Ես կուզեի, որ ՀՀԿ-ն որոշում ընդուներ ու դուրս գար քաղաքական բանավեճից։ Սեւ ու սպիտակ պաստառներից էլ հրաժարվեր, Դավիթ Շահնազարյանից ու Մենուայից էլ, որոնք բումերանգի պես եկան խփեցին իրենց։ Կուզեի մաքրեին իրենց շարքերը շմայսներից ու չգիտեմ ինչերից, ինտելեկտուալ կորիզը հավաքեին, ընդունեին իրենց արած-չարածը, ոչ թե ֆորմալ, ասեին՝ դե, մի քանի կարմիր լույսի տակով ենք անցել։ Թող վերցնեն Մարտի 1-ի պատասխանատվությունը, խոստովանեն, որ քաղաքական կոռուպցիան դարձրել էին քաղաքական թիվ մեկ գործիքը։ Թող նստեն իրենց Մելիք-Ադամյանում ու մտածեն։ 98-ից հետո 2012-ին է ՀԱԿ-ը պատգամավոր ունեցել։ Թող մի 5-10 տարի բաց թողնեն։ Ի տարբերություն մեզ, ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում։ Թող այդ 5 հազար կառույցներից 1500-ն ունենան, բայց կդառնան կուսակցություն։ Իրենք գաղափար կրող կուսակցություն են։ ՔՈ կուսակցությունը սարքել էին, մարդկանց մեջ միտք առաջացավ, որ վերջապես սոցիալիստական ուժ է ձեւավորվել, ինտելեկտուալ, ջահել։ Եթե սա չլինի ընտրական պրոյեկտ, մնան, շատ լավ կլինի, կունենանք ազգայնական, լիբերալ, սոցիալական ուժ։ Գերմանիայում ո՞նց է․ անուն չեն տալիս, ասում են՝ լիբերալները, պահպանողականները։

- Բայց Նիկոլն ասաց՝ «իզմ»-երի դեմ եմ։

- Հեղափոխությունը տարանջատեք։ Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ։ Նա այդ ամենն անում էր, որ դեկտեմբերի 9-ը տեղի ունենար։ Դա այլեւս պատմական իրողություն է։ Իր բոլոր ելույթները հեղափոխությունը սկսելու եւ ավարտելու տրամաբանության մեջ էին։ Հիմա սկսվել է նոր փուլ։