Մարտի 23-ին կառավարությունը  քայլելու է․ մաքրել Հայաստանն աղբից

Մարտի 23-ին կառավարությունը  քայլելու է․ մաքրել Հայաստանն աղբից

Մարտի 23-ին լինելու է համապետական շաբաթօրյակ։ Այն ունի «Մաքրել Հայաստանն աղբից» կարգախոսը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարած տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, թե քանի որ դա հնարավոր չէ անել մեկ շաբաթօրյակի միջոցով, գործընթացը լինելու է շարունակական․ ամեն ամսվա մեկ օր լինելու է մաքրության օր։ Նպատակն է՝ ՀՀ քաղաքացուն հաղորդել գաղափարը և սովորեցնել նրան իր տան բակում, շքամուտքում չթողնել աղբ ու այն բարձրացնել։

«Անհրաժեշտ է, որ քաղաքացին գիտակցի, որ մեր տնից դուրս ևս հոգածության ենթակա տարածք գոյություն ունի։ Այսինքն՝ բոլորս հոգածությամբ ենք վերաբերվում մեր բնակարաններին, բայց դրանից դուրս պատկերն այլ է, բնակարանում տիրում է մաքրություն, դրանից դուրս՝ շքամուտքին, մեր քաղաքացին վերաբերվում է որպես օտար տարածքի»։ Շաբաթօրյակին մասնակցելու է 125-150 հազար քաղաքացի, այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվի 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ: «Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, և այնտեղ հնարավոր է թաքցնել աղբը»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունը նաև մտածողության հեղափոխություն էր, և այստեղ ևս կա կարծրատիպերի կոտրման խնդիր։ Սրա համար, ըստ նախարարի, պետք է հասկանալ, որ Հայաստանում յուրաքանչյուր ծառ, թուփ, այգի յուրաքանչյուրիս տարածքն է։ Այս պարագայում ունենալու ենք այլ իրողություն, այլ քաղաքներ ու համայանքներ։ Սա Հայաստանի Հանրապետության անձնագիրն է։ Անձամբ Պապիկյանը յուրաքանչյուր համայնք այցելելիս այնտեղ բնակվող քաղաքացու ինքնագիտակցության մակարդակի մասին պատկերացում է կազմում  համայնքի մաքրության աստիճանից։

«Երբ խոսում ենք, որ Հայաստանում կազատվենք աղբից, շատերն այստեղ հասկանում են լոկ բառեր։ Ոչ, այստեղ կա խոր իմաստ, և սրանից բխում է, որ քաղաքացին իրական իրավատեր է այն պարագայում, երբ Հայաստանի յուրաքանչյուր տարածքի նկատմամբ ունի հոգածություն»,- ասաց Պապիկյանը։

Նախարարի խոսքում մի փոքր երկիմաստություն կար, թե արդյոք խոսքը միայն ֆիզիկակա՞ն աղբի մասին է, թե՞ այլ «մատերիաների մասին»։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին լրանում է հեղափոխական թիմի՝ Գյումրուց սկսված քայլարշավի մեկ տարին։ Ինչպե՞ս են նշելու, լինելո՞ւ են միջոցառումներ։ Սուրեն Պապիկյանն անձամբ մարտի 31-ից մայիսի 8-ը մի օր նշելու է իր համար հեղափոխությունը, որտեղ, ինչպես, դեռ չգիտի կամ չի ասում։
«Դրան գնահատական և որոշակի հանրային վերաբերմունք պետք է, բայց այդ ամենը, իմ կարծիքով, պետք է հասունանա հանրության կողմից։ Եվ դրա հասունացման համար կարող է կառավարությունը քայլեր ձեռնարկել, կարող է՝ ոչ։ Այս պահին որևէ՝ թե ՛ ՔՕՊ-ի, թե՛ կառավարության կողմից չկա։ Եթե լինի, կհայտարարենք։ Ես կարծում եմ՝ քաղաքացին որևէ կերպ կարող է իր համար այդ օրը նշի, դա կլինի տոնի տեսքով, թե այլ կերպ, քննարկման խնդիր է»։