Իսկ դուք գիտեք, թե ինչպես կարելի է բարելավել հիշողությունը

Իսկ դուք գիտեք, թե ինչպես կարելի է բարելավել հիշողությունը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը, լինի դա տանը ֆիզիկական աշխատանք կատարելու կամ էլ զբոսանքների տեսքով, նպաստում է մարդու հիշողության եւ ուղեղի մյուս գործառույթների բարելավմանը։ Ընդ որում, դրական արդյունքը նկատելի է նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն տարիքով պայմանավորված դեմենցիա կամ վնասվածքներ։ Այս մասին գրում է EurekAlert!-ը։ Ըստ հրապարակման, գիտափորձին մասնակցել են 454 տարեցներ, որոնցից 191-ի մոտ առկա է եղել ուղեղի դեմենցիա։ Բոլոր կամավորները անցել են հատուկ ֆիզիկական կարողությունների գնահատման թեստ, ինչպես նաեւ ստուգվել է հիշողության վիճակը եւ մտածելու կարողությունը։ Ընդ որում, կամավորները համաձայնել են, որ պատրաստ են մահվանից հետո իրենց գլխուղեղը նվիրաբերել գիտությանը՝ հետազոտությունների համար։ Տեւական ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ մարդու ֆիզիկական ակտիվության եւ գլխուղեղի աշխատանքի, հատկապես՝ հիշողության միջեւ առկա է որոշակի կապ։ Այսպես, նրանք, ովքեր ավելի նստակյաց կյանք են վարում, արդեն տարեց հասակում ավելի հաճախ է հնարավոր, որ տառապեն տկարամտությամբ, ունենան խնդիրներ մտածողության եւ հիշողության հետ։ Իսկ ահա ֆիզիկական ակտիվությունը, ամենօրյա զբոսանքները եւ այլն, նվազեցնում են նույն խնդիրներն ունենալու հավանականությունը 31 տոկոսով։