«Կռուիզներ» շտապօգնության մեքենայով

«Կռուիզներ» շտապօգնության մեքենայով
Արսեն Թորոսյան

«Իմ քայլի» պատգամավորների հետ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը մեկուկես ժամ է տեւել, ինչից մասնակիցները դժգոհ են մնացել։ «Հենց սկզբից Մակունցն ասաց` ժամը 2-ին նախարարը պայմանավորվածություն ունի՝ գնալու է։ Մասնակցում էր մոտ 50 պատգամավոր, բոլորն էլ ձեռք բարձրացրին, հարցեր ունեինք, հնարավորություն չունեցանք տալու, մի 10 հարց հնչեց, հարցերի պատասխաններն էլ մասամբ պոպուլիստական էին, երբեմն` շոկային։

Ասենք` պատգամավորներից մեկն անդրադարձավ մի երեխայի հիվանդության պատմությանը, որ շատ դեպքերում ճիշտ դիագնոզ չեն դնում, ինչը հանգեցնում է ծանր հետեւանքների, մահվան։ Թորոսյանը՝ խիստ սառնասիրտ, թե՝ հա, կարող են եւ լինել մահվան դեպքեր, ես չեմ բացառում»,- պատմեց «Իմ քայլի» պատգամավորը: Թորոսյանն իր տարերքի մեջ է եղել, երբ բարձրացվել է ծխելու դեմ պայքարի հարցը, ոգեւորված պատմել է․ «Էս ենք անելու, էն ենք անելու»: Իսկ մարիխուանայից չհարցրի՞ք։ «Չէ, բայց սուր հարցեր հնչեցին. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չախեց նախարարին` մի քանի հարցերով, այդ թվում՝ իր ընտանեկան բիզնեսի։ Ասաց՝ խոսում էիք ինսուլտի անվճար բուժման ծրագրից, ծրագիրը լավն է, սակայն մեխանիզմ չկա։

Պիտի բուժեն ընդամենը 2 կենտրոնում՝ մեկում ԿՏ-ի ապարատը չի աշխատում, ինսուլտ ստացած մարդիկ օրերով սպասում են, իսկ ինսուլտի հետեւանքներն «այսրոպեական» են։ Արսենն ասաց` վերապատրաստումներ կանցկացնենք, մնացած հիվանդանոցներում էլ կլինեն։

Թագուհի Թովմասյանն ասաց` մարզերից շտապօգնության մեքենաները ինսուլտով հիվանդին բերում են, հիվանդանոցները չեն ընդունում, շտապօգնությունը ժամերով կռուիզ է անում Երեւանով մեկ, թե որտեղ տեղավորեն հիվանդին: Արսեն Թորոսյանը հեգնեց` ի՜նչ լավ նյութի վերնագիր է․ «Կռուիզ՝ շտապօգնության մեքենայով»»: Իրականում՝ հեգնանքի թեմա չէ սա, այդ «կռուիզների» ժամանակ երբեմն հիվանդներ են մահանում։ Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաեւ Դավիթ Սանասարյանի, Թորոսյանի կնոջ բիզնեսի, վարչապետի` այդ ամենին տեղյակ լինելու մասին։