Ստուգվողները սկսել են բողոքել

Ստուգվողները սկսել են բողոքել

Հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել են քաղաքացիների եւ կազմակերպությունների դատական հայցերն ընդդեմ ՀՀ պետեկամուտների կոմիտեի։ Եթե մինչեւ 2017 եւ 2018 թվականները դրանց թիվը տարեկան մոտ 400 էր կամ այս թվից 10-15 հայց ավելի կամ պակաս, ապա մոտ 350 գործ վարչական դատարան է մտել միայն 2019 թվականի 4 ամիսների ընթացքում։ Սա նշանակում է, որ հարկային մարմինների հետ վեճերի մեջ մտնող սուբյեկտների թիվը հեղափոխությունից հետո առնվազն երկուսուկես անգամ ավելի է։ ՊԵԿ որոշումներից դժգոհ կազմակերպությունները հիմնականում փոքր ու միջին ընկերություններ են, անհատ ձեռներեցներ։ Հայցվորների թվում հայտնի անուններ կան՝ «Երեւանի սննդի կոմբինատ»-ը, «Արարատ ցեմենտ» գործարանը, «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը։ Հարկային մարմնի որոշումները վիճարկում են  բենզագազալցակայաններ, «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ՍՊԸ-ները, որոնք, ըստ ակտերի, ցույց են տվել գազի պակաս իրացված ծավալներ։

«Գրի Արտ» ընկերությունն է դատի տվել կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությանը՝ պահանջելով վերացնել ստուգման ակտը։ Նույնիսկ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը՝ ՀԴՄ-ների ձեռքբերման մրցույթների վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից գաղտնի պահվելու համար։ 

Իսկ տուրիստական «Դի ընդ վի» ՍՊԸ-ի գրասենյակ նույնիսկ մարդ են ուղարկել, որը գործակալության աշխատակցին առաջարկել է ԱՄՆ դոլարով գործարք կատարել։ «Փորձել են դրդել, որ մենք արտարժույթ վերցնենք, մենք չենք ընդունել գումարը, որից հետո նրանք մեզ որոշեցին տուգանել արտաքին գովազդի համար, թե մենք ինչու ենք գովազդի հայտարարության մեջ գինը նշելիս գրում՝ դոլարի համարժեք դրամ,- պատմում է ընկերության սեփականատերերից Վահե Երիցյանը։- Դրանով մեզ որոշել են տուգանել, ինչը, ըստ մեր իրավաբանների, խախտում է։ Չպետք է նման բան անեին։ Մենք ստանում ենք հոթելի գին դոլարով եւ վաճառք կատարում ենք դրամով՝ նշելով ըստ օրվա կուրսի, որովհետեւ փոխարժեքը տատանվում է»։  

ՊԵԿ-ից դժգոհների թվում է «Էրնսթ ընդ յանգ» միջազգային ընկերությունը, որն աուդիտի, հարկային խորհրդատվության ծառայությունների մեր շուկայում է դեռեւս Սերժ Սարգսյանի ժամանակներից։ Անցյալ տարի ընկերությանը նույնիսկ Հայաստանի նախագահն էր ընդունել։ Այս ընկերությունն առաջին անգամ չէ հարկայինի տուգանային նստարանին հայտնվում։ 2014 թվականին ֆինանսների նախարարությունը «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտում էր ֆիքսել եւ «Էրնսթ ընդ յանգ» ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց  էր կիրառել նախազգուշացում եւ խախտումը վերացնելու հանձնարարական:

Ընկերությունից հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել, պարզաբանել, թե  ինչու են դիմել վարչական դատարան եւ ինչից են դժգոհ, արդյոք կրկին «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի խախտո՞ւմ է արձանագրվել։ Բայց մեզ պատասխանեցին, որ ցանկալի կլիներ, եթե իրենց անունը չհիշատակվեր։ Ի դեպ, ընկերությունը, որը հավակնություններ ունի Հայաստանում հարգանք վայելելու, անգամ մի մամուլի պատասխանատու չի պահում՝ «տեղացիների» հարցերին պատասխանելու համար։ ՊԵԿ-ից մեր հարցմանը պատասխանեցին, որ «Էրնսթ ընդ յանգ» ՓԲԸ-ն գտնում է, որ նոյեմբերին ընկերությունում կատարված հարկային ստուգման ակտը մասնակիորեն ենթակա է անվավեր ճանաչման։

«Ընկերությանն այս ակտով առաջադրվել է ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ վճարման պարտավորություն»,- ասվում է ՊԵԿ պատասխանում։ 

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը, որը նաեւ ՊԵԿ-ին կից հասարակական խորհրդի անդամ է եւ ներկա է լինում ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի նիստերին, իր տվյալներն է ներկայացնում․ «2017 թվականին 442 դիմում-բողոք է քննարկել ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը։ 2018 թվականին եղել է 882 դիմում՝ կրկնակի ավելի»։ Ինչի՞ց են բողոքում մեր քաղաքացիները, ինչո՞ւ են այս տարի շատացել ՊԵԿ-ի դեմ հայցերը։

Սա հարկայինի վատ աշխատանքի ցուցի՞չ է, թե՞ ՀՀ քաղաքացիները, որոնք նախկինում չէին համարձակվում դատարան դիմել ընդդեմ հարկայինի, հեղափոխությունից հետո ավելի «դուխով» են դարձել։ 

Փայլակ Թադեւոսյանը մի քանի գործոններ է ներկայացնում․ «2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որը բազմաթիվ խնդրահարույց դրույթներ  ուներ, որոնց մի մասը վերաբերում է միասնական հաշվի համակարգի կիրառմանը։ Բողոքների մի խումբը վերաբերում էր շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան բիզնեսի համակարգին անցնելու հայտարարությանը, որոնք քաղաքացիները մոռացել էին ներկայացնել մինչեւ փետրվարի 20-ը։ Դրանց հիմնական մասը հանձնաժողովի կողմից էր։ Դիմում-բողոքների հիմնական մասը չի բավարարվել իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Մի մեծ խումբ բողոքներ էլ  վերաբերում են ներմուծվող մեքենաների մաքսազերծման գներին։ Մեծ թվով վնասված մեքենաներ են բերվում ԱՄՆ-ից, որոնց ձեռքբերման փաստաթղթերում դրանց արժեքները չեն գերազանցում 500 ԱՄՆ դոլարը։ Բողոքների մյուս մասը վերաբերում է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտմանը եւ չգրանցված աշխատողների հայտնաբերմանը»։

Ըստ Փայլակ Թադեւոսյանի՝ 2018 թվականի մայիսից հետո շատացել են ՀԴՄ-ների եւ չգրանցված աշխատողների հետ կապված ստուգումները, ինչը բերել է նաեւ բողոքողների թվի ավելացման։ Ըստ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարի՝ 2018 թվականին 30 հազարից ավելի չգրանցված աշխատող է գրանցվել։ «Գործատուների մի մասը՝ կամավոր, մյուսները ստուգողական գործողությունների արդյունքում են աշխատակիցներին գրանցել, բայց հետո տեսել են, որ հարկերը կտրուկ ավելացել են, եւ սկսել են բողոքել»։ Փայլակ Թադեւոսյանը մի միտում է նշում, իր գնահատմամբ՝ վատ․ «Հարկայինը ստուգում է, արձանագրում է, որ ՀԴՄ չի տրամադրվել, հարկ վճարողը գալիս է, ասում է՝ բա հեղափոխությունը դրա համա՞ր էր»։