Հանքարդյունաբերությունը կարող է եկամտաբեր ճյուղ դառնալ

Հանքարդյունաբերությունը կարող է եկամտաբեր ճյուղ դառնալ

Ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, չեմ կարող ձեռքերս ծալած սպասել արդյունքների։ Մասնագիտությամբ լինելով երկրաբան, պետական մրցանակի դափնեկիր՝ ցանկանում եմ իմ մասնագիտական առաջարկությունները ներկայացնել երկրի տնտեսությունը զարգացնելու գործում։ Քանի որ երկրի հանքավայրերը նախկին իշխանությունը վաճառել կամ շահագործման է հանձնել մասնավոր ընկերություններին, անհրաժեշտ է մասնավորին ստիպել, որ նա ոչ թե հանքավայրի հումքն էժան գնով վաճառի օտարին եւ հարստացնի, այլ հումքն արտադրանք դարձնի եւ վաճառի, ինչն էլ եկամուտ կբերի, եւ կունենանք աշխատատեղեր։ 

Երկրի ընդերքը մասնավորի կողմից թալանից փրկելու համար նախ անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական խումբ, որի նպատակը պետք է լինի․

1. Հայտնաբերել, պարզել հանքավայրերն օգտագործող սեփականատերերին

2. Պարզել՝ հանքավայրի շահագործումը կատարվո՞ւմ է համաչափ, կարո՞ղ է մետաղով հարուստ մասը հանել, իսկ մյուս մասը թողնել որպես թափոն (դատարկ ապար)։
Այս կարեւոր խնդիրը պարզելու համար անհրաժեշտ էր թափոններից (դատարկ ապարներից) վերցնել նմուշներ եւ կատարել քիմիական անալիզներ, եթե պարզվի, որ անալիզի տվյալները համապատասխանում են թույլատրելի սահմանը, նշանակում է, որ կատարվել է հանքավայրի շահագործման խիստ խախտում, որը պատժվելու է՝ նույնիսկ հանքավայրը պետականացնելու որոշմամբ։

3. Անհրաժեշտ հանքավայրերում ստուգումներ կատարել մասնավորի կողմից շահագործելու պահից։

4. Չի կարելի եկամտաբեր պետության եկամտաբեր ընդերքը դարձնել վաճառքի առարկա, այն պետք է մնա որպես պետության սեփականություն։

5. Անհրաժեշտ է մասնավոր ընկերություններին ստիպել ոչ թե հումքն էժան գնով վաճառել, այլ հարստացնել, հումքի բազայի վրա կառուցել համապատասխան ձեռնարկություն, որի արտադրանքը վաճառելուց կունենանք մեծ եկամուտ, աշխատատեղեր։
Եզրակացություն․ Ներկայացված առաջարկներն անելու դեպքում կունենանք հզոր, զարգացած լեռնային արդյունաբերության ձեռնարկություններ, մեծ եկամուտներ ապահովող աշխատատեղեր։ Տեղի կունենա աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա։

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ, երկրաբան