Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել

Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմանում իր հակափաստարկները ներկայացրեց Ն․ Փաշինյանին՝ հիմնավորելով բոլոր իրավական հիմքերը Օրբելյանի գործուղումների, նրան վերագրվող ֆինանսական կորուստների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։  

Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանից դեռ որեւէ արձագանք չեն ստացել․ «Մի քիչ էլ կսպասենք, եթե չլինի, նորից կդիմենք»։ Հնարավո՞ր է, որ այսկերպ հարցը սառեցվի, եւ որեւէ լուծում չտրվի, Արզումանյանն ասաց, որ այսպես երկար չի կարող շարունակվել․ «Նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, հետո, եթե դրական լուծում չլինի, երեւի անհրաժեշտություն կլինի դատարան դիմել»։

Մամուլում այս օրերին շրջանառվում է, որ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պարտքը, որ հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, եւ որի մասին բարձրաձայնել էր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-16 թթ.՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է Օպերային կից՝ 2014 թվականին, եւ որի նպատակն էր թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում եւ արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոներ։  

Արզումանյանը չի կարծում, թե 92 մլն դրամի պակասորդը կապ ունի թատրոնի աջակցման հիմնադրամի հետ։ «Այդ պարտքերը կուտակվել են Օրբելյանից շատ առաջ, եւ չեմ կարծում, թե հիմնադրամի հետ կապ ունի»,- ասում է նա ու հավելում, որ մի քանի օր առաջ նախարարությունը, ի դեմս Ն․ Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր ֆոնդերի, ՀԿ-ների՝ մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ՝ թատրոնի աջակցման հիմնադրամին․ «Օրինակ՝ Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում»։  

Թատրոնի դիրիժորն իր խոսքում ընդգծում է, որ հնարավոր է առաջիկայում այս թեմայով ասուլիս հրավիրեն, քանի որ պարզել են, որ հանձնաժողովի անդամներից ոմանք չեն մասնակցել նիստերին․ «Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն է, ֆինանսավորել է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն, մի հաջողություն ունենան, բայց բոլորն առաջին փուլից դուրս են մնացել, նույն Անի Պիվազյանը, որին ոչ մեկը չէր ճանաչում մինչեւ իր ելույթը՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հանկարծ Նազենի Ղարիբյանը ֆինանսավորում է նրան, ով գնում է Իսպանիա՝ մրցույթի մասնակցում ու դուրս է մնում, Գեւորգ Կոջոյանը, որն էլի հանրությանը անհայտ երգիչ է, բայց Օպերայի դեմ բողոք է գրել, ֆինանսավորել են, գնացել է Ռուսաստան՝ մրցույթի, եւ էլի դուրս է մնացել 1-ին փուլից»։     

Արզումանյանը պնդում է, որ թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրենը՝ Շմավոն Գրիգորյանը, Նազենի Ղարիբյանի հետ պայմանավորվել է տնօրենի պաշտոնում իրեն նշանակելու համար․ «Դրա մասին է վկայել հիմնադրամի կողմից մարտի 28-ին լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը, մոտավորապես այս բովանդակությամբ, թե աջակցեք Նոր Հայաստանի երիտասարդին, ոչ թե Հին Հայաստանի սիրելի Օրբելյանին»։  

Մամուլում գրվեց, որ հիմնադրամը շահագրգռված է Կարեն Դուրգարյանին վերադարձնել օպերային թատրոն, կա՞ նման միտում։ «Տնօրենի պաշտոնում՝ չեմ կարծում, բայց տնօրենը հետո արդեն իրեն գեղարվեստական ղեկավար կդներ, որովհետեւ Շմավոնի հետ մտերիմ ընկերներ են, իրար հետ են այդ հիմնադրամը ստեղծել, այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Կարեն Դուրգարյանն է»։

Արզումանյանը վստահ է, որ թատրոնի հիմնադրամն է կազմակերպել Օրբելյանի դեմ արշավները․ «Ամբողջն իրանք են արել, մարտի 28-ին դեռ ոչ մեկը ոչինչ չգիտեր, հիմնադրամն արդեն հաղորդագրություններ էր տարածում հատուկ իր նկարով (Շմավոն Գրիգորյանին նկատի ունի)։ Միանշանակ իր կազմակերպածն է, եւ ապատեղեկատվություն տարածելու 90 տոկոսն իրանցից է սկսվել, նա լկտի ելույթներ է ունենում Օրբելյանի հասցեին՝ մոռանալով, որ Դուրգարյանի ժամանակ ինքը ձեւակերպված է եղել ե՛ւ ֆագոտահարների կոնցերտմայստեր, ե՛ւ հիմնադրամի տնօրեն, ե՛ւ դիրիժորի ասիստենտ։ Հայրն էլ, որ թատրոնի փոխտնօրենն է եղել, որդուն անվճար դահլիճներ է տրամադրել, իրենց ասելով՝ աշխարհահռչակ երաժիշտների, որ հետո պարզվում է՝ մի դհոլահար է եղել, եւ աշխարհահռչակի մասին խոսք լինել չի կարող»։ 

Ինչպես նշում է Արզումանյանը, հիմնադրամի հաշվետվությունների մի մասը բացակայում է թատրոնից, եւ ինքն անձամբ տեղյակ չէ, թե հիմնադրամի միջոցներով Օպերայում կոնկրետ ինչն է վերանորոգվել․ «Ում ինչ հարցնում ես, ասում են՝ իրենք նման բան չեն արել։ Շատ անգամ են ռեմոնտի թուղթ ներկայացրել, թե ռեմոնտ են արել, դրանցից մեկում գրված է 10 մլն՝ սանհանգույցի եւ Օպերայի միջանցքի վերանորոգման համար, բայց այդ ընթացքում հաստատ նման բան չեն արել, իսկ հաջորդ տարի, երբ մանրահատակի ռեմոնտն է արվել, եւ արդյունքում 5 մլն է ծախսվել, այդ գումարներն Օպերան է ծախսել Արդշինբանկի հովանավորությամբ»։ 

Թատրոնի աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանն ընդգծում է՝ հիմնադրամն առանձին իրավաբանական կազմակերպություն է եւ որեւէ մեկին հաշվետու չէ․ «Ես թատրոնի հետ թղթաբանություն չունեմ»։ Նա չի ժխտում՝ բավականին շատ գումարներ են ստացել տարբեր հովանավորներից, բայց ուղղորդել են օպերային թատրոնին, ոչ թե «Օպերային թատրոն» ՊՈԱԿ-ին․ «Թղթերի մեջ նշված են ուղղորդման ձեւերը, կարող են աուդիտորական արդյունքները վերցնել, մանրամասն այնտեղ գրված է ամեն ինչ»։ 

Այն, որ հիմնադրամի հաշվետվությունների մի մասը բացակայում է թատրոնից, Գրիգորյանն ասում է, որ պարտավոր չեն հիմնադրամի հաշվետվությունները թատրոնում պահել, քանի որ ինքը թատրոնի ո՛չ հաշվապահության, ո՛չ էլ տնօրինության աշխատողը չէ․ «Իսկ այն, ինչ Կարինե Կիրակոսյանն է ասում, չեմ ժխտում, միգուցե որոշ թղթեր բացակայում են, քանի որ անպայման չէ, որ այդ թղթերն իրենք ունենան, եւ, այո, ՊՈԱԿ-ին որեւէ գումար հիմնադրամից չենք փոխանցել՝ որպես աջակցություն։ Բայց աջակցել եմ թատրոնի աշխատակիցներին, աջակցել եմ թատրոնի գույքի ձեռքբերման հարցում, իսկ որպես այդպիսին՝ գումար չեմ փոխանցել թատրոն ՊՈԱԿ-ի հաշվեհամարին, այդ հարցում չեմ սխալվել, փոխանցել եմ անմիջապես աշխատակիցների հաշվեհամարներին, տնօրենը գրությամբ ինձնից շինարարական նյութեր է ուզել, ես փոխանցել եմ շինարարական ընկերություններին, որոնք շինանյութը տրամադրել են թատրոնին։ Եթե աշխատակիցների մեջ կա մեկը, ով կարող է գալ ասել, որ իր հաշվին գումար չենք նստացրել՝ տնօրենի գրության համաձայն, ուրեմն մենք քննարկելու շատ բան կունենանք, բայց վստահ եմ, որ նման բան չի կարող լինել։ Իսկ թատրոնի տնօրենները 2014-ից առայսօր աջակցության նպատակով գրությունով դիմել են հիմնադրամին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն ցույց տալ այս-այս արտիստներին, եւ հիմնադրամն անմիջապես օգնություն է փոխանցել նրանց հաշվեհամարներին՝ տնօրենի գրության համաձայն»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հիմնադրամը շահագրգռված է թատրոն վերադարձնել Կարեն Դուրգարյանին, եւ Օրբելյանի դեմ արշավը հենց հիմնադրամն է կազմակերպում, Գրիգորյանն ասաց․ «Դուրգարյանին շահագրգռված է թատրոն վերադարձնել ողջ մշակութային դաշտը, հիմնադրամի անունը խառնել այդ ինտրիգների մեջ՝ ուղղակի թյուրիմացություն է»։ 

Իր՝ թատրոնի տնօրեն դառնալու մասին հավակնությունները որքանո՞վ են ճիշտ, Շմավոն Գրիգորյանը նկատում է, որ այդ լուրերը հերքել է հենց առաջին օրից։ «Դա ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է, որ ես հայտնվել եմ մամուլում՝ որպես տնօրենի հավակնորդ, ես չեմ հավակնում ոչ մի պաշտոնի»,- ասում է նա ու հավելում, որ հիմնադրամի անունից իրենք հաղորդագրություններ չեն տարածել․ «Անհնար է, որ հիմնադրամի անունից նման հաղորդագրություն տարածվի»։ 

Ինչ վերաբերում է Օրբելյանին, ապա Օրբելյանի հանդեպ իր կարծիքը հստակ հայտնել է եւ շարունակում է հայտնել․ «Թատրոնում ինքն իր տեղում չէ թե՛ որպես դիրիժոր, թե՛ որպես արտիստ։ Ես դա բարձրաձայն եմ ասել եւ եւս մեկ անգամ ասում եմ»։ Ի՞նչ նկատի ունի՝ ասելով «իր տեղում չէ»․ «Պրոֆեսիոնալիզմը, գլխավոր դիրիժոր լինելու համար, որի հաստիքը ինքը զբաղեցնում է, գոնե մեկ ներկայացում 3 տարվա գործունեության ընթացքում պետք է ղեկավարած լիներ, եթե չի ղեկավարել, չի պատրաստվում ղեկավարել, ուրեմն ինքն իր տեղում չէ»։ 

Նա համաձայն չէ, որ թատրոնի կոլեկտիվը բաժանվել է Օրբելյանին կողմ եւ դեմ խմբերի․ «Ուղղակի կան շատ տարբեր կարծիքներ այդ հարցի շուրջ։ Տնօրենի պաշտոնում պետք է լինի բավականին գիտելիքներով ու փորձառու մարդ»։