Մարությանը իր մտերիմին պաշտոնի նշանակեց․ նա նախկինում աշխատել է նախագահականում

Մարությանը իր մտերիմին պաշտոնի նշանակեց․ նա նախկինում աշխատել է նախագահականում

Օրեր առաջ մենք գրել էինք, որ Հայկ Մարությանը պատրաստվում է ոստիկանությունից Երեւանի քաղաքապետարան եկած Վահե Խաչատրյանին ազատել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ այնտեղ նշանակել իր եւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի վաղեմի մտերիմ Դավիթ Համբարյանին։


Այսօր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Դավիթ Համբարյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
Կարապետյանը Համբարյանի մասին մի քանի տեղեկություններ է հայտնել, թե սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն:


Բացի պաշտոնական տեղեկություններից, մենք ինֆորմացիա ենք ստացել, որ Դավիթ Համբարյանը նախկին իշխանության ժամանակ աշխատել է նախագահականում։ Նա նաեւ կապեր ունի Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հետ, ինչպես նաեւ ազգակից է Կենտրոնի փոխթաղապետերից մեկին։
Նշենք, որ ավելի վաղ Համբարյանը մեզ հետ զրույցում չէր պատասխանել ապագայում պաշտոն ստանալու հարցին, ասել էր, թե ազատ քաղաքացի է։
Ի դեպ, նախկին աշխատակազմի ղեկավարին Մարությանը տեղափոխել է թաղման բյուրո՝ որպես ղեկավար։