ՊՆ-ն համարել էր, որ դա թանկ է, իսկ զինվորի կյանքը արժեք չունի՞

ՊՆ-ն համարել էր, որ դա թանկ է, իսկ զինվորի կյանքը արժեք չունի՞

«Հրապարակի» զրուցակիցը «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանն է։

- Պարոն Թարվերդյան, սոցիալ- տնտեսական վիճակը Հայաստանում շարունակում է ծանր մնալ, ապրանքները շարունակում են թանկանալ։ Ձեր կարծիքով՝  մարդկանց կենսամակարդակը հիմա ինչպիսի՞ն է, և թանկացումների համար կա՞ն օբյեկտիվ պատճառներ։

- Պետք է դիտարկել այն ապրանքների կառուցվածքը, որոնք թանկացել են։ Եթե դա տեղական ապրանքին է վերաբերում, ապա թանկացումը չի հիմնավորվում ոչնչով, եթե վերաբերում է Ռուսաստանից ներկրված ապրանքներին՝ մասնավորապես ալյուր, մակարոնեղեն, ձենթ և այլն, ապա դա զարմանալի է, որովհետև Ռուսաստանում գնաճ չկա։ Հենց այսօր եմ խոսել գործընկերներիցս մեկի հետ, Ռուսաստանում գնաճ չի նկատվում․ մի պահ, երբ դեռ անցած տարի այս ժամանակահատվածում ռուբլին դոլարի նկատմամբ անկում ապրեց, այդ ժամանակ եղավ գնաճ, հետո մի բան էլ ավելի ներքև իջավ, և եթե համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, դրամ-ռուբլի հարաբերակցությունը մեզ մոտ ընկած է, հետևաբար գնաճն արհեստական է, իմ գնահատմամբ։ Եթե վերցնում ենք մյուս ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են Եվրոպայից, ապա այստեղ մենք ունենք մոտ 18-20 տոկոս դոլարի և եվրոյի անկում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ելնելով` Եվրոպայում մի շարք ապրանքների գներն աճել են, կա վալյուտայի ինֆլյացիա, և գնաճը չի գերազանցում այդ 18-20 տոկոսը։ Կարծում եմ, հակամենաշնորհային կոմիտեին կամ մաքսային ծառայությանը, ՊԵԿ հարկային ծառայությանը պետք է հարցադրում արվի, որովհետև օպերատիվ տեղեկությանն այդ  ծառայություններն են տիրապետում, որպեսզի մեր պետական այրերը մի փոքր վերլուծություն անեն, թե կա՞ն արդյոք հիմքեր գների բարձրացման համար, թե՞ դա արհեստածին է։

- Իշխանությունն անընդհատ ասում է, որ տնտեսական աճ կա, բյուջեում փող կա, մյուս կողմից էլ վարկեր են վերցնում եվրոպական բանկերից, պետական պարտքն են ավելացնում։ Այդպես լինո՞ւմ է։

- Նախ, մեր տնտեսական աճը, ակտիվությունը, որ հայտարարվում էր՝ 14 տոկոսից ավել, դրա կառուցվածքում 5.5 տոկոսից ավելը առևտրի ու արտահանման ավելացումն էր, 5.5 տոկոսից ավելն էլ ծառայության ոլորտն էր։ Բնականաբար, առևտրի 5.5 տոկոսը` գումարային տեսքով արտահայտված, շատ ավելի մեծ է, քան սպասարկման ոլորտի 5.5 տոկոսը, իսկ մեր կլասիկ առևտուրը, այսինքն՝ այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում, այդ ապրանքատեսակների մասով չկա վերլուծություն։ Իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, դա չի փոփոխվել կամ անգամ նվազել է։ Եթե գյուղատնտեսության ոլորտը, որն արտահանմանն է ուղղված, 0.01 տոկոս ակտիվությունը նվազել է, ուրեմն չկա ապրանք, որը պիտի արտահանվի, այսինքն՝ տրամաբանական է, որ արտահանումն էլ չէր կարող աճել։ Եթե մենք դիտարկում ենք, որ Իրանի Իսլամական հանրապետությունից կամ եվրոպական երկրներից ապրանքներ են ներկրվել Հայաստան, հետո արտահանվել են, այսինքն՝ տարանցիկ փոխադրման փոխարեն ներմուծում ու արտահանում է ձևակերպվել, ապա դա արհեստածին արտահանում է, ու դրանով մենք ունենում ենք տնտեսական ակտիվություն։ Դրանով պայմանավորված աճ ես չեմ ցանկանա գնահատել։ Ինչ վերաբերում է բյուջեի կատարմանը, ապա կուզեի հատուկ անդրադառնալ դրան։ Որքան հասկացա, մենք ռեֆիցիտով փակեցինք բյուջեն, այսինքն՝ կար ավելցուկ գումար, ինքս զարմացել եմ, որ եթե կար ավելցուկ գումար, ապա ինչո՞ւ ենք մենք վարկային միջոցների ներգրավմամբ զբաղվում։ Որպես գործարար, կարող եմ ասել, որ խելացի գործարարը միշտ լավ պայմաններով գումար վերցնում է, մենք գիտենք, որ միջազգային վարկերի պայմաններն այնքան լավն են, որ միշտ կարելի է դրանք վերցնել, և եթե դա պետությունն արդյունավետ օգտագործի, ապա հաստատ կարելի է արդյունք ստանալ։ Կուզեի նաև անդրադառնալ բյուջեի կատարման մեջ տնտեսումների շարքին, ցավալի տնտեսումների։ Մանիպուլյացիա է, երբ ժողովրդին ասում են՝ նայեք՝ տնտեսել ենք, իսկ ո՞ր մասով ենք տնտեսել․ հիմնականում բոլոր նախարարությունները տնտեսումներն արել են կապիտալ ներդրումների մասով։ Այսինքն՝ եթե նայում ենք գործադիրի առանձին ճյուղերի բյուջեն, ապա դրանք բաղկացած են աշխատավարձերից, իրենց այդ հայտնի պարգևավճարների ֆոնդից, ընթացիկ ծախսերից և կապիտալ ներդրումներից։ Ավելի լավ կլիներ, որ այդ կապիտալ ներդրումները գերակատարվեին, որովհետև, որպես քաղաքացի, մենք չենք ապրում այսօրվա օրով, մենք ապրում ենք ապագայով, և առանց կապիտալ ներդրումների չի կարելի կառուցել ապագա։ Մեր վեջին ողբերգական դեպքի հետ զուգահեռ անցկացնեմ․ մեր ՊՆ-ն տնտեսել էր գումարներ, այսինքն՝ կապիտալ ներդրումներ չէր արել․ հայտնի խոսակցությունը կա, որ կաթի կոմբինատը 700 հազար դոլարով ձեռք չէին բերել՝ համարելով, որ թանկ է, իսկ 15 զինվորի կյանքն արժեք չունի՞․ շատ ավելի թանկ է։ Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ հասարակական, քաղաքական ցանկացած դաշտից, կարծում եմ, 2 ձեռքով կողմ է, որ մեր բանակն ուժեղանա, և մեր զինվորն ավելի լավ պայմաններով ապրի։ Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է։

- Երբ ՊՆ-ն ասում է, որ թանկ է, դրա ֆոնին կառավարության շենքն ու այլ շենքեր են վերանորոգում, ամանորյա ծախսեր են անում և այլն, ու այդ ամենը` մեկ անձից գնման ընթացակարգով։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ ցուցիչ են մեկ անձից գնումները, և որքանո՞վ է կառավարությունը պետական միջոցները նպատակային ծախսում։

- Հայտնի ասացվածք կա, ասում է՝ մարդ սկզբից պետք է սկզբից սովորի ծախսել, նոր փող աշխատել։ Գումարի ծախսելն արվեստ է, ամենակարևորը ծախսի արդյունավետությունն է։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է ընդունենք, որ եթե բյուջեում ունենք գումար, ապա պետք է վերանորոգվի և կառավարության շենքը, և դպրոցները, և մշակույթի տները, պետք է ներդրումներ արվեն բոլոր ոլորտներում։ Բյուջեի մասին օրենքով ինչ-որ տեղ կանխատեսվում է հարցումների հիման վրա, թե մրցույթներով մոտավոր ինչ գնումներ պետք է արվեն՝ ինչ գնով։ Շատ վատ եմ վերաբերվում մեկ անձից գնմանը, մանավանդ երբ դա կատարվում է փակ տարբերակով։ Միջազգային պրակտիկայում մեկ անձից գնումը կատարվում է ոչ թե որոշելով, որ հենց այս մեկից պիտի գնեմ, այլ բանակցությունների արդյունքում։ Կա հայտնի տերմին՝ «աֆերտա», այսինքն՝ դու բաց աֆերտա ես ուղարկում տարբեր կազմակերպություններին, նրանք իրենց առաջարկներն են ներկայացնում, և դու որոշում ես կայացնում մեկ անձից գնման։ Ի դեպ, որոշ դեպքերում նույն տեխնիկական բնութագիրն ունեցող ապրանքի դեպքում դու կարող ես ավելի թանկը գնել։ Շատ պարզ օրինակ բերեմ․ մենք ձեռք ենք բերել MAN ավտոբուսներ, և կարող է զուգահեռ նույն տեխնիկական բնութագրին առաջարկվեին չինական, բելառուսական, ռուսական կամ  եվրոպական այլ մակնիշի ավտոբուսներ, բայց մենք ձեռք ենք բերում MAN-ը որովհետև հետագայում սպասարկումն ավելի էժան է լինում, սակայն երբ մեկ անձից գնում են կատարում ճանապարհների վերանորոգման համար, ես դա չեմ ընդունում։ Այսինքն՝ եթե ունենք ժամանակ մրցույթ անցկացնելու համար, ապա մենք պարտավոր ենք մրցույթ անել։ Բացառիկ դեպքերում կարելի է մեկ անձից գնում անել, օրինակ՝ ՊՆ կարիքների համար, զենք- զինամթերք և այլն, որոշ դեպքերում դու բանակցում ես, թե որ պետությունից ինչ կարող ես ձեռք բերել, և ամեն անգամ այդ գնման պրոցեսն իրականացնելը չեմ գտնում նպատակահարմար։ Ժամանակին ունեինք գնումների կոմիտե, որը կատարում էր գնումները մրցութային կարգով, ապա նաև որպես առաջարկ, թող վարչապետը ստեղծի աշխատանքային խումբ, որը պատասխանատվություն կկրի մեկ անձից գնումների դեպքում այդ գնման արդյունավետության համար։ Այսինքն՝ շատ օպերատիվ դեպքերում ընդունելի է, որ կարող է լինել մեկ անձից գնում, շատ է լինում, որ գնման օպերատիվությունը շատ ավելի կարևոր է, քան նրա գինը, որովհետև դու կարող ես գնել պայմանականորեն 1 մլն դրամի ապրանք, որը սպասարկում է 1 միլիարդ դրամի ապրանքը՝ պահեստամասեր, վառելանյութ և այլն, և որպեսզի ամեն մի նախարարություն ինքը չորոշի, թե այդ մի անձից գնումն ինչպես է անում, ապա կարելի է շատ օպերատիվ, փորձաքննություններով 2 օրվա ընթացքում անել այդ գնումը, բայց մարդիկ պատասխանատվություն պիտի կրեն դրա համար, չպիտի լինի բարձիթողի վիճակ։

- Վերջին օրերին հրաժարականներ եղան՝ ՄԻՊ-ը, Շիրակի մարզպետը, ԲՈԿ նախագահը, ՍԱՊԾ եւ ԴԱՀԿ պետը։ Ձեր կարծիքով՝ այս հրաժարականներն ինչի՞ համար են։

- Աշխարհում ամենակարևոր իրավունքներից մեկը մարդու աշխատելու իրավունքն է, և էական չէ, թե այդ անձը որ օղակում է աշխատում։ Նախարարն ու մարզպետը քաղաքական պաշտոններ են, ենթադրենք՝ իրենք որոշում են, որ այս մեկին պիտի նշանակեն, այն մեկին հանեն, սակայն, կարծում եմ, ինչ-որ արարողակարգ էլ է պետք ներդնել, թե ինչու են մարդուն ազատում աշխատանքից։ Մենք տեսնում ենք Ձեր ասած այդ շքերթը, թե «շնորհակալություն վարչապետին վստահության համար և այլն», բայց լավ, ինչո՞ւ հանեցիք այդ մարդուն։ Եթե այդ մարդը լավ աշխատել է, ուրեմն պետք է մնա, աշխատի, իսկ եթե վատ է աշխատել, ուրեմն պիտի պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն՝ պետք է համակարգ լինի։ Այն համակարգը, որը դեռ նախկինների օրոք ներդրվել է, էլ չի գործում, մեր պետությունում աշխատանքի իրավունքն այնքան էլ չի գնահատվում։ Հիմա այս անձանց շքերթին հետևելու է աշխատանքից ազատումների նոր շքերթ․ բաժնի պետեր են փոխվելու, պատասխանատու, որոշում կայացնող պաշտոնյաներ են փոխվելու, ամեն մեկն իր մարդուն է բերելու։ Պաշտոնյան, որը գալիս է ինչ-որ մի տեղ աշխատելու, չպետք է իր աշխատակազմից որևէ մեկին ասի, որ ես քո հետ չեմ կարող աշխատել․ չես կարողանում, ուրեմն մի արի պաշտոնի։ Պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմը կայանում է նաև նրանում, որ ինքը կարողանում է նորմալ անձանց հետ աշխատել։ Ես հիշում եմ, որ մոտ 3 տարի առաջ վարչապետը կառավարության նիստի ընթացքում ասաց իր հայտնի թեզերից մեկը, որ միջին օղակը դեմ է հեղափոխությանը, բայց մենք չտեսանք, թե ինչ ինստիտուտ ներդրվեց, որ այդ միջին օղակը դեմ չլինի հեղափոխությանը կամ երկրի ժողովրդավարացմանն ու զարգացմանը։ Ես արձանագրում եմ ու կառավարությանը հորդորում եմ` ուշադիր լինել, որ մինչ այսօր մի շարք օղակներում անգործություն է տիրում, մարդիկ չեն ուզում աշխատել, չեն ուզում պատասխանատվություն կրել։

- Արդեն մոտ 50 օր է` Արցախը շրջափակված է, հումանիտար տարբեր խնդիրներ կան։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը։

- Մենք գիտակցում ենք, որ Արցախն ինքնաբավ հանրապետություն չէ, մի շարք ապրանքատեսակներ ներմուծվել են թե՛ Հայաստանից, թե՛ Հայաստանի միջոցով։ Այսինքն՝ չափից ավելի վտանգավոր է այս շրջափակումը։ Տեսանք, որ հումանիտար բեռ տեղափոխվեց Արցախ` խաղաղապահների ուղեկցումով, եթե չեմ սխալվում՝ 1 շարասյուն էր, 100 տոննա, սակայն այդ բնակչության համար դա չափազանց փոքր քանակություն է։ Համբերությունն անգամ այս դեպքում տեղին չէ, հասկանո՞ւմ եք։ Ստալինգրադի պաշարված լինելու պարագայում մարդիկ մի քանի տարի պաշարված մնացին, տարբեր դրվագներ կան, որ մարդիկ նույնիսկ կոշիկ են եփել, կերել, սակայն այսօր աշխարհը չի գտնվում էն վիճակում, որ սովի մատնվեն մեր 120 հազար քաղաքացիները։ Մեր ամբողջ հայության համար առաջնային լուծման հարցն է այսօր Արցախի շրջափակման հարցը։ Էն,որ մեր կառավարությունները բավական պասիվ են, ես դատապարում են նրանց այդ պասիվությունը, այն, որ իրենք չեն ուզում խառնվել, ասում են՝ դա Ռուսաստանի խնդիրն է․․․, լավ, ռուսներն են, չեն զբաղվում, մենք էլ ասում ենք՝ ռուսներ, գնացեք, մենք էլ ձեզ հետ դաշնակցային հարաբերություններ չենք պահում, բա մեր 120 հազար հա՞յը։