Ցատկ առանց նշաձողի 

Ցատկ առանց նշաձողի 

Այն իշխանությունը, որն իր երկրի գերակա խնդիրները չի գիտակցում, նա մեծ պատուհաս կարող է դառնալ  այդ երկրի համար։ Մեր իշխանավորներն ամեն օր ժողովրդի բերանը փակում են՝ իրենց առաջնորդությամբ կատարված  իշխանափոխության ու թալանչիներից ետ բերված կոպեկների մասին բարձրաձայնելով։ Սա շատ է հիշեցնում հանրահայտ տժվժիկի պատմությունը։ Իսկ այն հանգամանքը, որ այդ իշխանությունը, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական ծրագիր ունի ու ամեն ինչ մեր ամայացող երկրում արվում է իշխանավորների քմահաճույքով ու պահի թելադրմամբ, նման է առանց նշաձողի ցատկ կատարելուն։ Ավելի պարզ՝ սա նրանց կողմից իրենց համար ձեռնարկված  պատասխանատվությունից խուսափելու երաշխիք է։ Դա նման է ժամանակին ԼՏՊ-ի կողմից կիրառված քաղաքական բանաձևերին՝ մենք չենք խոստացել, որ դա կանենք, իսկ ինչ էլ, որ արել ենք, մեր կողմից ենք արել, գոհացեք դրանով։ Բայց որ, իր երկրի ճակատագրով մտահոգված հանրության կողմից բարձրացրած հարցերին  իշխանավորները նաև  քամահրանքով են վերաբերվում՝ այստեղ նրանց ազնվամտությունն արդեն հարցականի տակ է դրվում։ 

30 տարի է, ինչ մեր երկրում իշխանական փոթորիկներ են տեղի ունենում։ Արդյունքում ունեցանք տնտեսական ու մտավոր մի անապատ, որտեղ միայն քաղաքական խորշակներն են վնգում։ Գարեգին Նժդեհն ասել է. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է, և օրհնաբեր, և ավերիչ լինել»։ Այս իմաստուն խոսքերը կարդալուց հոտո ակամա մտածում էս՝ բա մեր նոր պետական քաղաքականության հեղեղատն ի՞նչ եղավ, չէ՞ որ նա պետք է այդ հեղեղի ջրերն ուղղեր մեր երկրի ծարաված այգիների կողմը։ 
Այսօր այդ բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալը այնքան էլ դյուրին չէ՝  շան գլուխը շատ խորն է թաղված։ Թող ոչ մեկը չշտապի ինձ քարկոծել։ 90-ականների սկզբի տարիների քաղաքական բոլոր եղելությունների անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունները կազմակերպված են եղել Ռւսաստանի կողմից։ Ռուսաստանի հենարանը Հայաստանում ՀՀՇ է եղել։ Ռուսաստանին պետք էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծել 19-րդ դարի սկզբներին խաղացվող հայ-թուրքական սցենարին համանման իրավիճակ, որում  պետք է Հայաստանին թվար, որ իր թիկունքում Ռուսաստանն է կանգնած, իսկ Ադրբեջանը պետք է ստիպված իր ճակատագիրն առկախեր Ռուսաստանից։ Այդպես էլ եղավ՝ տեղի ունեցած պատերզմում հաղթանակող կողմը կարևոր չէ, թե ով էր, վերջին խոսքի իրավունքը ՀՀՇ-ի թեթև ձեռքով տրվեց Ռուսաստանին, արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը վերածվեցին զենք սպառող մշտական շուկայի։ Ապրիլյան պատերազմի հեղինակը՝ Ռուսաստանն իր հայաստանյան գործակալների հետ միասին, այդ արյունահեղությամբ մեզ հիշեցրեց, որ ձեռքերը ծալած նստել պետք չէ, որ մեզ զինվել ու դրա դիմաց Ռուսաստանի բյուջեին մուծվել է պետք։ Հայաստանի աղքատ լինելը Ռուսաստանի իշխանության համար դուրեկան չէ։ Դրա համար էլ նրա լռության ներքո Հայաստանում կատարվեց հեղափոխություն, որի արդյունքում իշխանազրկվեցին թալանչիները։ Հիմա էլ Նիկոլի հալը հալ չէ։ Նա պետք է մեր սփյուռքին կթի ու Հայաստանը զինի, այլապես ապրիլյան օրերը կկրկնվեն և այս անգամ արդեն «Մերժիր Նիկոլին» գրությունով պաստառներ կհայտնվեն։  Հայաստանում լուրջ ներդրումների երբեք սպասել պետք չէ, քանի դեռ մենք Ռուսաստանի քաղաքական ու տնտսական  բանտարկյալներն ենք։

Ռաֆաել Իշխանյանը ճշմարտության մոռացված մարգարեներից է։ Նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» գրքում շատ վառ նկարագրված է մեր «բարեկամ» Ռուսաստանի քաղաքական դեմքը։ Միայն մեկ օրինակ կբերենք այդ գրքից. «Այն ո՞ր երկրի թագավորն է գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով»: Մեզ միայն մնում է ավելացնել՝ այն ո՞ր ազգն է բոլորից շատ հերոսներ տվել Երկրորդ համաշխարհայինում՝ Ռուսաստանը փրկելու համար։ Այսինքն՝ քաղաքականապես կույր ենք եղել ու կույր էլ մնացել ենք։ Մենք, իհարկե, «դավաճանել» չեինք կարող  Ռուսաստանին այդ օրհասական պահերին, եթե անեինք էլ, դա մեր ազգին պատիվ չեր բերելու։ Ինչ փույթ, որ Ռուսաստանը անցյալ դարի 20-ականներին մեր տարածքներն ու մեր անպաշտպան, իր կողմից խաբված, արյունաքամ եղած ժողովրդին, Հայաստանից թալանած ոսկիներից պատրաստված սկուտեղով մատուցում էր թուրք արնախումներին։ Բայց գոնէ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի առջև մեր կողմից պետք է դրվեր նրա եփած այդ բորշը։  Ահա թե ինչ է նշանակում մեկ օրով ապրելը։ Այսօրվա մեր վիճակը նույն Ռուսաստանն է թելադրում՝ անուղղակի ճանապարհներով։ ՀՀՇ-ն Հայաստանում բացի քաղաքական կոտորածներ կազմակերպելուց ու մեր տնտեսությունը մետաղական ջարդոնի վերածելուց, ուրիշ «ազգանպաստ» ծրագիր չգտավ՝ նա Հայաստանը նորից վերոհիշյալ պատճառներով առկախեց Ռուսաստանից և մենք նորից գնացինք կործանման ճանապարհով և ունենալով այսպիսի ճանապարհային քարտեզ, նորից հայտնվեցինք կոտրած տաշտակի մոտ։  

Մենք հնում ունեցել ենք ամեն ինչ, ընդ որում՝ ամենալավը, իսկ հիմա ոչինչ չունենք ու չենք ունենալու, քանի դեռ չունենք քաղաքական հայրենիք ու սեփական իշխանություն։ Մեզ պետք են քաղաքական մաշտոցներ ու կոմիտասներ, որոնք իրենց մտահայաց աչքերով կտեսնեն աշխարհն ու մեր փոքրիկ անկյունը և իրենց առաքելությամբ կամրապնդեն մեր պետականությունը։ Մարտավարում ենք ուրիշների հայեցողությամբ ու մեր զգացմունքներով առաջնորդվելով, հստակորեն չենք գիտակցում մեր պատմությունը և աշխարհակարգի քաղաքական դինամիկան։ 30 տարի է, ինչ մեր երկրի ճակատագիրը այնպիսի մարդկանց խմբերի ձեռքին ենք տալիս, որոնք ոչ միայն մեր ազգի ու պետության խնդիրների գիտակցական ընկալումը չունեն, այլ նաև արտաքին քաղաքականությունը պատկերացնում են Ա. Բակունցի «Նամակ ռոսաց թագավորին» պատմվածքի գլխավոր հերոսի մակարդակով։ Նրանք մեր ժողովրդին տալու բան չունեն, բացի ավազակամտությունից։ Սա մեր ճակատագրական սխալներից ամենասարսափելին է լինելու, եթե մենք շուտափույտ կերպով դա չուղղենք։
Ըստ այսօրվա մեր վարչապետի գործողությունների՝ մենք պետք նվագենք միաժամանակ երկու լարերի վրա՝ Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ մնալով, պետք է ինտեգրվենք նաև եվրոքաղաքական գործընթացներին, իսկ Հայաստանը պետք է վերածենք նրանցից առկախված անհասկանալի ու անդեմ մի ինչ-որ  մի կենսոլորտի։ Մեր դատական համակարգում «բարեփոխումներ» կատարելու ամբողջ սցենարը մտածված է Եվրոմիությունից դրամական օգնություններ ստանալու և լափելու նպատակով։  

Արա Պապյանը վեջերս շատ անգամ է հանդես գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին հարցադրումներով։ Քաղաքագիտական մեծ գիտելիքներ չեն պահանջվում, որպեսզի տրվենք այն հարցին, թե ի՞նչ  կարելի է ակնկալել մի պետությունից, որը Թուրքիայի ռազմական ու տնտեսական հավատարիմ գործընկերն է և Ադրբեջանի ֆինանսական դոնորը։ Այո, ունենք այնտեղ հայկական մեծ համայնք։ Ինչ խոսք՝ դա մեզ համար թվացյալ ամուր հենակետ է։ Միայն Ռուսաստանում 4 միլիոն հայ է ապրում, մեզ՝ ի՞նչ։ Ցույց տվեք մի բնագավառ արտասահմանում, որտեղ հայերն իրենց ինտելեկտուալ կարողություններով առաջնային գծում չլինեն, մեզ՝ ի՞նչ։ Հայաստանի երբեմնի հզոր գիտա-արտադրական համալիրների տեղանքները հիշեցնում են Հալեպի ռմբակոծված արվարձանները։ Ցույց տվեք մի հայի, որ իր հայրենիքը լքած չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։  Արա Պապյանին պետք է ասենք, որ այս մի կտոր Հայաստանն արդեն հազարավոր տարիներ  իր քաղաքական աստվածների կողմից միայն դժոխացվում է։ Արդյոք մեզ կարող են փրկել ուրիշի դրախտները։ Եկեք մեր պատմությունը սունդուկից հանեք՝ մենք ուրիշների կողմից ենք միշտ խաբնվել ու տուժել՝ մեր խելքից։  Մեր հոգևոր ֆոնդից Հայաստանի քաղաքական այրերի գլուխներում ու հոգիներում պետք է ներդրումներ արվեն։ Նրանց գլուխներում ոգու, ազնվամտության, խղճի և անաչառ հայրենասիրության սով կա։ Մուկն ի՞նչ մի կենդանի է, որ կարողանում է փղից շատ ուտել և հաճույքի ու վաելքի կոթողներ կառուցել Երևանի սրտում, իսկ Նոբելյան մրցանակի դափնեկիրը ՀՀ-ում տուն պահելու համար տաքսի է քշում, ժողովուրդն էլ խոպան է անվերադարձ մեկնում։ Ինչու՞ հիմա ոչ մեկն այս հարցերի վրա չի սևեռվում։ Պարզ է՝ գրանտներով մտածողներից ի՞նչ պահանջես։

Վահան Հարությունյան
«Գրավիտոն» գիտական կենտրոն