Դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

«Այսօր դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Պասկևիչյանը։

«Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։

Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա եւ այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները։

Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկայում, այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտքերով, գաղափարներով, առաջարկություններով օգնեցին ինձ այս երկուսուկես ամսվա ընթացքում։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ 500-ից ավել այն հեղինակներին, ովքեր հավատացին իմ առաջարկով ստեղծված գաղափարների բաց հարթակին եւ չզլացան ծառայեցնել իրենց մտավոր ներուժը հանրայինը հանրային դարձնելու գործին։

Ես էլ ձեզ եմ հավատում եւ հավաստիացնում եմ, որ մինչեւ վերջ պայքարելու եմ, որպեսզի արժեքավոր տասնյակ նախագծերն իրականություն դառնան։

Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք»,- գրել է նա։