ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել 

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել 

Մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվելու։ Նախօրեին նրան որպես կասկածյալ էին ներգրավել, սակայն օրենքը թույլատրում է 7 օրից նոր որոշում կայացնել՝ մեղադրանք առաջադրել, կամ վերացնել կասկածյալի մասին որոշումը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ Չնայած սորոսականները եւ «Մերժիր Սերժին» շարժման իր համախոհները պայքարում էին դրա դեմ եւ անգամ ուլտիմատում էին առաջադրել վարչապետին, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ազատի աշխատանքից եւ հրաժարվի Դավիթ Սանասարյանին հետապնդելու մտադրությունից։

Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են, խափանման միջոց է ընրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Մեր տեղեկություններով, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 308 հոդվածի 2-ին մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։ 308 հոդվածը Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Իսկ 325 հոդվածը Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Առաջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամանակով, երկրորդ հոդվածը՝ մինչեւ 4 տարի ժամանակով։

Հրապարակումից հետո ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ․ 

«

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: 
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: