Գյումրեցի «պապիկների ծեծի» գործով երեք երիտասարդներն ազատ կարձակվեն․ սահմանվել է գրավի չափ

Գյումրեցի «պապիկների ծեծի» գործով երեք երիտասարդներն ազատ կարձակվեն․ սահմանվել է գրավի չափ

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Դիմադրություն» շարժման երեք երիտասարդներ, ովքեր ձերբակալված էին գյումրեցի «պապիկներին» ծեծի ենթարկելու գործով, ազատ են արձակվելու գրավի դիմաց: Տեղեկությունը hraparak.am-ի  հետ զրույցում հաստատեց նաև գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը տղաներից յուրաքանչյուրի համար գրավի արժեք է սահմանել 15000000 ՀՀ  դրամ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ  հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ընդդիմադիրներն էլ միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, իրենց հասցեին տարեցները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել։ Գործով 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորվեցին: