ԵՊՀ-ն անտրամաբանական կառույց է

ԵՊՀ-ն անտրամաբանական կառույց է

Աներկբա է, որ ցանկացած գործող կազմակերպություն միասնական կառույց է: Իհարկե, կազմակերպություններն ունեն տարբեր ստորաբաժանումներ, ենթադրում եմ, որ դրանք կարող են ունենալ նույն խնդրի վերաբերյալ միանգամայն տարբեր մոտեցումներ, սակայն կազմակերպությանը դիմած քաղաքացուն դա չպետք է հետաքրքրի: Քաղաքացին դիմում է կազմակերպության ղեկավարին, եւ դրանով համարվում է, որ բովանդակային առումով վերջինս կատարել է իր գործը: Թե դիմումի հետ կապված ինչ գործողություններ կամ քննարկումներ է իրականացվում կազմակերպության ներսում, քաղաքացուն չպետք է հետաքրքրի:

Եվ իսկապես․ մեզնից որեւէ մեկը չգիտի, թե ինչ ճանապարհ է անցնում մեր դիմումը, որը ներկայացվել է, ասենք, «Բիլայն»-ին, «ՎիվաՍել»-ին, առողջապահության նախարարին, ոստիկանապետին կամ էլ վարչապետին: Եվ դա ճիշտ է, քանզի գոյություն ունի կառույցի ղեկավար, որին դիմում է քաղաքացին, եւ որն իր ղեկավարած կազմակերպության ներսում կարգավորում է այն բոլոր ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն որեւէ իրավունք տրամադրելու համար: Բացի այդ, ես կարող եմ հասկանալ, երբ, օրինակ, դպրոցի տնօրենը կամ օտարերկրյա երկրի դեսպանությունը ՀՀ քաղաքացուց տարբեր տեղեկանքներ է պահանջում: Այդօրինակ պահանջը հիմնավորված է դրանով, դպրոցի տնօրենը կամ դեսպանությունը չի տիրապետում իրավունք հայցող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններին: Դա նորմալ է: Սակայն չի կարող դպրոցի կենսաբանության ուսուցիչը դպրոցի մեկ այլ՝ հայոց լեզվի ուսուցչից, նույն դպրոցի տնօրենից տեղեկանք պահանջել: Առավել եւս, զավեշտալի կլինի, որ դպրոցի տնօրենը նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցչին տեղեկանք տա, որպեսզի վերջինս այն ներկայացնի կենսաբանության ուսուցչին:

Բարձրացված խնդիրն այնքան պարզ է եւ տրամաբանական, որ դրան չարժեր անգամ անդրադառնալ: Սակայն պարզվում է, որ մեր օրերում կան կազմակերպություններ, որոնց համար այս ամենն այդքան էլ պարզ չէ: Եթե Երեւանի պետական համալսարանի աշխատակցին ԵՊՀ-ից տեղեկանք է անհրաժեշտ, ապա նա պետք է դիմի ԵՊՀ-ի ստորաբաժանումներից մեկին, ստանա այդ ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը, այն ներկայացնի ԵՊՀ-ի մեկ այլ ստորաբաժանում, որից էլ ստանա իր կողմից հայցած վերջնական տեղեկանքը: Ընդ որում, այդ երկու ստորաբաժանումները գտնվում են նույն մասնաշենքում եւ օգտագործում են միասնական տեղեկատվական համակարգ: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչ կլինի, եթե ստորաբաժանումներից մեկը չհամաձայնի տեղեկանք տրամադրել: Նկարագրածս ձեւաչափով դա ենթադրվում է: Իսկ եթե այդ երկու ստորաբաժանումն էլ տրամադրելու են տեղեկանքները, ապա դրանցից մեկին դիմելն իրավաչափ չէ: 

ԵՊՀ-ում այսօրինակ տարօրինակությունները շատ են: Օրինակ, ԵՊՀ-ի բլանկի վրա եւ ԵՊՀ-ի պաշտոնական կնիքով կնքված տեղեկանքները ստորագրվում են «Կազմակերպության ղեկավար Ա. Գ. Մալխասյան»-ի կողմից: Նախ, անհասկանալի է, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, քանզի ԵՊՀ-ի իրավաբանական անվանումը «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամ է: Եվ հետո՝ ո՞վ է «կազմակերպության ղեկավար Ա. Գ. Մալխասյանը»: Եթե խոսքը գնում է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ղեկավարի մասին, ապա այս պահին վերջինիս ղեկավարն է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գ․ Գեւորգյանը: Այս իմաստով, կա՛մ առկա է լիակատար անգրագիտություն, կա՛մ էլ ԵՊՀ-ում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել իշխանության յուրացում՝ ուզուրպացիա: Այլ բացատրություն չկա: 

ԵՊՀ-ում աշխատելուս շուրջ 1.6 տարվա ընթացքում ես հասկացա, որ ԵՊՀ-ն բավականին անտրամաբանական կառույց է: Այստեղ մինչ այսօր չեն հասկանում, որ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված պարտավորություն ունեն: Այստեղ առայսօր չեն կողմնորոշվում, թե ով պետք է պատասխանի քաղաքացիների գրավոր հարցումներին: Ավելին, ԵՊՀ ղեկավարների մի մասը կարծում է, որ հարցումներին կարելի է նաեւ չպատասխանել: Իրենց չի հետաքրքրում նաեւ այն, որ հայրենական օրենսդրությունը մինչեւ 50 000 ՀՀ դրամ է նախատեսում հարցումներին չպատասխանելու համար: Դե գումար է, էլի, կվճարեն: Մանավանդ, որ իրենց գրպանից չեն վճարելու: Այդ ամենը ԵՊՀ-ում տիրող աշխատանքային անորոշության արդյունք է, որն իր հերթին հանգեցնում է իրավական անգրագիտության: Կա նաեւ այլ բացատրություն. ԵՊՀ ղեկավարները միայն բառերով են «սիրում» համալսարանը, իսկ իրականում այն դիտարկում են իբրեւ գումար վաստակելու հեշտ եւ, ինչն ամենակարեւորն է՝ անպատասխանատու միջոց: 
ՀԳ. Մի առիթով գրել էի, որ ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն: Ավելացնեմ, որ ԵՊՀ-ում աճպարարությունը ոչ միայն իրավական է:


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ