Թշնամանքի մթնոլորտում

Թշնամանքի մթնոլորտում

Երեկ քրեական վերաքննիչ դատարանը կրկին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Ես, անկեղծ ասած, հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ են այս 1 տարվա ընթացքում կալանավորել ու ազատ արձակել։ Բայց պարզ հիշում եմ, որ ամեն անգամ նրան ազատ արձակելուց հետո Նիկոլ Փաշինյանը դատավորներին պատերով է տալիս՝ կա՛մ դատարաններն է արգելափակում, կա՛մ վեթթինգով է սպառնում, եւ հաջորդ ատյանը կրկին կալանքի սանկցիա է կիրառում։

Իսկ այդ ընթացքում հասարակությունը՝ 2 ճամբարի բաժանված, իրար հանդեպ անհուն ատելությամբ համակված, հայհոյում կամ փառաբանում է դատավորներին։ Ընդ որում՝ վարչապետի կոչով օրեր առաջ նույն դատարաններն արգելափակած եւ դատավորներին անվստահություն հայտնած մարդիկ այսօր ծափահարում են կալանք կիրառած դատավորին՝ ապացուցելով, որ ոչ թե արդարադատություն են պահանջում, այլ ընդամենը իրենց կողմից մերժված մարդկանց հանդեպ «ճիշտ» որոշումներ։ Մի կողմ թողնենք, որ այս մթնոլորտը նորմալ մարդկանց համար անհանդուրժելի է՝ չարության, թշնամանքի, բախումների, ու մեր կյանքը լցնող հակընդդեմ ակցիաների պատճառով։

Բայց չէ՞ որ այս գործը, որն իշխանությունը դարձրել է մեր երկրի անկյունաքարային հարցը եւ հանրությունը բաժանել 2 հակամարտող ճամբարների, նաեւ իրական փորձաքար է դարձել նույն դատական համակարգի համար։ Ստացվում է, որ Քոչարյանի գործով արձակված ցանկացած որոշում անկախ ու արդար դատարանի կողմից չի արձակվում՝ ո՛չ կալանքի որոշումը, ո՛չ էլ ազատ արձակմանը, որովհետեւ իշխանության կողմից մի դեպքում կա քաջալերում, մյուս կողմից՝ միջամտություն։ Մինչդեռ այն իշխանությունը, որի համար իսկապես կարեւոր է անկախ դատական համակարգ ունենալու գաղափարը, ձեռնպահ կմնար այս գործով որեւէ միջամտությունից, անգամ կարծիք արտահայտելուց։